Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե էս քաղաքական ուժերն անում են ամեն ինչ Ռոբերտի վերադարձի համար, մենք միանշանակ դեմ ենք լինելու»

Սեպտեմբեր 15,2014 17:00

ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը հավաստիացնում է, որ ինքն ու Ռուբեն Գեւորգյանը միմյանց չեն հայհոյում

– Ամիսներ առաջ Ռուբեն Գեւորգյանի հետ սկսեցիք ազատամարտիկներին համախմբելու` «այլընտրանքային ԵԿՄ» ստեղծելու գործընթացը, հետո ի՞նչ եղավ, որ ձեր ճանապարհները բաժանվեցին: Դուք հիմնադրեցիք ու համակարգում եք «Ազատամարտի նվիրյալներ» միավորումը, Ռուբեն Գեւորգյանն էլ հայտարարեց, որ հիմնադրելու է «Երդվյալ ազատամարտիկների միությունը»: Խոսակցություններ են շրջանառվում, որ նեղ շրջանակում Դուք եւ Գեւորգյանը միմյանց հասցեին անգամ հայհոյանքներ եք հնչեցնում:

– Նման բան չկա: Ռուբեն Գեւորգյանի հետ մենք ընկերներ ենք՝ եւ մարտական, եւ կուսակցական: Մեր մեջ ոչ մի անձնական տարաձայնություն չկա: Մենք իրար տեսնելուց էլի ողջունում ենք, քաղցր բարեւում ենք: Ուղղակի էդ հարցում մեր տեսակետներն էին տարբեր:

– Ո՞րն է տեսակետների տարբերությունը:

– Իրա կազմակերպության տեսակետն իրենից հարցրեք, մերը` այսօր 42 հրամանատար արդեն, չնայած օրեցօր ավելանում են, հավաքվել ենք էն տղաներով, ովքեր իրոք պատերազմի ժամանակ եղել են առաջին գծում, իրանց հետեւից զորք են տարել, պատերազմ են հաղթել, իրոք լեգենդար հրամանատարներ են, հավաքվել են` իմանալով, տեսնելով էսօրվա իրավիճակը: Մեր գործը, կարելի է ասել, կիսատ ենք թողել: Ազատագրեցինք երկիրը, Ղարաբաղը, պահեցինք, պաշտպանեցինք մեր սահմանները, մեր հողն ու ջուրը, մեր նամուս-թասիբը, բայց էսօր իշխանությունները ժողովրդին հասցրել են էն աստիճանի, որը որ անթույլատրելի է հանդուրժել: Մեր ծրագիրն է` կանգնել ժողովրդի կողքին եւ էս իրավիճակում պաշտպանել ժողովրդին:

– Կազմակերպության հիմնադիր համագումարում հայտարարել էիք, որ կանգնելու եք քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», ուժերի կողքին:
Կազմակերպությանը Գագիկ Ծառուկյա՞նն է ֆինանսավորում: Համենայնդեպս, խոսակցություններ են շրջանառվում, որ մեծ գումարներ են ներդրվել:

– Մեզ ֆինանսավորում չկա: Մենք ինքներս ենք մեզ ֆինանսավորում: Լուրջ ֆինանսական ծախսեր էլ չունենք: Լինում են տղաներ, որոնք հիվանդ են, բուժման խնդիր ունեն, լուրջ աջակցության կարիք կա, բայց կան անհատ բժիշկներ, որոնք ինքնակամ պատրաստակամություն են հայտնել մեր տղաներին անվճար սպասարկելու: Էլի նման մարդիկ կան, որ տեսնելով մեր ծրագիրն ու նպատակները, իրենք էլ այս երկրի հոգսով ապրող մարդիկ են ու պատրաստ են մեր կողքին լինելու:

– Իսկ ինչո՞ւ եք հենց քառյակի ուժերի կողքին կանգնում:

– Ոչ միայն քառյակի: Ոչ թե քառյակի կողքին ենք, այլ ժողովրդի: Ուղղակի մենք հայտարարել ենք, որ քառյակը ժամկետ է տվել իշխանություններին, որպեսզի ուշքի գան, խելքի գան ու կանգնեն ժողովրդի կողքին: Մենք էդ ժամկետի տերն ենք:

– Եթե իշխանությունն ուշքի չեկավ` հետո ի՞նչ է լինելու:

– Հետո… դե, բնական ա՝ կմշակվեն արդեն ծրագրեր, թե ինչ ենք անելու: Բնական ա, որ հավաքելու ենք ազգը, ժողովրդին… հավաքելուն ո՞րն ա, հավաքված են արդեն:

– Ձեր գործողությունները պայմանավորված կամ համաձայնեցված են լինելու նաեւ քառյակի՞ հետ:

– Մենք համագործակցելու ենք բոլոր ուժերի հետ, ովքեր այսօր պատրաստ են այս իշխանություններին ուշքի բերել: Բոլորի հետ համագործակցելու ենք` լինի հասարակական կազմակերպություն, թե քաղաքական կուսակցություն: Էս իշխանությունները եթե դեմքով կշրջվեն դեպի ժողովուրդը` թող աշխատեն, խնդիր չկա, մենք էլ տեր կկանգնենք, մենք էլ կողքներին կլինենք, թող ժողովրդին տեր կանգնեն: Իսկ եթե ոչ` պիտի հրաժարական տան:

– ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը մեր թերթին տված հարցազրույցում անդրադառնալով ձեր հիմնադրած կազմակերպությանը վերաբերող հարցին՝ ասել էր, թե հրամանատարները ազգի ու պետության կողքին են կանգնում, ոչ թե քաղաքական ուժերի…

– Իհարկե, ազգի ու պետության, ոչ՝ իշխանությունների, ժողովրդի կողքին են կանգնում հրամանատարները: Ազգն ու պետությունն այլ հասկացողություններ են, իշխանությունները` այլ:

– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում չէր բացառել, որ հանգամանքների բերումով նորից կարող է հավակնել իշխանության: Նրա վերադարձին ո՞նց եք նայում, Ռոբերտ Քոչարյանի հետ է՞լ կհամագործակցեք:

– Ես նման ծրագիր չեմ տեսնում` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված, ու եթե հանկարծ էս քաղաքական ուժերն անում են ամեն ինչ Ռոբերտի վերադարձի համար` մենք միանշանակ դեմ ենք լինելու:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930