Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այլեւս նախագա՞հ չէ Ծառուկյանի համար

Սեպտեմբեր 15,2014 16:30

«Թեժ աշունը» մտնում է իրավասությունների մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ծավալուն հարցազրույցով՝ Zham.am կայքում:

Այս անգամ հարցազրույցում տեղ գտած գնահատականներն էապես տարբերվում են Ծառուկյանի նախորդ ելույթների բառապաշարից: Օրինակ` երկու անգամ հիշատակելով Սերժ Սարգսյանի անունը` Ծառուկյանը չի նշել «նախագահ» բառը: Արմատական ընդդիմություն դառնալու ճանապարհին սա, իսկապես, կարեւոր քայլ է եւ, վստահաբար, պատահականություն չէ:

Ընդհանուր առմամբ հարցազրույցում թեեւ պահպանվում է հանդարտությունը, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն այս անգամ փորձել է հնարավորինս խիստ երեւալ եւ իշխանությունների գործելաոճի անթույլատրելիությունն ավելի ցայտուն ընդգծել:
Չինաստան կատարած իր այցով տպավորված եւ ոգեւորված չինական տնտեսության զարգացման տեմպերով՝ Ծառուկյանը վստահեցնում է, թե կարող է «կապող օղակ» դառնալ չինացի գործարարների եւ հայ գործարարների միջեւ «ցանկացած ոլորտում»՝ իհարկե, «չհետապնդելով անձնական շահ»: Թե ինչպես է ընդդիմադիր գործիչը կարողանալու ապահովել օրինակ` չինական ներդրումների իրականացումը Հայաստանում, պարզ չէ: Բայց կարելի է ենթադրել, որ չինական օրինակով Հայաստանի զարգացումը նա տեսնում է հենց իր ղեկավարման դեպքում, քանի որ նա մի քանի անգամ ընդգծում է գործող իշխանությունների անկարողությունը տարբեր խնդիրներում:

Առհասարակ, հետաքրքիր է Չինաստանի օրինակի համեմատությունը Հայաստանի հետ: Ծառուկյանը որպես օրինակ չի բերում քաղաքակիրթ եվրոպական այլ երկրներին, որտեղ նույնպես բիզնեսը, այսպես ասած, օրինական դաշտում է գործում, իշխանությունները չեն հանդուրժում մենաշնորհները տնտեսություն մեջ ու օլիգարխների առկայությունը:
Հայաստանի տնտեսության խնդիրներով մտահոգ՝ Ծառուկյանը չի շոշափում մի շատ կարեւոր թեմա, որը Հայաստանի տնտեսության եւ Հայաստանի հասարակության վրա կոնկրետ ազդեցություն է ունենալու: Հայաստանի` Եվրասիական միության անդամակցության հարցը որոշվելու է հոկտեմբերի 10-ին, եւ եթե Հայաստանն ի վերջո անդամակցում է այս կառույցին, ապա իրեն հարգող ցանկացած քաղաքական ուժի ղեկավար պետք է անկողմնակալ գնահատի, թե Հայաստանը ինչ է շահելու այս կառույցում հայտնվելու դեպքում, այն էլ, երբ Արեւմուտքի կողմից Ռուսաստանը ենթարկվում է շարունակական պատժամիջոցների: Ամենամակերեսային ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանին սպասվում է սպառողական մի շարք ապրանքների թանկացում: Հետեւաբար իշխանության սխալները տեսնող, երկրի բոլոր խնդիրները պատկերացնող կուսակցության ղեկավարը պետք է առնվազն իշխանություններին կոչ անի հետ կանգնել Հայաստանի հասարակությանը նոր վտանգներ խոստացող կառույցի անդամակցությունից կամ գոնե առայժմ սառեցնի այդ գործընթացը:

Սակայն ոչ իշխանական ուժերի՝ բացառությամբ «Ժառանգության» որոշ ներկայացուցիչների, դիրքորոշումը, ավելի ճիշտ` «խորհրդավոր լռությունը» միանգամայն հասկանալի է: Ռուսաստանին առնչվող ցանկացած երեւույթի մասին գործում է «լավ կամ ոչինչ» բանաձեւը: Ավելին՝ «Հրաշալի քառյակը», կարծես, առաջիկա հանրահավաքի անցկացման օրվա հետ կապված էլ որոշակի «ճարպկություն» է դրսեւորում: Նրանք, հավանաբար, հանրահավաք կանցկացնեն հոկտեմբերի 10-ից հետո, որպեսզի պոստ-ֆակտում անցած-գնացած հարցի վրա իզուր ժամանակ չկորցնեն:

Այսպես, ԲՀԿ ղեկավարը վերջին հարցազրույցում նկատում է, որ Հայաստանում ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ, եւ հավելում է, որ տեսնում է երկրի խնդիրները եւ պատրաստ է դրանք լուծել երկրի եւ ժողովրդի համար: «Բայց ես երբեք չեմ մտել եւ չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առեւտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում»,- ասում է Ծառուկյանն ու կրկին հիշեցնում, որ չի հետապնդում որեւէ անձնական շահ եւ իշխանություն չի ուզում, որ «փող աշխատի», հարստություն դիզի, բարեկամներին աշխատանքի տեղավորի: Ծառուկյանը, հավանաբար, ակնարկում է իշխանությունների կողմից իրեն գործարքներ առաջարկելու մասին եւ սրանով իսկ ի ցույց է դնում քաղաքական իր ավելի մեծ ամբիցիաները:

Ծառուկյանի հարցազրույցը առավելապես նախագահի թեկնածուի ելույթի է նման, քան «թեժ աշնան» մեկնարկի համար անհրաժեշտ հրապարակային ելույթի: Նա արձանագրում է, որ գիտի մեր երկրի խնդիրները, փայլուն գիտի մեր երկրի տնտեսությունը ու լավ է պատկերացնում ժողովրդի հիմնական խնդիրները. «Եվ վերջապես` ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել»: Սահմանադրական փոփոխությունների թեմայի շուրջ նրա խոսքն ավելի կտրուկ է: Նա նշում է, թե Սահմանադրությունը լուրջ խնդիր է, եւ «սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել» դրանց քննարկման շուրջ:

Ուշագրավ է, որ Ծառուկյանն ընդգծված շեշտում է Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների նկատմամբ իր հարգանքը, ինչը չի նկատվում գործող նախագահի դեպքում, թեեւ նա նշում է, որ ինչպես առաջին եւ երկրորդ նախագահներին, այնպես էլ Սերժ Սարգսյանին է հանդիպում` անհրաժեշտության դեպքում: «Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետեւից խոսեն: Ես ուզում եմ՝ մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա»,- բացատրում է ԲՀԿ ղեկավարը:

Այս տոնայնությամբ հարցազրույցի պայմաններում մնում է անպատասխան մեկ հարց` ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չի ներկայացնում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հետաքրքիր է կա* մի հայաստանցի, որ էդ տանիքից տուն մտածին նախագահի տեղ դներ:Ախր էս ազգի վերջից առաջինն է:էդ տեսակ հարսներ են լինոյմ, տանիքից ընկնում են ու վայ չփրկվողին:Ախր զրոն առանց թվի ինչ թիվ է…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930