Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տիգրան Մելիքյանը արդեն 10 օր գտնվում է հացադուլի մեջ

Սեպտեմբեր 15,2014 12:49

Հաղորդագրություն ՀՀ Շիրակի մարզի դատախազ Արմեն Շիրոյանին

Մարդիկ հավասար են անկախ ամեն ինչից, նրանք ունեն միանման իրավունքներ ու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու իրավունք:

Հավասար իրավունքների մասին այս սկզբունքը, կարծես մոռացվել կամ չի էլ եղել Հայաստանի արդարադատության համակարգում: Այստեղ անձը դատապարտվելով ազատազրկման, անկախ այն հանգամանքից մեղավոր է, թե՝ ոչ, զրկվում է բոլոր իրավունքներից կամ իրավունքների մեծամասնությունից, կարծես նրա մասին մոռանում են, դրա հետ միասին մոռանալով նրա խնդիրների մասին: Իր խնդիրը լսելի դարձնելու համար, պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու նպատակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տիգրան Մելիքյանը արդեն 10 օր գտնվում է հացադուլի մեջ: Տիգրան Մելիքյանը սկսելով հացադուլ հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել դատարանում իր մեղադրանքը պաշտպանող դատախազ, ներկայումս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա. Շիրոյանին և այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի դատախազություն: 2014 թ. սեպտեմբերի 12-ին Տիգրան Մելիքյանն ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, քանի որ արդեն 7 օր նրա հացադուլին և դիմումին ոչ ոք չի արձագանքել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները փորձել են կապ հաստատել դատախազ Ա. Շիրոյանի հետ, տեղեկացնելու կամ տեղեկանալու արդյոք նա տեղյակ է Տիգրան Մելիքյանի դիմումի մասին: Ամբողջ օրվա ընթացքում Ա. Շիրոյանի գործավարուհին հայտնել է, որ նա զբաղված է և չի կարող պատասխանել հեռախոսազանգին, և պատասխանելով իրավաբանի վերջին զանգին հայտնել է, որ դատախազը կարգադրել է, որ հեռախոսազանգերին չի ցանկանում պատասխանել: Այսպիսով, դատախազ Ա. Շիրոյանն աշխատանքային ժամին հրաժարվել է պատասխանել ՀՀ քաղաքացու կյանքի և մահվան խնդրին վերաբերվող հարցով հեռախոսազանգին: Միթե այսպիսի աշխատանք կատարող դատախազներին է վստահվում ՀՀ քաղաքացիների արդարադատությունն ու անվտանգությունը: Դատախազության նամակների բաժնում այնպիսի «օրինապահ» մասնագետներ են աշխատում, որ նույնիսկ դիմումը ստանալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար գրավոր հարցում են պահանջում: Մինչ դատախազությունում խուսափում են խնդիրներից ու իրենց պարտականությունների կատարումից, Տիգրան Մելիքյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է: Նրա հայրն արդեն մեկ անգամ քաղաքացիական հիվանդանոցից բժիշկ է հրավիրել՝ զննելու որդուն: Բժիշկը հայտնել է, որ Տ. Մելիքյանի առողջական վիճակն անհամատեղելի է հացադուլի հետ: Այսպիսով, ՀՀ քաղաքացին 10 օր է հացադուլի մեջ է, սակայն պատկան մարմիններից ոչ մեկը նրա խնդրի վրա ուշադրություն չի դարձնում: Պարոն Շիրոյան և Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հույս ենք հայտնում, որ կկարդաք այս հոդվածն ու որևէ կերպ կարձագանքեք Տիգրան Մելիքյանի դիմումին:

Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930