Ոլորտի օրենսդրական փաթեթի ընդունումը ձգձգում են,
մինչդեռ այն կարող է օգնել, արտագաղթողներին էլ՝ կանգնեցնել
«ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքների փաթեթն այս շաբաթ էլ կառավարության նիստին չընդունվեց. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ բան դուր չեկավ, կարգադրեց այն վերանայել: Իսկ ՏՏ ոլորտի մասնագետ, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը գտնում է, որ այդ օրենքը դեռ 15 տարի առաջ էր պետք ընդունել, չնայած 15 տարի այս օրենքի նախագիծը չի եղել, բայց նման մի բան պետք էր անել:
Կառավարության ներկայացրած այս նախագիծը նախատեսում է ՏՏ ոլորտի սկսնակ ձեռներեցների եկամտային հարկը սահմանել 10%, շահութահարկը՝ 0%՝ 6 տարի ժամկետով: Կառավարության նիստին այս 6 տարին վարչապետին մի տեսակ անհասկանալի թվաց, ու էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից փորձեց պարզել, նախարարն էլ նշեց, որ այն ընկերությունները, որոնք մինչ այդ ժամկետը կհավաստագրվեն, կստանան արտոնություն, որից հետո կդադարեցվի հավաստագրումը: Սպասվում էր, որ նիստում նախագիծը կհաստատվի ու կուղարկվի Ազգային ժողով, բայց վարչապետը կարգադրեց վերանայել այդ 6 տարին: Այս փաթեթն արդեն մի անգամ ներկայացվել է ԱԺ, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր. մինչ ԱԺ ուղարկելը՝ կառավարության այս տարվա մարտի 3-ի նիստին Տիգրան Սարգսյանը փաթեթի մասին ասել էր. «Ուզում եմ շեշտել, որ այս խնդիրը քննարկվել է նաեւ հանրապետության նախագահի մոտ եւ արժանացել է նախագահի հավանությանը, քանի որ այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն»: Նախկին վարչապետը սպասում էր, որ իր սիրելի ոլորտին վերաբերող փաթեթը ԱԺ-ն կընդունի, բայց՝ ոչ, ընդդիմությունը բոյկոտեց, ու փաթեթը հետ ուղարկվեց:
Փաթեթը պետք է, որքան հնարավոր է, շուտ ընդունել՝ «Առավոտի» հետ զրույցում ասում է Կարեն Վարդանյանը, հավելելով՝ նախ՝ ընդունենք, տեսնենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, հետո՝ հետեւենք, թե ինչ պետք է փոխվի, որպեսզի ավելի արդյունավետ աշխատի: ՏՏ ոլորտի փորձագետն ասում է, որ տնտեսության ՏՏ ոլորտի ուժեղ կողմերը պետք է ճիշտ օգտագործել, այն պետք է կապել օրենսդրության հետ՝ ինչպես խրախուսել, որ ոլորտը զարգանա. «Մենք փորձ չենք ունեցել տեխնոլոգիական ոլորտը խրախուսելու, սա առաջինն է, եկեք փորձենք, կարող է պարզվի, որ խրախուսող օրենքը պետք է տարածել նաեւ լազերային տեխնոլոգիաների, բիոինժեներիայի եւ այլ նման ոլորտների վրա: Չպետք է օրենքի թեզերի վրա կենտրոնանալ, խնդիրն է այն է, որ պետությունը մոտենա ոչ թե ֆիսկալ տեսակետից, այսինքն՝ դնենք՝ մորթենք, ասենք՝ եղած կթվող կովի ոտքն էլ պոկենք, այլ օգնենք»:
Օրենքը գոնե աշխատատեղեր կստեղծի՝ մեր այս դիտարկմանը պարոն Վարդանյանը հակադարձում է. «Այս օրենքը «գոնե»-ով ապրողների համար չէ, սա «դուխով», ամբիցիաներով ապրող մարդկանց համար է նախատեսված: Այսպես ասեմ՝ արջը որ գնում է ձմեռման, նա յուղ է հավաքում, որ ամբողջ ձմեռը դիմանա, հիմա օրենքը ապահովում է, որ մի փոքր ժամանակ թողնեն՝ ընկերությունը յուղ հավաքի, որպեսզի կարողանա զարգանալ: Հիմա եթե անգամ եղած յուղն էլ վրայից քերեն, ինքը կդառնա փոքր, առանց այդ էլ մեր ընկերությունները փոքր են, միջին ձեռնարկություններն առավելագույնը 20 աշխատատեղ ունեն, հիմնականում՝ 12-15, կա 500 նման ձեռնարկություն: Սա նշանակում է՝ անընդհատ «յուղը» քերել են, չեն թողել զարգանա: Օրենքն ասում է՝ թողեք «յուղ» հավաքենք ու զարգանանք»:
Կարդացեք նաև
Ի վերջո՝ այս օրենքը զարգացման շղթայական արձագանք կունենա. Կարեն Վարդանյանն ասում է, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ ՏՏ ոլորտում 1 աշխատատեղ ստեղծելը առնվազն լրացուցիչ 7-9 աշխատատեղ է ստեղծում այլ ոլորտներում. «Որովհետեւ, բացի նրանից, որ բարձր վարձատրվող է, նաեւ այլ ոլորտներին պատվեր է տալիս, բարձր վարձատրվող աշխատողը գնում է բժշկի, տաքսի է նստում, հիփոթեք է գրվում, գնումներ է անում. սա աշխուժություն կմտցնի շուկաներում: Եթե ասում են՝ մեզ մոտ ենթակառուցվածքներն ապահովված չեն դրա համար, դե, թող մեզ մոտ էլ 3 լրացուցիչ աշխատատեղ ապահովվի, էլի լավ է»:
Երբ ամիսներ առաջ այս փաթեթը քննարկվում էր, կարծիքներ հնչեցին, որ խոշոր ընկերությունները կարող են տրոհվել, դառնալ մանր ու սկսնակ ձեւակերպվել, որպեսզի հարկային արտոնություններից օգտվեն: Այս կարծիքին չի համաձայնվում ՏՏ փորձագետը, բացառում է, որ որեւէ լուրջ ու խոշոր ՏՏ ընկերություն եկամտային հարկի 10%-ի համար տրոհվի. «Հակառակը՝ այս ոլորտի ընկերությունները ձգտում են խոշորանալ, որպեսզի ավելի խոշոր պրոյեկտներ անեն»:
Նախկին կառավարության անդամները վստահեցրել էին, որ օրենքը թույլ կտա տարեկան 40-60 նոր ընկերություն հիմնադրվի, Կարեն Վարդանյանն ասում է՝ համեստ թվեր են նշել, տարեկան ամենաքիչը 100 նոր ընկերություն կարող է բացվել:
«Դեմ եմ»-ի անդամների մեծ մասը հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներ էին, որոնք բողոքի ակցիաների ժամանակ սպառնում էին, որ կլքեն Հայաստանը, ու առանց այս սպառնալիքների էլ Հայաստանից ուղեղների արտահոսքը մտահոգիչ է եղել: Օրենսդրական փաթեթի ընդունումն արդյոք ինչ-որ չափով կմեղմի՞ այս ոլորտի մասնագետների արտագաղթը՝ «Առավոտի» այս հարցին էլ պարոն Վարդանյանն ասում է. «Դա ուրիշ պայքար էր, մարդիկ չեն ուզում թույլ տալ, որ ինչ-որ կազմակերպություն մտնի իրենց գրպանը: Մեզ մոտ ուղեղների արտահոսքը մեծ չէ, կարելի է ասել՝ չկա: Կա մասնագետների 3% բնական շարժ. սա ամբողջ աշխարհում կա: Բայց այլ խնդիր է, որ 8-10 տարվա լավ մասնագետներն են մտնում այդ 3%-ի մեջ, հնարավոր է՝ օրենքը այս մարդկանց գնալը կանխի, որովհետեւ նրանք գնում են հիմնականում մասնագիտական աճի համար: Այս օրենքով հնարավորություն կունենան այստեղ աճել, սեփական ձեռնարկությունն ունենալ: Արտագաղթի կառուցվածքը կփոխվի, տոկոսը չեմ կարծում, թե փոխվի»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.09.2014