Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոններին արժանավայել դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2014 12:07

Այսօր առավոտյան հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Տաշքենդ-Սոչի-Երեւան չվերթով վերադարձավ Երեւան:

«Զվարթնոց» օդանավակայանում 56 երկրների մրցապայքարում թիմային 5-րդ տեղը նվաճած մեր ընտրանուն, որի կազմում են նաեւ աշխարհի երկու չեմպիոնները` գյումրեցիներ, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, դիմավորեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ եւ լրագրողներ:
Կազմակերպվել էր չեմպիոններին արժանի դիմավորում:

Գաբրիել Ղազարյանը, Սամվել Բալասանյանը եւ Հովհաննես Սոֆոյանը դափնեպսակներ դրեցին չեմպիոնների եւ մարզիչների ուսերին, որից հետո այլեւս դժվար էր հերոսներին «խլել» հարազատների, ընկերների ու երկրպագուների գրկից:

Aleksanyan_5 Aleksanyan_4 Aleksanyan_3 Aleksanyan_2 Aleksanyan_1

Aravot.am-ի հետ զրույցում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ասաց. «Իսկական համազգային տոն է, երբ տարածքով փոքրիկ մեր երկիրը աշխարհի հզորագույն տերությունների հետ մրցագորգի վրա պայքարում ցուցադրում է իր առավելությունը` ութ քաշային կարգերից երկուսում հաղթելով բոլորին: Մենք երրորդ մեդալին էլ էինք շատ մոտ, եթե 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը ոտքը չվնասեր: Խորհրդանշական է, որ մեր մարզական աշխարհում 13 թիվը կոտրվեց: Մենք հունահռոմեական ըմբշամարտում 13 տարի աշխարհի չեմպիոն չէինք ունեցել եւ հիմա միանգամից երկուսն ունեցանք: Սա մեզ հույս ու համոզմունք է տալիս, որ Ռիո դե Ժանեյրոյում էլ 13-ի սահմանագիծը կհաղթահարվի. նկատի ունեմ մեր 13 օլիմպիական չեմպիոններին:

Շնորհավորում եմ մեր չեմպիոններին, մարզիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս փառահեղ նվաճման գործում, մարզասերներին, ամբողջ հայ ժողովրդին»:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հավելեց. «Սրանից ավելի ի՞նչ հաճելի բան կարող է լինել: Ասում են, թե Գյումրին կրիմինալ քաղաք է դարձել: Բայց իսկական Գյումրին այ սա է` սպորտի, արվեստների ու արհեստների մայրաքաղաք: Մեր քաղաքը շարունակում է աշխարհի չեմպիոններ տալ: Այսօր Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանն իսկական հպարտություն են ներարկել ոչ միայն գյումրեցիների, այլեւ հանրապետության ողջ ազգաբնակչության, համայն հայության սրտերում: Բազմաթիվ գյումրեցիներ եկել են օդանավակայան` չեմպիոններին արժանավայել դիմավորելու: Այստեղից բոլորս միասին գնալու ենք Գյումրի: Ճանապարհին մարդիկ սեղաններ են գցել ու անհամբեր սպասում են: Չնայած այսօր Մեռելոց է, բայց մենք Գյումրիի հրապարակում մեծարման միջոցառում ենք կազմակերպել: Ամբողջ քաղաքն այնտեղ է լինելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930