Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դժվար կյանք Հայաստանում. լեսբիների 70%-ի վրա թքել են, 61%-ին`հայհոյել, իսկ 24%-ին` բռունցքով հարվածել

Սեպտեմբեր 15,2014 11:25

Երբ տարիներ առաջ մի լեսբիի եղբոր ընկերները վեց հոգով բռնաբարեցին, նա ոչ միայն չկարողացավ պայքարել ու օրենքով պատժել բռնարարներին, այլև ինքնասպանության եզրին հասնելով, մի կերպ լքեց Հայաստանը:

Նա անկեղծացել էր ու ընտանիքին պատմել իր սեռական կողմնորոշման մասին, եղբայրը` չկարողանալով «մարսել» իրականությունը, պատմել էր իր ընկերներին, որոնք էլ հերթական կերուխումից հետո՝ հարբած վիճակում բռնաբարել էին:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓՒՆՔ) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանն ասում է, որ գոյություն ունի միջազգային եզր՝ «ուղղիչ բռնաբարություն», երբ տղամարդիկ մտածում են, թե աղջիկը «նորմալ» տղամարդ չի տեսել, և դա է պատճառը, որ նրանք լեսբի են դառնում, ու որոշելով դառնալ աղջկա «փրկիչը», բռնաբարում են՝ մտածելով, թե նա կուղղվի ու կդառնա հետերոսեքսուալ:

_-------------

Այսպիսի վերաբերմունք, ըստ Հովսեփյանի, առկա է նաև Հայաստանում, որն էլ հաճախ կիրառում են գործատուները լեսբիին ընկալելով որպես սեռական օբյեկտ:

«Տղամարդ գործատուները լեսբիներին լուրջ չեն վերաբերում,- ասում է Հովսեփյանը,- եթե տղամարդկանց հարցում լրջությունն այնքանով է, որ նրանք չեն կարողանում համակերպվել, թե ինչպես իրենց նման առնական կերպարը չի համապատասխանում իրենց պատկերացրած ստանդարտներին, ապա կին նույնասեռականների նկատմամբ առկա է ավելի անլուրջ վերաբերմունք»:

Ըստ «ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում. Այլընտրանքային զեկույցի»՝ կնոջ ավանդական դերի վերաբերյալ հասարակության ընկալման պատճառով, ոչ ավանդական սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնություն ունեցող կանայք մեծապես մեկուսացված են նույնիսկ այն հասարակական կազմակերպություններից, որոնք զբաղվում են նույնասեռական և երկսեռական անձանց խնդիրներով:

«Լեսբի կանանց փորձը ցույց է տալիս, որ վերջիններս հաճախ են հետապնդվում իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով: Նրանցից 61%-ին վերբալ վիրավորանքներ են հասցվել, 31%-ի նկատմամբ բռնություն է իրականացվել, իսկ 37%-ի անձնական գույքին վնաս է հասցվել կամ ոչնչացվել է: Դեռ ավելին, այս կանանց 70%-ի վրա թքել են, իսկ 24%-ին բռունցքով հարվածել և ծեծի են ենթարկել իրենց սեռական կողմնորոշման պատճառով: Հարցված կանանց 79%-ը կարծում են, որ իրենց սեռական կողմնորոշումն է պատճառ հանդիսացել նման գործողությունների համար»,- ասված է զեկույցում:

Լեսբիներն առավել մեծ թիրախ են դառնում գործատուների կողմից, թեպետ աշխատանքային իրավունքների ոլորտը Հայաստանում ամենաթերիներից մեկն է, սակայն այն առավել զգայուն է հենց ԼԳԲՏ համայնքի համար, որովհետև նրանք՝ սեռական այլ կողմնորոշման համար ենթարկվելով խտրականության, ավելի քիչ են պաշտպանված աշխատանքային իրավունքների հարցում:

Համայնքում, թերևս, ավելի տուժում են հենց լեսբիները: Նրանք իրենց խնդիրները հիմնականում կապում են կին լինելու հետ, որի պատճառով ենթարկվում են կրկնակի խտրականության, նախ՝ կին, ապա՝ լեսբի լինելու համար:

30-ամյա լուսանկարչուհի մի լեսբի, ով հայտնի է Օկեան անունով, գրեթե երբեք չի կարողացել աշխատանք գտնել միայն իր արտաքինի պատճառով, որը մատնում է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Օկեանի համար աշխատանք ունենալը շատ կարևոր էր, որովհետև նա ապրում էր ընկերների ու բարեկամների օգնությամբ: Նա ի վերջո, երկու տարի առաջ իր ընկերուհու հետ հեռացավ երկրից:

Հովսեփյանն ասում է, որ, թեպետ, աշխատանքային զբաղվածությունը Հայաստանում մեծ խնդիր է, այդուհանդերձ, ԼԳԲՏ համայնքի՝ երկիրը լքելու առաջնային պատճառը գործազրկությունը չէ, այլ՝ խտրականությունը: Ի դեպ, DIY փաբի պայթեցումից հետո ԼԳԲՏ անձանց արտահոսքը երկրից դարձյալ շատացավ, չնայած որոշ ժամանակ կանգ էր առել:

«Անհատական խոսակցություններում ասում են, որ նախընտրում են Ռուսաստանը, թեպետ այնտեղ շատ ավելի վատ պայմաններ են ստեղծված ԼԳԲՏ համայնքի համար օրենքի ու հասարակական վերաբերմունքի առումով, բայց, միևնույն է մարդիկ գերադասում են գնալ, քանի որ այնտեղ ոչ ոք նրանց չի ճանաչում»,- ասում է նա:

Տարածված կարծիք կա, որ ԼԲԳՏ անձինք ավելի շատ աշխատում են հասարակական սպասարկման ոլորտում՝ ռեստորաններ, բարեր, վարսավիրանոցներ, խանութներ և այլն, սակայն Հովսեփյանի կարծիքով դա այդքան էլ այդպես չէ, և համայնքի անդամները ներկայացված են հանրության ամենատարբեր շերտերում, այդ թվում նաև՝ իշխանության մեջ:

«Պարզապես սպասարկման ոլորտի աշխատողներն ավելի տեսանելի են, որովհետև մենք շատ ենք լինում հասարակական վայրերում, և բացի այդ դա այն ոլորտն է, որտեղ նրանք համեմատաբար ազատ են զգում,- մեկնաբանում է նա,- բայց մենք ամեն օր բանկ կամ հիվանդանոց չենք գնում, դրա համար չենք տեսնում, որ կան բազմաթիվ գեյ բժիշկներ կամ բանկային ոլորտի մասնագետներ»:

Հովսեփյանի խոսքով՝ բժշկական ոլորտում կայացած մարդիկ կան, որոնք լավագույնների ու վստահելիների թվում են, ու նրանք հնարավորինս թաքցնում են իրենց ով լինելը, և այդ դեպքում կապ չունի, թե նրա գործընկերն ու ղեկավարը որքանով են հանդուրժող:

Ընդհանուր առմամբ, ՓԻՆՔ ՀԿ անցկացրած մոնիտորինգի տվյալների համաձայն, ԼԳԲՏ անձանց զբաղվածությունը հիմնականում մասնավոր ոլորտում է՝ մոտ 43 տոկոս և հասարակական սեկտորում՝ 13.5 տոկոս:

ԼԳԲՏ անձինք շատ են ձգտում ինքնուրույնության, և այդ պատճառով գործազրկությունը նրանց շրջանում բավական քիչ է: «Դրա պատճառն այն է, որ նրանք մեծ ցանկություն ունեն տնից անկախ լինելու, քանի որ իմանալու դեպքում նրանց կամ տնից հանում են, կամ հակառակը՝ բանտարկում ներսում»,- ասում է Հովսեփյանը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում գործազրկությունը 17 տոկոս է, իսկ Կովկասյան բարոմետրի տվյալների համաձայն՝ հարցվածների 45 գերակշիռ տոկոսն ասել է, որ երկրի ամենամեծ խնդիրը գործազրկությունն է:

Իրերի դրության այս ֆոնին, որը հավասարապես վերաբերում է բոլորին, ԼԳԲՏ համայնքի անդամներն ավելի նեղ ընտրություն ունեն, քան մնացածները:

Եթե որոշ ԼԲԲՏ անձանց արտաքին տեսքից կարելի է գլխի ընկնել նրանց սեռական կողմնորոշման մասին, ապա կան մարդիկ, որոնց արտաքինից դա բոլորովին չի զգացվում: Վերջիններիս համար ավելի հեշտ է աշխատանքային վայրում հարաբերություններ դասավորել, սակայն Հովսեփյանը պատմում է, որ շատ դեպքեր կան, երբ, օրինակ, ռեստորանի այցելուն պահանջում է, որպեսզի սպասավորին փոխեն:

«Մինչդեռ այդ տղայի տեսքից բոլորովին չի զգացվում, որ նա գեյ է, ու այդ հարցը բնականաբար ոչ ոք չի տալիս, թե որտեղից նա գիտի, թե սպասավորը գեյ է,- հարցադրում է անում Հովսեփյանը,- իսկ երբ մենք մի քիչ փորփրում ենք՝ իմանում ենք, որ այդ նույն հաճախորդն ինքը նախկին ինտիմ կոնտակտներ է ունեցել գեյի հետ կամ ընդհանուր ծանոթների միջոցով գիտի»:

Հովսեփյանն ասում է, որ այս վերաբերմունքի պատճառով մարդիկ իրենց աշխատավայրերում չեն կարողանում կիսվել իրենց անձնական կյանքի մանրամասներով, մինչդեռ աշխատանքային օրվա ընթացքում նրանց գործընկերները պատմում են իրենց ընտանիքից: «Ու ստացվում է, որ մեկը դրա իրավունքն ունի, մյուսը՝ ոչ,- ասում է նա,- շատերն էլ խաբում են՝ ասելով, թե ընկերուհի ունեմ, որովհետև եթե 30-ից հետո շատ են հարցնում, թե բա ընկերուհի չունես, բա ե՞րբ ես ամուսնանալու և այլն»:

ԼԳԲՏ մոնիտորինգի համաձայն՝ հարցվածների գերակշռող (35 տոկոսը) մեծամասնությունն իրենց սեռական կողմնորոշումը աշխատավայրում մշտապես թաքցնելու անհրաժեշտություն է, իսկ 23 տոկոսը կարծում է, որ այն աշխատավայրում քննարկելու կարիք չկա:

Այդուհանդերձ, որոշ ԼԳԲՏ անձինք, հատկապես սպասարկման ոլորտում՝ հանդուրժող անձնակազմի պարագայում, որոշակիորեն չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը, մինչդեռ բժիշկների կամ բանկային ոլորտի մասնագետների ոլորտում դա բացառված է:

«Որովհետև եթե սպասարկման ոլորտում աշխատանք կորցնելու դեպքում այլ գործի տեղավորվելը հեշտ է, ապա բժիշկների դեպքում բոլոր դռները կփակվեն, որովհետև եթե մի բժշկի մասին իմանան, լուրերը նրա հետևից կգնան,- ասում է Հովսեփյանը,- Ու հարցն այստեղ ասել-չասելը չէ, այլ այն, որ մարդը, փաստորեն, խաբում և այլ պատմություններ է ներկայացնում, բայց երբ փորձում եմ խոսել՝ կտրուկ ասում են չէ, նույնը վերաբերում է բանկային ոլորտին»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանն ասում է, որ հասարակական խտրականությունն իր կարծիքով պայմանավորված է խորացած կարծրատիպերով, որից ազատվելը շատ դժվար է:

«Դեռ պատահում են բազմաթիվ մարդիկ, ովքեր համարում են, որ, օրինակ, նույնասեռականությունը հիվանդություն է,- ասում է նա,- մյուս կողմից արտառոց կամ ոչ սովորական փոքրամասնություն լինելով՝ հաճախ անպաշտպան են ու տարբեր եղանակներով հալածվում են, իսկ հարկ եղած դեպքում մի շարք խմբերի համար թիրախ լինելով՝ վերջիններիս համար ինքնակայացման ինքնադրսևորման, և «տղամարդկության» հաստատման օբյեկտ են դառնում»:

Ըստ «ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում. այլընտրանքային զեկույցի», եթե գործատուն իմանում է իր աշխատակցի նույնասեռական լինելու մասին, նա կարող է հեռացնել այդ անձին աշխատանքից՝ վկայակոչելով լիովին այլ հանգամանքներ, քան սեռական կողմնորոշումն է:

Դեռևս այդպիսի դեպք չի եղել, որպեսզի խտրականության պատճառով աշխատանքից հեռացված ԼԳԲՏ անձը դատարանում վիճարկի իր խախտված իրավունքները:

«Նախ որովհետև սպասարկման ոլորտում շատ-շատերը նույնիսկ աշխատանքային պայմանագիր չունեն, ու որևէ հիմք կամ փաստեր չկան, որ նա այնտեղ աշխատել է,- ասում է Հովսեփյանը,- երբեմն չի լինում անգամ կազմակերպության անունով որևէ կնքված բեյջ որպես փաստաթուղթ, որ այդ մարդն այնտեղ աշխատել է»:

Սակայն անգամ հստակ փաստերի առկայության դեպքում էլ մարդիկ հրաժարվում են դիմել դատարան: «Երբ դեռ տաք են, թեժանում են, բայց հետո հետ են քաշվում և մտածում են գլխացավանքից հեռու մնան»,- ասում է Հովսեփյանը:

Լևոն Բարսեղյանն ասում է, որ ԼԳԲՏ անձինք իսկապես խուսափում են օգտվել օրինական պաշտպանական համակարգերից, քանի որ աչքի առաջ ունեն դառը դասեր (օրինակ, DIY փաբի պայթեցումը, ծ.թ.՝ հեղինակի) և չվստահելով արդարադատությանը, կամ հենց վախենալով, որ հալածվելու են՝ իրենց գոյությունը մեղք կամ հանցանք համարող խմբերի կողմից:

Միաժամանակ Բարսեղյանը կարծում է, որ այս խմբերի շահերը պաշտպանելու առաքելություն ստանձնած հասարակական կազմակերպությունները վատ կամ շատ վատ են անում այդ աշխատանքը և խուսափում են հանրային բանավեճից.

«Նկատում եմ, որ այդ կազմակերպությունները իրենք էլ են զանազան ճնշումների տակ, ու հաճախ իրենք էլ են ներփակվում իրենց շահառուների պես, և այսպիսով ԼԳԲՏ հանրությունը ինտեգրվելու փոխարեն ավելի է զատվում ու սահմանափակվում»:

Հայաստանը դեռևս չի ընդունել խտրականությունն ու հոմոֆոբիան դատապարտող օրենք: Օրենքի նախագիծը նախորդ տարի առաջադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, որը դեռևս նախնական փուլում է: Այս տարի գարնանը այդ օրենքն ընդունվեց Վրաստանում:

Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում ԲՈԼՈՐ քաղաքացիները պիտի՛ ունենան նույն (կամ ՀԱՄԱՐԺԵՔ) սահմանադրական իրավունքներ: ՎԵՐՋԱԿԵՏ: Հայաստանում էլ պիտի՛ ընդունվեն խտրականությունն ու հոմոֆոբիան դատապարտող օրենքներ:

    ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է, որ ակումբ (DIY) պայթեցրած հանցագործներին հովանավորած դաշնակ պատգամավորը ոչ թե բանտում է,այլ ԴԵՌ ԱԺ պատգամավոր է,ու ամբիոնից ստից-մտից ճառեր է ասում՝ Հասաստանը իբր «ժողովրդավար երկիր դարձնելու» վերաբերյալ:

  2. Սերգեյ says:

    ԼԳԲՏ անձիք երբեք չեն ունենա նույն իրավունքները ինչ որ նորմալ մարդիկ…
    Նրանց միշտ հալածել են, հալածում են ու հալածելու են…
    Նույնիսկ նրանց պաշտպանող օրենքների ընդունամ դեպքում նրանք պաշտպանված չեն լինի..
    Իսկ աշխատանքի առումով, ես ինքս եթե իմանամ ինձ սպասարկող մատուցողը ԼԳԲՏ–ա, ոչ թե մատուցողի վրա կխոսամ, այլ մենեջերի, քանի որ իրանց սխալնա որ ԼԳԲՏ–ն իրանց մոտա աշխատում.. կարճ ասած իրանք ճիշտ էլ անում են որ լքում են Հայաստանը,, թող գնան մաքրվի մեր Երկիրը…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930