Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանքեր են գործադրվում Աղավնո գյուղի զարգացման համար

Սեպտեմբեր 15,2014 10:42

Արդեն 21 տարվա պատմություն ունեցող Քաշաթաղի շրջանի կայացման գործում իրենց դերն են ունեցել Սփյուռքի մեր հայրենակիցները: Տարբեր բարեգործական կազմակերպություններ իրականացրել են շինարարական աշխատանքներ, հատկացրել վարկեր՝ անասուն գնելու և այլ նպատակներով, կատարել են ներդրումներ և այլն: Անցյալ տարվանից սկսած շրջանի Աղավնո գյուղում, որը գտնվում է համանուն գետի վրա և Գորիսի կողմից Արցախի առաջին բնակավայրն է, Լիբանանի մեր հայրենակիցներն «Ա.Ր.Ի»/«Artsakh Roosts Investment»/ ներդրումային բաժնետիրական ընկերության ծրագրով իրականացնում են բնակարանների կառուցում: Ընդհանուր նախատեսած է կառուցել 150 բնակելի առանձնատուն՝ մոտ 100ք/մ մակերեսով, իսկ յուրաքանչյուրի դիմաց 500-800ք/մ տնամերձ հողատարածք:

Առաջին 50-ի հիմքերը դրվել են անցյալ տարվանից, և այժմ մոտ 30 տուն գրեթե պատրաստ են՝ ընդունելու իրենց բնակիչներին, իսկ 20-ը շուտով պատրաստ կլինեն: Սեպտեմբերի 14-ին մարդաշատ էր Աղավնո գյուղը: Առավոտվանից համայնքի բնակիչներն ու շինարարները սպասում էին հյուրերին՝ լիբանանահայ «Ա.Ր.Ի» և «Արցախ ֆոնդ» ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ: ԼՂՀ կառավարության ղեկավարը, մինչև հանդիսավոր մասի սկսելը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի, շինարարների, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց նորակառույց բնակարաններում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, տվեց հանձնարարականներ: Կառավարության ղեկավարը գոհ էր շինարարական աշխատանքի որակից:

Կարևորեց այն, որ նորակառույց բնակարանները հատկացվեն այն ընտանիքներին, ովքեր ունեն երեխաներ, իսկ միայնակներին հատկացնել փոխհատուցում նրանց տների փոխարեն: Այնուհետև Աղավնո ժամանեցին լիբանանահայ մեր բարեկամները: Զրուցում եմ «ԱՐԻ»-ի նախագահ Սուրեն Սարկիսյանի հետ: Ասաց, առաջին 50 տները կառուցվել են գետի ձախ ափին, իսկ հաջորդ 50-ը կկառուցվեմ 2 ափերին:

Aghavno 2

-Հաջողության դեպքում կսկսենք 3-րդ 50 տների կառուցումը՝ արդեն գետի աջ ափին: Գյուղն ամբողջությամբ պետք է փոխի տեսքը և վերանվանվելու է Արիավան, շարունակեց խոսքը Ս. Սարկիսյանը՝ հավելելով, որ գոհ է շինարարներից: Այն հարցին՝ ովքեր են ծրագրի ներկայացուցիչները, ասաց. -Մոտ 50 հոգի Լիբանանից են, իսկ 6 հոգի՝ Լոնդոնից, Կիպրոսից, Եգիպտոսից են: Մեր գործունեությունը սկսել ենք 2009 թվականից. Սկզբում անդրադարձանք անասնապահությանը՝ վերաբնակիչներին հատկացնելով անասուններ: Երկրորդը հողագործությունն է, որը կյանքի կոչեցինք սիրիահայերի միջոցով, ովքեր բնակություն են հաստատել Քաշաթաղի շրջանում: Բավականին ներդրումներ ենք կատարել մեղվաբուծության բնագավառում, որն իր արդյունքը տվել է:

Եվ ահա 4-րդ բնագավառը՝ տնաշինությունն է, որն ավելի մեծ գումարներ է պահանջում: Այդ նպատակով ձգտում ենք ընդարձակվել Սփյուռքի տարբեր վայրերում և ավելի մեծ ծրագրեր իրականացնել Արցախում,-ասաց բարեգործը՝ ցավով հավելելով, որ Շահան Սրբազան Սարկիսյանի/իր հորեղբոր որդին է/ հետ արդեն ծրագրել էին օգտագործել սիրիահայ համայնքի միջոցները, սակայն սիրիական պատերազմը ձախողեց ամբողջ ծրագիրը:

-Այժմ ցանկանում ենք այս ծրագրում ընդգրկել Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների մեր հայրենակիցներին: Այստեղ խաղաղ է, կա հայկական համայնք, և հնարավոր է 300-400 մասնակից ընդգրկել ծրագրի մեջ, հավելեց Ս. Սարկիսյանը: Նշեց նաև, որ հետագա ծրագրերում նախատեսած է շրջանում հիմնել կաթի և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման արտադրամասեր: Այս բոլոր ծրագրերն իրականություն են դառնում և կդառնան միայն Արցախի իշխանությունների աջակցությամբ և համատեղ ուժերով՝ ավարտեց խոսքը ծրագրի նախագահը:

Ծրագրի ներկայացուցիչ Բյուզանդ Գևորգյանը նշեց, որ շինարարական աշխատանքները քիչմը ուշացած են, նախատեսած է եղել 50 տներն ամբողջությամբ հանձնել հոկտեմբերին, բայց դեռ անելիքներ կան: Տեղեկացրեց, որ արդեն 5-րդ անգամ է գալիս այստեղ, հետևում է աշխատանքներին. Շինարարության որակից գոհ է, բայց մտահոգ է, որ դիմացը ձմեռն է, և աշխատանքների կուշանան: Աշխատանքների ուշացման գլխավոր պատճառներից նշեց այն, որ սկզբում այլ տեղ էր նախատեսված կառուցել տները, հետագայում փոփոխություն կատարվեց, կան այլ պատճառներ: Այնուամենայնիվ կարևորը, որ իրականանում է ծրագիրը, որին մեծ աջակցություն են ցուցաբերում Արցախի իշխանությունները: Հյուրերին առաջինը դիմավորեցին համայնքի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի սաները, գյուղի փոքրիկները: Բացման խոսքով հանդես եկավ շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Նշեց, որ Արցախյան գոյամարտում ձեռք բերեցինք պետականություն և Արցախի ազատագրումը: Իսկ պատերազմից ավերված երկրի շենացումը իրականանում է Սփյուռքի հետ համատեղ: Կարևորեց «Թուֆենկյան», «Հայրենիք», «Հայրենասեր», «Արցախ ֆոնդ» ծրագրերի դերը և անդրադարձավ ԱՐԻ-ի գործունեությանը, որը մեծ գործ է կատարում Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում: Այնուհետև ելույթ ունեցավ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ դարձյալ կարևորելով ծրագրի դերը և ասաց.

-Հպարտ եմ և շնորհակալ, որ աշխատում եմ «ԱՐԻ» ընկերության փայատերերի հետ: Սա տարիների աշխատանք է. Քաշաթաղի և Շահումյանի մի շարք ընտանիքներ օգտվել են ձեր աջակցությունից: Շուտով 50 ընտանիք ունենալու է բարեկեցիկ բնակարան: Իրականացնելու եք այլ ծրագրեր: Այնուհետև անդրադարձավ կառավարության կողմից բնակչությանը հատկացրած շինարարական նյութերի քանակին, որ տարեցտարի ավելանում է: Խոսեց շրջանում կառուցված և կառուցվող ՀԷԿ-երի մասին: Շնորհակալություն հայտնեց բարերարներին կատարած աշխատանքների համար, Աղավնոյի բնակչությանը:

Ողջույնի խոսք ասաց ծրագրի նախագահը՝ ասելով, որ եկել են իրենց հյուղը: Արիավանը մեր գյուղն է, և հպարտ եմ, որ այն կառուցվում է, հավելեց նա: Ծրագրի փայատեր Ստեփան Տեր-Պետրոսյանը ասաց՝ ուրախ է, որ մեկ տարվա ընթացքում այսքան աշխատանք է կատարվել:

-Հավատում եմ, որ բնակարանների թիվը կբազմապատկվի: Սկզբում կասկածում էինք ծրագրի իրականացմանը, քանի որ շատերը հուշում էին, որ իշխանությունները չեն աջակցի, սակայն այս 5 տարիների ընթացքում Արցախի իշխանություններից միայն աջակցություն ենք ստացել, որի համար շնորհակալություն:

Այնուհետև կարևորեց այն, որ ավելանան ներդրողները և աջակցեն Արցախի կայացմանը: Աղավնո համայնքի ղեկավարն իր շնորհակալական ելույթում նշեց, որ ծրագրված է բացի բնակելի տներից կառուցել նաև մանկապարտեզ, խաղահրապարակներ, գյուղապետարան, կաթի և մսի ընդունման կետեր, ձկնաբուծարան, ջերմոց և այլն: Ասաց նաև, որ համայնքի ավագանու որոշմամբ գյուղի 3 նորակառույց փողոցներ կոչվելու են Արցախյան գոյամարտում նահատակված սփյուռքահայ հերոսներ Կարո Քահքեջյանի, Վիգեն Զաքարյանի և Մհեր Ջուլհակյանի անուններով: Ելույթ ունեցավ նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Այնուհետև ներկաներին ծանոթացրեց գյուղի մակետին:

Հանդիսավոր մասից հետո «Արցախ ֆոնդ» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Քալաջյանը գյուղի Գարեգին Հակոբյանի ընտանիքին երրորդ զավակի՝ Գոհարիկի ծննդյան առթիվ 1 կով նվիրեց: Այնուհետև կայացավ տոնական խնջույք, որի ժամանակ ԼՂՀ վարչապետը շրջանի Իշխանաձոր, Գողթանիկ, Նորաշենիկ և Արտաշավի համայնքների ղեկավարներին հանձնել ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրած «Երախտագիտություն» մեդալները: Այնուհետև լիբանանահայ մեր հայրենակիցներն այցելեցին Կովսական քաղաք, մասնակցեցին Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի սաների գեղանկարների և Կովսականում գործող Արցախ ֆոնդի ստեղծած Կանանց համագործակցություն կազմակերպության անդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին, կատարեցին գնումներ:

Կայացավ նաև մեկ գեղանկարի աճուրդ-վաճառք, որը 300 ԱՄՆ դոլարով գնեց լիբանանահայ Մարալ Քարամանուկյանը: Գումարը կհատկացվի կով գնելու համար: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Կովսայանում գործող ազգագրական երգ ու պարի «Թաթուլ» համույթի պարուհիները, նրանց հիացան հյուրերը: Նույն ժամանակ 3 ընտանիքի՝ Անուշ Ղարիբյան, Նելլի Նիկողոսյան և Ծաղկանուշ Մանուկյան, հատկացրեցին մեկական կով: Ուշ երեկոյան հյուրերը հրաժեշտ տվեցին Կովսականին և ուղևորվեցին Ստեփանակերտ: Այցի ծրագրով նախատեսած է այցելություն Դադիվանք և Գանձասար: Հյուրերին ուղեկցում էին ԼՂՀ մշակույթի փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսյանը և ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930