Մեղրիում եւ Ագարակում տեղյակ չեն, որ իրենց տարածաշրջանում ստորագրահավաք է անցկացվում` ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերադարձին, ինչպես նշվում է մամուլում:
«Տեղյակ չենք, որ մեզ մոտ նման բան է կատարվում, մամուլում նման բաներ են գրում, բայց եթե մեզ մոտ ստորագրահավաք անցկացվեր, ապա մենք անպայման կիմանայինք, փոքր քաղաք է, բոլորը կիմանային», – ասացին Ագարակ քաղաքի բնակիչները: Ագարակի քաղաքապետից եւս փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ է իրականությանը համպատասխանում տարածված այդ տեղեկությունը:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը փոխանցեց, որ տեղյակ չէ, որ ստորագրահավաք է անցկացվում եւ վստահեցրեց, որ նման բան լինելու դեպքում ինքն անպայման կիմանար: «Եթե լիներ, ապա 99 տոկոսով ես անպայման կիմանայի, վստահեցնում եմ, որ նման բան չկա, իմ կարծիքով ասեկոսեներ են, ստորագրահավաքը մասսայական միջոցառում է, դա հնարավոր չէ գաղտնի անել, այս պահին մեր տարածքում այդպիսի բան չկա», – «Առավոտին» փոխանցեց Ագարակի քաղաքապետը եւ հավելեց, որ ինքն ընդհանուր առմամաբ ճիշտ չի համարում ստորագրահավաքի միջոցով աջակցել նախկին մարզպետի վերանշանակմանը, թեեւ ինքը դեմ չի լինի, եթե կրկին Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնի: «Ես լրատվամիջոցներով արդեն իմ դիրքորոշումն արտահայտել եմ, որը ոչ թե ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի էր, այլ` ի հակադրություն հրապարակված այն կարծիքների, որ Սյունիքում բոլորը դեմ են Սուրիկ Խաչատրյանին: Ես մամուլում կարդացել էի, որ Սյունիքի ամբողջ ժողովուրդը դեմ է Սուրիկ Խաչատրյանին, անհրաժեշտ գտա ասել, որ այդպես չէ: Ոչ ոք իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից հայտարարություն անել, ղեկավարությանը նամակ ուղել: Այնպես չէ, որ Մեղրու տարածաշրջանում դեմ են, բնականաբար ցանկացած թեկնածուի պարագայում էլ կլինեն ե՛ւ դեմ ե՛ւ կողմ կարծիքներ, թող կառավարությունը որոշի», – ասաց Ագարակի քաղաքապետը եւ նշեց, որ Մեղրու տարածաշրջանի բնակիչներին չի ուրախացրել նախկին մարզպետի` Վահե Հակոբյանի, մարզպետի պաշտոնը թողնելու փաստը: «Քանի որ մենք Վահե Հակոբյանին սովորել էինք, կոնկրետ մեր տարածաշրջանում շատ-շատ գործեր է արել, ուստի այդ փաստը լավ չի անդրադարձել բնակչության վրա, ուղղակի գիտենք, որ գնացել է ավելի լավ ու ավելի պատասխանատու տեղ», -նշեց Մխիթար Զաքարյանը:
Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ չկարողացանք կապ հաստատել եւ նրանից եւս ճշտել, Մեղրի քաղաքում ստորագրահավաք անցկացվո՞ւմ է, թե՞ ոչ: Փոխարենը մեզ հետ զրուցած մեղրեցիները հավաստիացրեցին, որ Մեղրիում ստորագրահավաք չի անցկացվում եւ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Ո՞նց հնարավոր է ստորագրահավաք լինի ու մենք չիմանանք, ինչքան էլ գաղտնի անեն, փոքր քաղաք է, հաստատ մենք կիմանայինք…»,-նշեցին Մեղրու բնակիչները:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ