Գյումրեցի 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, դրսեւորելով ուժեղ կամք, համառ պայքարում 3:1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Հաշեմ Ռեզաեիին: Առաջին մրցափուլից հետո Արթուրը զիջում էր 0:1 հաշվով, սակայն երկրորդում երեք միավոր վաստակեց ու արժանի հաղթանակ տանելով մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտելու է գերմանացի Օլիվեր Հասլերի հետ:
Եզրափակիչ մտնելուն մեկ քայլ էր մնում մեր 71 կգ քաշային Վարշամ Բորանյանին, որը նախավերջին գոտեմարտում հանդիպեց թուրք Յունուս Օզելի հետ: Առաջին մրցափուլում պասիվության համար մրցավարները թուրքին ծնկած դիրքի դրեցին: Նպաստավոր դիրքում անպայման միավոր վաստակելու ձգտումը վերեւից աշխատող Վարշամի մեջ այնքան մեծ էր, որ հնարք կատարելու փորձի ժամանակ վնասեց ձախ ոտքի մկանը, որից հետո թեեւ ցանկացավ շարունակել պայքարը, սակայն պարտվեց:
Վարշամն այսօր երեկոյան պայքարելու է իր մարզական կարիերայի ամենաբարձր արդյունքի՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
Մնում է, որ վնասվածքը լուրջ չլինի, եւ նա ի վիճակի լինի մտնել մրցագորգ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ