Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին

Սեպտեմբեր 14,2014 10:26

2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով  խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:

«Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը,-«Այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»:

«Պահանջը ներկայացվել է Պետրոսյան ընտանիքի անդամների ընտանեկան և անձնական կյանքի իրավունքի անդառնալի և շարունակական խախտումը կանխելու նպատակով»,- ասաց աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում և ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ: Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտի իրավաբաններ Քրիստինա Գևորգյանը, Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը, ինչպես նաև իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արտակ Զեյնալյանը:

Պետրոսյան ընտանիքի ներկայացուցիչների պահանջին ի պատասխան՝ սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը:

Կ. Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»:  Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:

Հակառակ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի կոչերին և հորդորներին, Ադրբեջանը դեռ չի վերադարձրել Պետրոսյանի դին հարազատներին:

Աշխատանքային խմբին չծանրաբեռնելու, ինչպես նաև Պետրոսյան ընտանիքին նրանց համար այս ծանր ժամանակահատվածում ավելորդ հետաքրքասիրությունից զերծ պահելու նպատակով աշխատանքային խումբը դիմում է լրագրողներին՝ խմբի հրապարակած տեղեկատվության սահմաններից դուրս խմբի անդամներից և ընտանիքի անդամներից  լրացուցիչ մեկնաբանություններ չպահանջելու խնդրանքով: Նման հարցերի պատասխանները պետք է քննարկվեն խմբի բոլոր անդամների կողմից, իսկ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն խմբի անդամների միաձայն համաձայնությամբ, ինչը էականորեն ծանրաբեռնում է խմբի անդամներին: Ինչ վերաբերում է Պետրոսյան ընտանիքի անդամներին հարցադրումներ կատարելուն, ապա մենք ապավինում ենք լրագրողական համայնքի՝ սույն հարցին ըմբռնումով մոտենալու պատրաստակամությանը. գործը գտնվում է իրավաբանական բարդ ընթացակարգերում և ընտանիքի յուրաքանչյուր անդամին առանց իր փաստաբանի հարցեր ուղղելու և դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ստանալը կվտանգի սույն գործով տուժողների շահերի արդյունավետ պաշտպանությունը: Միաժամանակ, աշխատանքային խումբը պարտավորվում է լրագրողական համայնքի միջոցով սույն գործի զարգացումների վերաբերյալ պարբերաբար հանդես գալ հրապարակային հնարավորինս մանրամասն հաղորդագրություններով՝ հաշվի առնելով և բարձր գնահատելով սույն գործի վերաբերյալ հայաստանյան և միջազգային մամուլիև այլ հանրության ուշադրությունը:

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930