Մախաչկալայում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 12 երկիր, Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ:
Բոլոր մրցակիցներին պարտության մատնել եւ պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացել է 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը (նկարում): 64 կգ քաշային կարգում երկրորդ տեղն զբաղեցրել է Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հովհաննեսը եզրափակչում նկատելի առավելություն է ունեցել, սակայն կողմնակալ մրցավարները հաղթանակը շնորհել են մրցակցին: Մեր թիմից 3-րդ մրցանակ նվաճել են 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաեւ գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը:
Երեկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ մեր առաջատար բռնցքամարտիկների մեկ այլ խումբ մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Լեշեկ Դրոգոշի անվան միջազգային մրցաշարին: Թիմի կազմում են Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արամ Ավագյանը՝ 60, Գոռ Երիցյանը՝ 64, Արման Դարչինյանը՝ 69, Արման Հովհիկյանը՝ 75 եւ Հենրիկ Մարգարյանը՝ 91:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև