Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդարմացած» լոլիկներ

Սեպտեմբեր 14,2014 12:30

Երկար փնտրեցի ռուսերեն томленные բառի համար մի հարմար թարգմանություն, բայց ի վերջո կանգ առա այս տարբերակի վրա: Լոլիկները շատ ցածր ջերմաստիճանի ջեռոցում մի քանի ժամ պետք է հանգստանան, թուլանան, ընդարմանան եւ ստանան անմահական համ:

Անհրաժեշտ մթերքները
Լոլիկ- 2 կգ (ցանկալի է երկարավուն, «սալոր» տեսակի լոլիկներից վերցնել, որոնք մսալի են, բայց ոչ՝ ջրալի)
Սխտոր- 1 գլուխ
ձիթապտղի յուղ- մոտ կես լիտր
չոր կանաչի (լոլիկի հետ սազող եւ շատ բուրումնավետ որեւէ կանաչի՝ հազրեվարդ (ռոզմարին), ռեհան (բազիլիկ) կամ գոնե ուրց),
ծովի աղ
սեւ պղպեղ (ցանկալի է օգտագործել ոչ թե աղացած, այլ կոտրած, մանրած հատիկներ)

 

lolikner-3

Պատրաստման եղանակը
Լոլիկները միջից կիսել՝ երկայնքով, սերմերը եւ ջուրը հանել: Շարել ջեռոցի թավայի մեջ՝ կտրած մասը դեպի վեր: Սխտորները մաքրել, բարակ կտրատել եւ լցնել լոլիկի վրա, չորացած կանաչին, սեւ պղպեղն ու աղը՝ նույնպես: Լցնել ձիթապտղի յուղը այնպես, որ լոլիկները եթե ոչ ամբողջովին, ապա գոնե 2/3-ով ընկղմված լինեն մեջը: lolikner-2Մի՛ անհանգստացեք այդքան շատ թանկարժեք ձիթապտղի յուղ օգտագործելու համար. ավելացած մասը կարող եք պահել եւ լցնել սալաթների վրա՝ արտակարգ բուրավետ է:
Դնել 100-110 տաքացրած ջեռոցը մոտ 5-6 ժամով: Եթե ցանկանում եք երկար պահել՝ պետք է լրիվ չորանան, ջրային զանգված չմնա մեջը: Եթե տասն օրվա ընթացքում օգտագործելու եք, կարող եք 3-4 ժամից հանել: Պատրաստի լոլիկները լցնել փոքրիկ տարաների մեջ, վրան լցնել այն յուղը, որի մեջ նրանք ջեռոցում հաճույք էին ստանում, փակել: Կարող եք 10 օրից մինչեւ երկու ամիս պահել սառնարանում՝ կախված նրանից, թե որքան եք թողել եփվի:

lolikner-1

Այս բուրավետ լոլիկները կարելի է օգտագործել ինչպես աղցանների, բուտերբրոդների մեջ, այնպես էլ դնել պիցցայի վրա, կտրատել եւ իր ձեթի հետ միասին լցնել սպագետիի վրա… Փորձեք, շատ համեղ է ստացվում:
Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930