Գորիսում էր ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը: Նախարարը տեղում սեփական աչքերով տեսավ սեպտեմբերի 8 -ին հրդեհի ճարակ դարձած Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ Արմեն Վանյանի տան վիճակը, հետաքրքրվեց, թե տունը վերականգնելու համար ինչ է պետք, ֆինանսական ինչքան միջոցներ են անհրաժեշտ: Նախարարը խոստացավ ֆինանսական օգնություն ցուցաբերել Արմեն Վանյանին՝ տունը վերականգնելու համար:
Այնուհետև նախարարը Գորիսի հրշեջ ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանից իրազեկվեց, թե ջոկատը ինչպես է կարողացել մոբիլիզացնել ուժերը և մարել 400 քմ տարածք ընդգրկող հրդեհը: Նախարարը ծանոթացավ նաև, թե ջոկատը տեխնիկական ինչ միջոցների կարիք ունի, որն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում աշխատելու համար:
Վանյանների տուն այդ օրը կրկին այցելել էր Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը:Նա խոստացավ 1 միլիոն դրամի չափով օգնել ընտանիքին:
Իրենց օգնությունն են առաջարկել նաև Արցախից: Այդ օգնությունը կլինի վառելափայտի տեսքով:
Կարդացեք նաև
Ի դեպ, Արմեն Վանյանը «Արարատ» բանկում բացել է հաշիվ: Բարի կամքի տեր մարդիկ անօթևան մնացած 7 հոգանոց ընտանիքին, որտեղ շուտով փոքրիկ է ծնվելու, կարող են գումարներ փոխանցել 1510025303690100 հաշվեհամարին:
Նշենք, որ ընտանիքն այս պահին ցիր ու ցան վիճակում է. նրանք ժամանակավորապես ապաստան են գտել հարազատների մոտ:
Ալվարդ Մեսրոպյան
Գորիս