Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաբը, որտեղ Ֆորշն է երգում, գիշերային ժամերին անհանգստացնում է բնակիչներին

Սեպտեմբեր 13,2014 16:16

Ստեղծված իրավիճակում բնակիչն իրեն անզոր է զգում

Սպենդիարյան 1 շենքի բնակչուհի Մարիա Հակոբյանը ուրախությամբ չէ, որ հիշում է հունիս ամսին իրենց շենքի նկուղային հարկում «Լավ տեղ» փաբի բացումը: Պատճառն այն է, որ գարեջրատունն իր աշխատանքը շարունակում է նաեւ ժամը 24-ից հետո, եւ գիշերային ժամերին այնտեղ հնչող երաժշտությունը անհանգստացնում է շենքի բնակիչներին: Մարիա Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հատկապես իրենց բնակարանն է վատ վիճակում գտնվում, քանի որ անմիջապես գարեջրատան վերեւում է գտնվում: Ի դեպ, այդ հաստատությունում աշխատում է երգիչ Ֆորշը:

«Տասնյակ անգամ ասել ենք թե՛ Ֆորշին էլ, թե՛ իրենց մենեջերին էլ: Գիտեմ, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում լռության ժամը 23.00-ից մինչեւ 7. 00-ն է, բայց ամուսինս, երեւի, թե դա նրա սխալն էր, ասաց՝ լա՛վ, գոնե մինչեւ 12-ը թո՛ղ աշխատեն եւ 12-ին անջատեն: Դրանից հետո իրենք 12-ին անջատում էին իրենց երաժշտությունը, բայց որոշ ժամանակ անց այդ ամեն ինչը մոռացվեց, որովհետեւ երեւի մենք վաղուց իրենց ոչինչ չէինք ասել, եւ այդպես գնում էր մինչեւ գիշերվա 1-ը, 2-ը, 3-ը, իսկ այս վերջերս մինչեւ առավոտ. մենք իրենց հետ ենք առավոտները լուսացնում»:

Անցած շաբաթ Մարիա Հակոբյանը նույնիսկ ոստիկանություն է կանչել, ոստիկանությունն էլ եկել եւ խոսել է Ֆորշի հետ. «Ոստիկանն այնպես խոսեց, ինչպես ուսուցչուհին կխոսեր առաջին դասարանցի տղայի հետ՝ գիտես, տղա՛ ջան, չի՛ կարելի: Ոչ մի ուրիշ բան, որ սա օրինական չէ, նամանավանդ, ոստիկանի գալու պահին, իրենք շատ բարձր երգում էին, ոստիկանը կարող էր համոզվել՝ լսելով, որ գիշերային ժամին բարձր աղմուկ է գալիս, որը կարող է ցերեկը այդքան չազդի մարդկանց վրա, բայց գիշեր է, մարդիկ քնում են, շուրջը լռություն է, բնականաբար, այդ աղմուկը չի կարող չազդել քնած մարդու վրա»:

Նա հավելեց, որ ոստիկանությունը ակտ էր կազմել, որն, ըստ նրա, ոչ մի կոպեկ չարժի, քանի որ դրանից հետո գարեջրատան ներկայացուցիչներն իրեն ցույց են տվել քաղաքապետարանի թույլտվությունը՝ գիշերային գործունեության համար. «Ես է՛լ ավելի զարմացա, որովհետեւ եթե դա փաբ է, դա, բնականաբար, չի կարող լինել լուռ տեղ՝ դա գրադարան չի, գրախանութ չի, եթե դա փաբ է՝ չի կարող աղմկոտ չլինել: Քաղաքապետարանում այդպիսի օբյեկտին տալիս են գիշերային գործունեության իրավունք, դա ես ընդհանրապես չհասկացա: Ես հասկացա, որ մենք լրիվ անզոր ենք, որովհետեւ եթե իրենք քաղաքապետարանից կարողանում են թուղթ վերցնել եւ ոստիկանին ներկայացնել, այսօրվա դրությամբ ուր էլ մենք գնանք, ուր էլ բողոքենք՝ մեզ անպայման մի թուղթ դեմ կտան ու կասեն՝ ամեն ինչն օրենքի սահմաններում է կատարվում»:

Վերջերս, ըստ Մարիա Հակոբյանի՝ այդ տարածքում կռիվ էլ է եղել, որը շենքի բնակիչների մոտ տպավորություն է ստեղծել, թե շենքը շուտով կքանդվի. «Սկսեցին իրար սեղաններով, աթոռներով խփել, մատուցողուհին դուրս եկավ փողոց, սկսեց գոռալ, ճչալ: Այդ ամենը տեւեց 10 րոպե, բայց դա բավական էր, որ մենք արդեն չքնեինք»:

Aravot.am-ը փորձեց խոսել նաեւ երգիչ Ֆորշի հետ, սակայն վերջինս զանգերին չի պատասխանում: Քաղաքապետարանի արձագանքը, հուսով ենք, կունենանք երեքշաբթի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝  Bravo.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930