Քաղաքացի Սարգիս Պետրոսյանի պատմելով` Նորք Մարաշում գտնվող իր տունը ինքը Areximbank-ի աշխատակիցների՝ իրավաբանական վարչության պետ Պավել Մարտիրոսյանի, գույքի գնահատման բաժնի պետ Վասիլի Հարությունյանի ու ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած, փաստաբան Արթուր Ղարիբյանի «հանցավոր» համագործակցության արդյունքում է կորցրել:
Այսօր «Երկու երես» ակումբում նա պատմեց, որ ինքն ու իր քեռու որդին՝ Բարեղամ Պետրոսյանը, անցած տարի գարնանը իրենց տունը գրավ են դրել բանկում, դրա դիմաց վերցրել 100 միլիոն դրամ, սահմանված ժամկետում հասցրել են մարել միայն 25 միլիոն դրամը. «Areximbank-ի աշխատակիցները Բարեղամին կանչում են, հորդորում վերավարկավորել տունը ուրիշի անունով, որ այդ ընթացքում նա հասցնի մարել վարկերը: Բարեղամին երկու ամսից կալանավորում են՝ հարկեր չվճարելու հոդվածով: Հետո մեզ կրկին կանչում են, հորդորում վերավարկավորել տունը ոմն Արթուր Ղարիբյանի անունով, բանկի աշխատակիցները վստահեցրին, որ նա վստահելի մարդ է: Համոզում էին, որ ինչ անում են, մեզ համար են անում»:
Արթուր Ղարիբյանի անունով վերավարկավորելուց հետո, Բարեղամն եւ Սարգիս Պետրոսյանները կորցնում են թե տունը, թե գրավի տակ չդրված տան գույքը: Ըստ նրա, հիմա քրեական գործ է հարուցվել Արթուր Ղարիբյանի դեմ, իսկ բանկի աշխատակիցների դեմ քրեական գործ չի հարուցվել: Նա ասաց, որ իրենց տան նոր սեփականատերը հիմա 1in.am-ի խմբագիրն է՝ Արման Բաբաջանյանը: Սարգիս Պետրոսյանը զանգել է նաեւ Արման Բաբաջանյանին, պահանջել գույքը:
Իրավաբանների ու հոգեբանների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ դեպքը վերլուծեց. «Այս դեպքը հասարակության ու փողի կռիվ է: Այն փողերը, որ կուտակվում են բանկերում, փողատերերի մոտ, չհիմնավորված ու ստվերային փողերն են: Այդ փողերը երբեմն թելադրում են իրենց ցանկալի օրենսդրությունը: Այս անհավասար կռիվը շարունակվելու է այնքան, մինչեւ չունենանք լեգիտիմ օրենսդրություն, որը հավասարապես պաշտպանի թե՛ հաճախորդի, թե՛ բանկի իրավունքները: Վերավարկավորումը տարածված ձեռագիր է: Պետք է երկարաժամկետ վարկեր տրամադրվեն ու ցածր տոկոսներով, օրենսդրությունը պետք փոխվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ