Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց պատգամավորները սկսեցին տուգանվել, անմիջապես որոշեցին փոխել օրենքը». Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների մասին

Սեպտեմբեր 13,2014 14:01

«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով Ազգային Ժողովում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, կարծիք հայտնեց, որ Ազգային Ժողովն օրենքները ընդունում է առանց կարդալու, թե ինչ է գրված. «Անբողոքարկելի դարձած տուգանքները անմիջապես ուղարկվում են ԴԱՀԿ, որի արդյունքում միանգամից արգելանքներ է դրվում քաղաքացու գույքի վրա։ Հենց պատգամավորները սկսեցին տուգանվել, անմիջապես որոշեցին փոխել օրենքը։ Մինչեւ այդ, որ 4 տարի կպնում էր վարորդին, դա ոչինչ, իսկ հենց իրանց կպավ, մի օրվա մեջ օրենքն ընդունեցին»։

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների համաձայն 283 հոդվածի 6-րդ պարբերությունում ասվում է. «Իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին»։

Իրավաբան Արմինե Մկրտչյանն այս պարբերությունը կարդալով ասում է, որ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից ամենակարեւորն այն է, թե ինչպե՞ս պետք է ստուգվի անձի ով լինելը. «Այս օրենքի միջոցով ստացվում է, որ փոստատարը ծանուցումը կարող է հանձնել նրան, ով կներկայանա որեւէ մարդու անունով՝ անգամ առանց անձը հաստատող փաստաթղթի ներկայացման»։

Իրավաբանի խոսքով՝ փաստաթղթերի հատուկ առաքման մասին օրենքի համաձայն՝ միայն քաղաքացու ստորագրությունը եւ ամիս ամսաթիվը բավարար չեն փաստաթուղթը հանձնելու համար, փոստատարը պետք է անձնագրով ստուգի եւ միայն դրանից հետո հանձնի ծանուցագիրը։

«Նման որոշման արդյունքում Ճանապարհային  ոստիկանությունն ունի թուղթ, որը ստորագրված է, իսկ քաղաքացին էլ ստանում է հնգապատկված տուգանքի մասին որոշում,  մինչդեռ ինքը չի ստորագրել այդ ծանուցման տակ։ Եվ որտե՞ղ կա երաշխիք, որ եթե ծանուցագիրը առանց ստորագրելու ետ է գնում ՃՈ, հենց ոստիկանը ինքը չի ստորագրում այդ ծանուցագրի տակ»,- հավելեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Բանախոսները վստահ են, որ օրենքն անցել է առանց քննարկման։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930