Մերի Մեյրոյանն (Mery M) իր «Խաղաղություն» (“Peace”) երգով մասնակցում է այս տարվա մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին։
Փոքրիկ երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանը կոչ է անում քվեարկել Մերիի օգտին, քանի որ նրա երգն աշխարհին ուղղված ուղերձ ունի. «Մենք մի փոքր տարբերվում ենք մյուսներից: Որոշել ենք մի երգի մեջ 15 լեզվով ասել խաղաղություն՝ տեսնելով՝ ինչ է կատարվում աշխարհում: Ուզում ենք, որ այս տարի Հայաստանը ներկայանա խաղաղության կոչով: Կարծում եմ՝ շատ արդիական թեմա է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դ. Բադալյանը:
Նա վստահեցնում է, որ մասնակից բոլոր երեխաների համար ստեղծված են հավասար պայմաններ, և նրանցից յուրաքանչյուրը, իրոք, կարող է քվեարկությամբ անցնել. «Իհարկե, այստեղ կա նաև ժյուրիի գործոնը, բայց քվեարկությունը շատ մեծ դեր ունի,- ասում է պրոդյուսերը,- դրա համար կոչ եմ անում քվեարկել՝ ոչ այնքան կարևորելով մեր հաղթանակը, որքան խաղաղության գաղափարի տարածումը: Դա, անշուշտ, կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը: Եվ մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ խաղաղասեր ժողովուրդ ենք: Կարծում եմ՝ շատ ազդեցիկ է, երբ 12-ամյա փոքրիկը բեմում կանգնած խաղաղության մասին է երգում, խաղաղություն է ցանկանում իր հասակակիցներին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև