Լրահոս
Օրվա լրահոսը

Անհորիզոն պատգամ

Սեպտեմբեր 13,2014 17:30

Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիդու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ Անմահության ծաղիկը որոնելու:

Եվ երկար թափառումներից հետո հասներ Մաշու լեռ, որն է՝ Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե` Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես:

Այսպիսի տարօրինակ մտքեր էին այցելում ինձ, երբ Բագարանից նայում էի Արարատին:
Չգիտես ինչու, համոզված եմ, որ Գիլգամեշը հենց այդտեղից էր բարձրացել Նոյ նահապետին տեսնելու, ով միակն էր, որ գիտեր անմահության գաղտնիքը, քանի որ միայն նրան էր Աստված անմահություն վերապահել:

Եվ հետաքրքիր է, որ այսօր Արեւելքի, ինչպես նաեւ Արեւմուտքի հին եւ իմաստուն ցեղերը կամ վերափոխվել են, կամ կորցրել իրենց արյան հիշողությունը՝ մեզ թողնելով մեն-մենակ Արարատի խորհրդի ու պատկերի առջեւ, երբ որ Արարատը իրենցն է նաեւ: Եվ ստացվում է այնպես, որ մաքրագործված մարդ-աշխարհ ստեղծելով՝ Աստծո ընտրած լեռը հիմա միայն մերն է՝ չլինելով մերը:

Պատկերն ու խորհուրդը մերն է, լեռը՝ օտարինը:

Ու մենք խոնարհաբար, անապստամբ մեր տեսակով ընդունել ենք, սեփականաշնորհել այդ համամարդկային ահռելի ցավը: Եվ տառապում ենք ԱՆԱՐԱՐԱՏ՝ աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, որ օվկիանոսի ափին, որովհետեւ ոչ մի օվկիանոս ու ծով անսահմանության-անվախճանության այնպիսի խորհուրդ չունի, ինչպես Արարատը: Քանի որ ծովն ու օվկիանոսը ունեն հորիզոն-սահման, Արարատը անհորիզոն է…

Եվ ոչ ոք մեր մեծ ցավը մեզ հետ չի կիսում:

Ու հիմա նայելով անհորիզոն Արարատին՝ ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ եկեք Բագարան եւ մտածեք մեզ հետ միասին. ահա մի վայր, որտեղ կարելի է կառուցել բոլոր կրոնների տաճարները, ուր մենք կտեղավորվենք Աստծո անխտրական սիրո մեջ, քանի որ կլինենք իրար կողքի եւ ամենակարեւորը՝ դավանելով տարբեր հավատքներ՝ կլինենք միասին: Քանզի Արարատը բոլոր կրոնների Մայրն է: Եվ որովհետեւ Նա է Մայրը՝ սրբազան նախահիմքը բոլորիս, Նա պիտի լինի ազատ եւ անկախ: Նա պիտի լինի ԱՐԱՐԱՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ինչպես այսօր Վատիկանն է, եւ լինի հասու սրբություն ցանկացած մարդու՝ անկախ նրա դավանանքից:

Դարձյալ վերադառնանք Արարատին եւ նրա աստվածընտիր էությանը, որ լինի համայն մարդկության ուխտատեղի, ինչը Աստծո պատգամն է:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930