Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ն են միտված սահմանադրական փոփոխությունները

Սեպտեմբեր 13,2014 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են
ԱԺ պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը (ՀՀԿ) եւ Վահան Բաբայանը (ԲՀԿ):

Արամ Աբրահամյան.– Ինչի՞ համար է հիմա իշխանությունը ձեռնարկում սահմանադրական փոփոխությունները, ի՞նչ խնդիրներ են լուծվելու, եւ ասեմ, պարոն Մկրտչյան` ոչ իշխանական ուժերը կասկածում են ձեզ, որ դուք ուզում եք այդ փոփոխություններն իրականացնել՝ իշխանությունը վերարտադրելու համար:

Վահրամ Մկրտչյան.– Հանրապետության նախագահը նախաձեռնել է մասնագիտական հանձնաժողովի ձեւավորում, հանձնաժողովը ուսումնասիրել է եւ մարտ ամսին այդ հայեցակարգի նախագիծը հրապարակել: Նախագիծը զուտ մասնագիտական է, այսինքն՝ սա քաղաքական փաստաթուղթ չէ՝ այն առումով, որ դեռ չկա որեւէ քաղաքական թիմի եւ քաղաքական կուսակցության վերաբերմունք այդ հարցին: Ծանոթանալով հայեցակարգին` ես կուզենամ հիմնավոր բլոկներ առանձնացնել. 1995թ. Սահմանադրության մեջ, որ հստակ նախագահական կառավարման համակարգ էր ենթադրում, չէին լուծվել մի քանի առանցքային խնդիրներ, օրինակ՝ մարդու իրավունքները եւ ազատությունները որպես գերակա արժեքներ չէին հռչակվել:

Ա. Ա.- Մարդու իրավունքները ամրագրված են, օրինակ, 1936թ. ստալինյան սահմանադրության մեջ: Եկեք խոսենք կառավարման ձեւի փոփոխության մասին:

Վ. Մ.- Ես անձամբ՝ որպես պատգամավոր, որպես քաղաքացի կողմ եմ պառլամենտական համակարգին: Այն երկրները, որոնք չունեն ժողովրդավարական կայացած ինստիտուտներ, իսկ 1995-ին մենք դա չունեինք, իրենք շատ արագ վեր են ածվում ավտորիտար ռեժիմի՝ խիստ նախագահական համակարգի դեմքում. չկան համապատասխան ինստիտուտներ, հակակշիռների եւ զսպումների մեխանիզմներ: Իհարկե, մենք կարող ենք հռչակել մարդու իրավունքներն ու ազատությունները որպես գերակա արժեքներ, բայց կարող է չունենանք բավարար օրենսդրական դաշտ` դրանք պաշտպանելու համար:

Ա. Ա.- Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իշխանությունը, ձեռնարկելով այդ փոփոխությունները, ձգտում է վերարտադրվել:

Վահան Բաբայան.- Ես չեմ ցանկանա հիմա այստեղ խոսել ոչ քաղաքագիտական տեսություններից, ոչ իշխանության բաժանման տեսությունից եւ ոչ առավել եւս՝ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմներից: Ոչ մեկին չի հետաքրքրում թղթի վրա գրված կետերը, եկեք ռեալ կյանքին նայենք, իսկ ռեալ կյանքը հետեւյալն է` նշվեց, որ ավտորիտար ռեժիմի խնդիր է դրվում նախագահական համակարգում, եւ եթե չփոխվի դեպի խորհրդարանական, ուրեմն դա լինում է ավտորիտար: Իշխող մեծամասնության ներկայացուցիչն է ասում, որ պետք է փոխել, որպեսզի ավտորիտար չլինի:

Սահմանադրության փոփոխությունը ամենեւին կապված չէ մարդու իրավունքների, լայն լիազորությունների, երկրի կառավարման համակարգի բարեփոխումների հետ: Սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրության, իշխանության հավերժացման, իշխանության բոլոր լծակների եւ այն խմբերի գոյատեւման եւ հարատեւման խնդիր են լուծում: Եթե մենք այսօր դուրս գանք փողոց եւ յուրաքանչյուր քաղաքացու հարց տանք` կուզենայիք նախագահակա՞ն համակարգում ապրել, թե՞ խորհրդարանական, քաղաքացին պատասխանելու է՝ ինձ չեն հետաքրքրում ոչ ձեր ասածները, ոչ էլ ձեր քննարկածները: Մեզ հետաքրքրում է, որ մենք ունենանք աշխատանք, ունենանք հնարավորություն եւ պայման` մեր երկրում ապրելու եւ արարելու, ոչ թե թողնել ու հեռանալ մեր երկրից, մեզ հետաքրքրում է, որ ունենանք հավասար մրցակցային պայմաններ տնտեսական դաշտում, արդար ընտրություններ, մենք մեր ձեռքով ընտրենք մեր ղեկավարությանը: Ո՞վ է հավատում մեր երկրում, որ ձեր ասած փաթեթի փոփոխությամբ ընտրությունները չեն կեղծվելու, ո՞վ է հավատում, որ տնտեսությունը զարգանալու է, եւ ո՞վ է հավատում, որ այս փոփոխություններով ինչ-որ լուրջ առաջընթաց է գրանցելու մեր պետությունը՝ սա ուղղակի զավեշտ է:

Քննարկումն ամբողջությամբ`

 

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930