Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպան լավն է եվրոպացիների համար»

Սեպտեմբեր 13,2014 16:30

«Այնքան էլ վստահ չեմ, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը կվավերացվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի` նախօրեին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արած պնդմանը. «Այդպես է նախատեսված, որ այդ օրը պետք է լուծվի անդամակցության հարցը»: ՎՍԴՀԿ-ն (այն ժամանակ ՍԴՀԿ) առաջինն էր ընդդիմադիր դաշտի ուժերից, որը դրական արձագանքեց Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի որոշմանը: Տիկին Սարգսյանը հստակեցնում է. «Ես չեմ ողջունել Սերժ Սարգսյանի որոշումը, ես կողմ եմ արտահայտվել այն մտքին, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանի ընտրությունը պետք է ռուսական ուղղությամբ լինի: Եվ պատճառն այն չէ, որ հիացած եմ Ռուսաստանով կամ չեմ ցանկանում Հայաստանի զարգացման ուղին Եվրոպայում տեսնել: Պարզապես երկիրը չի կարող տարիներ շարունակ լինել մի ռազմաքաղաքական դաշինքում եւ ակնկալել, որ կարող է զուգահեռաբար մեկ այլ տնտեսական դաշինքում լինել: Սերժ Սարգսյանը չէր կարող դա չհասկանալ ու չորս տարի Եվրամիության հետ խաղեր տալուց առաջ պետք է կանխատեսեր, որ ի վերջո գալու է այդ հանգրվանին»: Տիկին Սարգսյանը ցավում է, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցրեց եվրոպական գործընկերներին ու բարեկամ չդարձավ ՌԴ-ի համար. «Այն ճանապարհը, որով Հայաստանն այսօր ընթանում է դեպի ԵՏՄ, արժանապատիվ չէ, պարտադրված է: Ես կցանկանայի, որ մենք այնպես ընթանայինք այդ ճանապարհով, որ լիարժեք բանակցելու, անգամ նախապայմաններ դնելու իրավունք ունենայինք: Մինչդեռ Սերժ Սարգսյանն ամեն ինչ հասցրեց այն հանգրվանին, որ արդեն ստիպված հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին»:

Չնայած ամեն վայրիվերումներին՝ ԵՄ-ն շարունակում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները. ԵՄ հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում 2014-2017 թվականներին ՀՀ-ին կտրամադրի 140-170 մլն եվրո օժանդակություն՝ այն դեպքում, երբ 2007-2010 թվականներին տրամադրել է 97.4 մլն եվրո, 2011-2013-ին՝ 104 մլն եվրո` մեր դիտարկմանը տիկին Սարգսյանն արձագանքեց. «Եվրոպական երկրները մի քիչ ուշ հասկացան ու մի քիչ ուշ մտան մեր դրության մեջ: Երբ «կամ-կամ»-ի պայման էին դնում, պետք է հասկանային, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ է: Հայաստանի առջեւ նման պայման դնելը ԵՄ-ի կողմից ճիշտ չէր. եթե չկա անվտանգություն` չկա նաեւ տնտեսական զարգացում: Իսկ այն, որ այժմ տնտեսական զարգացումն էլ տեսանելի չէ, մեղավորը ՌԴ-ն կամ ԵՄ-ն չեն: Մեր տնտեսական զարգացման հեռանկարի ոչնչացումը տեղի է ունենում հենց մեզ մոտ: Եթե մենք մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ չենք կարողանում ազնիվ լինել ու դուրս գալ այդ փոսից, ոչ մի միություն էլ մեզ չի կարող փրկել»:

Տիկին Սարգսյանն, ի դեպ, կարծում է, որ հայկական ապրանքները եվրոպական շուկայում չեն կարող մրցունակ լինել` սկսած փաթեթավորումից. «Ավելին՝ Եվրոպան առանձնապես շահագրգիռ էլ չէ Հայաստանի զարգացման հեռանկարով: Եվրոպան մեկ խնդիր ունի` Հայաստանը հանել ռուսական ազդեցության գոտուց: Ուստի օգտագործում էին մեզ` ՌԴ-ին նեղ վիճակի մեջ գցելու համար: Այլապես Եվրոպան այդպես ակտիվ չէր վավերացնի եւ օրինականացնի մեր բոլոր կեղծված ընտրությունները: Եվրոպան շատ լավն է եվրոպացիների համար: Մենք, լինելով եվրոպական մտածելակերպի ժողովուրդ, ըստ էության, այսօր հնարավորություն չունենք Եվրոպայում մրցունակ լինելու: Մինչդեռ ռուսական շուկայում մեր ապրանքը պահանջված է: Հեռանկարային առումով Եվրոպան միգուցե գերադասելի է, բայց ներկայիս իրականությունն այս է, որի հետ չի կարելի հաշվի չնստել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Է Է,տիկինՍարգսյան,Դուք էլ չգիտեք,թե ինչ եք ուզում,այսպես ասաց և և-ի մեկնաբանություններ եք տալիս:

  2. Sargis says:

    Նելլի Գրիգորյանի ,,Եվրոպան լավն է եվրոպացիների համար”հոդվածը ես շատ հավանեցի:Այն գրված է հակիրճ ,բայց`շատ բովանդակալից:Այս հոդվածում ամենից ուշագրավը ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի կողմից քաղաքական հարցերի վերլուծությունների մեջ ճիշտ եզրահանգումների գալն է:Քաղաքական տարբեր հարցերի նրա կողմից կատարված մեկնաբանումները բավականին հստակ էին,հասկանալի և ընդունելի:Եթե մեր քաղաքական գործիչներից ,կուսակցական ղեկավար անձերից, մամուլի քաղաքական մեկնաբաններից շատերը նման քաղաքական դիրքորոշումներ և առողջ մտածելակերպ ունենային ,ապա մեր հասարական,տնտեսական,քաղաքական կյանքում շատ ավելի մեծ դերակատարումներ կունենային:Լյուդմիլա Սարգսյանի կողմից քաղաքական բոլոր հարցերի մեկնաբանումներին կողմնակից լինելով,կցանկանայի, որ նա իր անձնական կարծիքն արտահայտեր այն 140-170մլն.եվրո օժանդակության մասին,որ տրամադրում է Եվրոմիությունը Հայաստանին:Այս գումարների տրամադրումը Հայաստանին ինչ- որ հետին նպատակ է հետապնդում և քաղաքական ուղղվածություն ունի:Այս գումարների մեծ մասը իմ կարծիքով <> է, և ,դրան քաջատեղյակ է նաև Եվրոմիությունը:Պարզապես նման կարգի գումարների Հայաստանին տրամադրումը իմ կարծիքով պլանավորված հաշվենկատ քաղաքականության արդյունք է:Կցանկանայի,որ Նելլի Գրիգորյանը մեկ անգամ ևս Լյուդմիլա Սարգսյանի հետ հարցազրույց անցկացներ ,պարզելու համար, թե Եվրոմիության,և ընդհանրապես այլ տեղերից Հայաստանին տրվող դրամական օգնությունները ինչ նպատակի են միտված, ինչպես են իրացվում և ինչ հետևանքներ կարող են ունենալ:Կցանկանայի իմանալ քաղաքական գործիչների կարծիքը այս հարցի մասին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930