Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես սպառված ռեսուրս»

Սեպտեմբեր 13,2014 16:00

Ըստ Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի
փորձագետ Մարթա Այվազյանի` ՌԴ-ն կարող է իրեն հավատարիմ քաղաքական ուժերով  զրկել Սարգսյանին նախագահական աթոռից:

– Սեպտեմբերի 4-5-ը Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը մասնակցեց: Նա չմասնակցեց 2010թ. Լիսաբոնի, 2012թ. Չիկագոյի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: Ինչո՞վ եք բացատրում Ս. Սարգսյանի որոշումը, այդ մասնակցությունը ի՞նչ կտա Հայաստանին` հաշվի առնելով նրա ելույթում հնչած ակնարկները` ուղղված Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին:

– Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, իմ կարծիքով պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ՝ չնայած բոլոր ջանքերին՝ Ռուսաստանն ամեն դեպքում ոչ միայն չհասավ իր նպատակներին Ուկրաինայում, այլ նաեւ միջազգային անվտանգության սպառնալիքի պիտակով հայտնվեց որոշակի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման մեջ: Ուկրաինական զարգացումների եւ ՌԴ վարքագծի հետ կապված՝ լարվեցին նաեւ հարաբերությունները Եվրասիական միության ներսում՝ էլ ավելի մշուշոտ դարձնելով այդ կառույցի ապագան: Միեւնույն ժամանակ ընթացող Իրանի մերձեցումն Արեւմուտքի հետ եւ ծրագրավորվող իրանական էներգակիրների լայնածավալ արտահանումը նաեւ մեր տարածաշրջանով դեպի Արեւմուտք նույնպես վտանգներ են պարունակում ՌԴ-ի եւ տնտեսական, եւ քաղաքական շահերին: Այս իրավիճակում Ռուսաստանի համար էլ ավելի մեծ նշանակություն է ստացել Հարավային Կովկասը, եւ հաշվի առնելով դեպքերի սրընթաց զարգացումը՝ ՌԴ-ն շտապում է վերջնականապես սեփականաշնորհել Հայաստանը եւ, ամրապնդելով իր ներկայությունը այստեղ, հնարավորինս վերահսկել եւ անհրաժեշտության դեպքում Հայաստանից կամ ՀՀ միջոցով միջամտել տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ շահերի հաշվին ամրապնդել իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ այս ամենը հնարավորինս ծառայեցնել իր շահերին: Իմ կարծիքով՝ այս իրավիճակով էր պայմանավորված վերջերս Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ առանց ՄԽ մյուս երկու համանախագահող երկրների մասնակցության կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որի հեռահար նպատակն էր հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափից հետզհետե տեղափոխել ՌԴ կառավարման ներքո՝ գործընթացին Թուրքիայի՝ թեեւ առաջին հայացքից աննկատ, բայց, անկասկած, ակտիվ մասնակցությամբ: Տեսանելի է նաեւ հետագայում հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման եւ ԼՂ տարածքը՝ Ադրբեջանին որոշակի տարածքային զիջումների գնով, պարզապես ՌԴ ռազմական պլացդարմի վերածման հեռանկարը: Այս ծրագրերի իրականացման համար Ռուսաստանին անհրաժեշտ է իրեն անվերապահորեն նվիրված եւ հավատարիմ ՀՀ իշխանություն, որը նաեւ կկարողանա անհրաժեշտության դեպքում մեր հասարակությանը պարտադրել ԼՂ հակամարտության կարգավորման մեզ համար անընդունելի ցանկացած լուծում:
Դատելով մեր ներքաղաքական որոշ զարգացումներից՝ կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը չունի վստահության նման վարկանիշ Ռուսաստանի համար, Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես սպառված ռեսուրս, եւ ՌԴ-ն ամեն վայրկյան կարող է իրեն հավատարիմ հայաստանյան քաղաքական ուժերի միջոցով զրկել Սարգսյանին նախագահական աթոռից: Մյուս կողմից՝ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար ծայրահեղ անցանկալի է Ռուսաստանի ծրագրերի իրականացումը եւ շարունակական ամրապնդումը մեր տարածաշրջանում: Նման զարգացման դեպքում ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ ավելի լայն տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կլինեն մշտական սպառնալիքի տակ: Այս ենթատեքստում պետք չէ մոռանալ նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Իրաքում՝ մասնավորապես կապված Իսլամական Խալիֆաթի հռչակման հետ: Իմ կարծիքով՝ այս գործոնների ազդեցության տակ եւ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ միջամտությամբ կամ պնդմամբ Սարգսյանը, ով քաջ գիտակցում է այն փաստը, որ բոլոր դեպքերում Արեւմուտքը, ի տարբերություն Ռուսաստանի, վստահելի գործընկեր է եւ այս պայմաններում կարող է փրկության օղակ հանդիսանալ ե՛ւ իր իշխանության, ե՛ւ հնարավոր է՝ անձամբ իր համար, ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու որոշումը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, անկախ դրդապատճառներից, Սարգսյանի այս քայլը, իմ կարծիքով, ի նպաստ Հայաստանի է, քանի որ նվազագույնը պահպանում է մեր ներկայությունը արեւմտյան համագործակցության կարեւորագույն շրջանակներից մեկում:

– Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանությունների սպասելիքները՝ հռչակագրի առումով, արդարացա՞ն: ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդհանրական ձեւակերպումների պատճառաբանությամբ նախորդ գագաթնաժողովներին նախագահի մակարդակով չմասնակցեց Հայաստանը, Ուելսի հռչակագիրը այդ առումով ինչո՞վ է տարբերվում Լիսաբոնի, Չիկագոյի հռչակագրերից:

– Հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների՝ ներառյալ ԼՂ հակամարտության վերաբերյալ նշված երկու հռչակագրերում տեղ գտած ձեւակերպումների միջեւ, ըստ էության, որեւէ տարբերություն չկա եւ ներկայիս իրավիճակում չէր էլ կարող լինել: Այդ ձեւակերպումները լիովին համապատասխանում են տվյալ հակամարտությունների նկատմամբ դաշինքի՝ տարիներ շարունակ վարած քաղաքականությանը, որն անփոփոխ է եւ ընդունված միջազգային փաստաթղթերի սահմանումներին: Նախկինում չմասնակցության հետ կապված պատճառաբանություններն ինձ համար հիմնավորված չէին եւ հասցեագրված էին միջազգային հարաբերությունների օրինաչափությունների, միջազգային կազմակերպությունների գործունեության եւ նման փաստաթղթերի մշակման եւ ընդունման սկզբունքներից եւ նրբություններից անտեղյակ հասարակության շերտերին: Ինչպիսին էին ՀՀ իշխանությունների սպասելիքները եւ ինչքանով դրանք արդարացան՝ ես չեմ կարող ասել, սակայն կասկածում եմ, որ իրենք իրականում որեւէ ակնկալիքների հիմքեր ունեին:

– ՆԱՏՕ-ի հռչակագրում նշվեց, որ դաշինքի անդամ երկրները պաշտպանում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, անկախությունը ու ինքնիշխանությունը, եւ շեշտվեց. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների եւ միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»: ՆԱՏՕ-ն այս աջակցությամբ ինչպե՞ս կարող է ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա այս փուլում:

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի համար մասնավոր նշանակություն չունեն առանձին վերցրած ոչ այս դրույթը, ոչ էլ այնքան այն պարբերությունը, որով ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբին՝ որպես հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված եւ ընդունված բանակցային ձեւաչափի: Սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանի ԱՄՆ-ի կողմից ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում որոշիչ հանդիսացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման եւ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներ անցկացնելու փաստը: Չմոռանանք, որ այս հանդիպումն անմիջապես հաջորդեց Սոչիում կայացած հանդիպմանը: Ինչպես արդեն նշեցի` Արեւմուտքի համար բացարձակապես ցանկալի չէ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու խնդրի լուծման համար բանալի հանդիսացող ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ամբողջովին հանձնել Ռուսաստանին, որը բացարձակապես հետաքրքրված չէ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմամբ: Այս ենթատեքստում Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պայմաններում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում՝ գագաթնաժողովի, որին չի մասնակցում Ռուսաստանը, կազմակերպված հանդիպումը եւ դրա արդյունքում արված հայտարարությունը ձեռք են բերում այլ հնչեղություն, մասնավորապես՝ ՌԴ համար, եւ այս պահին կարող են որոշ չափով սահմանափակել ՌԴ, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ակտիվությունը ԼՂ կարգավորման գործընթացներում, ինչն, իմ կարծիքով, բխում է նաեւ Հայաստանի եւ Արցախի շահերից:

– Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում ուկրաինական խնդրի հետեւանքով լարումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, այն էլ, երբ մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն: Եվ Հայաստանն ինչպե՞ս պետք է վարվի, հնարավո՞ր է այս պայմաններում «եւ-եւ»-ի քաղաքականություն, ու եթե նույնիսկ վարվի այդ քաղաքականությունը` այն կարո՞ղ է արդյունավետ լինել՝ հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները:

– Ուկրաինական հակամարտությանն իր ակտիվ ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական մասնակցության, Ղրիմի բռնազավթման արդյունքում ՌԴ-ն այսօր ընկալվում է որպես միջազգային անվտանգությանը եւ խաղաղությանը սպառնացող անկանխատեսելի պետություն: Բնական է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից Մոսկվայի կցորդի կամ խամաճիկ պետության կարգավիճակ ունեցող Հայաստանը, որը միջազգային ատյաններում, հիշենք՝ ՄԱԿ-ի շրջանակներում կայացած քվեարկությունը, կատարում է ՌԴ հրահանգները, ներկայումս դարձել է միջազգային արհամարհանքի եւ հեգնանքի առարկա: Ինչ վերաբերում է «եւ-եւ»-ի քաղաքականությանը, ապա Հայաստանը վաղուց սպառել է նախկինում մշակված ձեւաչափով նման քաղաքականություն վարելու հնարավորությունը, որը, մասնավորապես, անընդունելի եւ անարդյունավետ է նման լարվածության եւ հակամարտության պայմաններում: Ստեղծված իրավիճակում Հայաստանը, մեր քաղաքական, հասարակական ուժերը պետք է բոլոր հնարավոր միջոցներով, օգտագործելով միջազգային համագործակցության բոլոր շրջանակները, փորձեն պահպանել մեր ինքնուրույնության թեկուզ եւ մնացորդները, եւ խաղաղության ու կայուն զարգացման գաղափարների վրա հիմնված ու հստակ քաղաքական օրակարգով միավորված՝ ձգտեն հասնել այնպիսի ներքաղաքական համակարգային փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան մեզ պահպանել ոչ միայն մեր պետականությունը, այլ նաեւ մեր ինքնությունը:

– ՀՀ ԱԳ նախարարը մեկնեց Անկարա, մասնակցեց Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, նրան հանձնեց ՀՀ նախագահի հրավերը` հաջորդ տարի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Թուրքիայի նորընտիր նախագահը այսօր էլ ԼՂ հակամարտությունը նախապայման է ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում: Հույս ունե՞ք, որ պաշտոնական Անկարայի կողմից Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ քայլեր կարվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

– ԼՂ հակամարտության կարգավորումը, որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, կա եւ հակամարտության կարգավորման գործընթացում սկզբունքային փոփոխությունների բացակայության պայմաններում կմնա Թուրքիայի օրակարգում եւ կօգտագործվի վերջինիս կողմից ըստ նպատակահարմարության: Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Թուրքիայի կողմից որոշակի քայլեր կարվեն, չեմ բացառում նաեւ՝ թուրքական պատվիրակության մասնակցությունը զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Հիշենք, որ արդեն այս տարի, այդ պահին դեռ Թուրքիայի վարչապետ, իսկ ներկայումս նախագահ Թայիփ Էրդողանը ցավակցություն հայտնեց Ցեղասպանության զոհերի ժառանգներին, ինչը թուրքական իշխանությունների համար արտառոց քայլ էր: Սակայն ինչքանով այս քայլերը կունենան գործնական շարունակություն եւ կհամապատասխանեն ՀՀ շահերին` կախված է ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքներից եւ ՀՀ կողմից, ինչպես եւ բոլոր այլ դեպքերում, ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու եւ իր շահերը պաշտպանելու ունակությունից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    ՌԴ- ն այդ հարցում այնքան դանդաղեց, որ ուշացավ ինքնաթիռից և նստեց ամպերին:Անձրևաբեր ամպեր կուտակվեցին…Երկնքից սերժավրեժ կթափվի:

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    Սա ի սկզբանե էր սպառված, որ փաթաթեցին մեր վզին…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930