Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամին համ ասում են՝ պետպատվեր հասնում է, համ էլ ասում են՝ պիտի վճարես

Սեպտեմբեր 13,2014 15:30

2-րդ կարգի հաշմանդամ Աշոտ Սարիբեկյանը մի շարք հիվանդությունների «ձեռքը կրակն է ընկել» ու թեեւ տարիների ընթացքում հաշտվել էր այդ հիվանդությունների հետ, ամիսներ առաջ էլ նոր դժբախտություն «գլխին եկավ»: 54-ամյա այս տղամարդը առանց ձեռնափայտի չի կարողանում քայլել, իսկ ձեռնափայտով էլ դժվարությամբ է տեղաշարժվում, երկար քայլելուց շուտ հոգնում է: 16 տարեկանում, Աշոտի խոսքերով՝ տրակտորի տակ է մնացել ու ոտքը «ջարդուփշուր» արել, թեեւ բժիշկները հազիվ «խելքի են բերել», սակայն ամբողջ կյանքում հաշմանդամ է մնացել: Աշոտն ասում է՝ օրերով այնքան է սոված մնացել, մի նորմալ սնունդ չի ստացել, որ վերջը մի օր գլուխը պտտվել, արյան ճնշումն էլ բարձրացել է, սրանց գումարած՝ տեղաշարժման խնդիրը, իր բնակարանում ընկել էր ու 2 տեղից թեւը կոտրել:

Այս տղամարդը բժշկական փաստաթղթերը ձեռքն առած այս ու այն հիվանդանոցների դռներն է թակում. ամեն տեղ մերժում են, ասում են՝ վիրահատությունն արժե 400 հազար դրամ: «Ես, որ շատ էլ ուզեմ, հացի փող չծախսեմ, գազ ու հոսանք չօգտագործեմ, էլի չեմ կարա 400 հազար դրամ հավաքեմ: Մենակ եմ ապրում, 24 հազար դրամ ա հաշմանդամությանս թոշակը, չեմ էլ աշխատում: Ինձ ոչ մի տեղ գործի չեն ընդունում. շինարարության վրա չեմ կարա աշխատեմ, մի ժամանակ պահակ էի աշխատում, էն էլ օբյեկտը փակվեց, վերջերս էլի պահակի գործ էի ման գալիս, ուր գնում էի, ասում էին՝ մենք մեր անվտանգության աշխատողներն ունենք, պահակ պետք չի: Ի՞նչ անեմ, գնամ մեռնե՞մ»: Աշոտ Սարիբեկյանը պատմում է, որ թեւը կոտրելու օրը առաջին բուժօգնությունը՝ անվճար, «Մալաթիա» հիվանդանոցում են ցուցաբերել, գիպս են դրել ու հորդորել զգույշ լինել, թեւը չշարժել, բայց չի հաջողվել. «Դե, ախր մենակ եմ ապրում, օգնող չունեմ, ու թեւս գիպսի մեջ մի անգամ էլ ընկա: Ուժեղ ցավեր ունեի, էլի գնացի հիվանդանոց, ըտեղ ասին, որ պիտի ապերացիա անեն, արդեն՝ փողով: Որ իրանց ասած փողը չունեի, չարեցին»: Աշոտի ներկայացմամբ՝ հարազատներից մեկն աջակցել է, ու Արտաշատի հիվանդանոցում մատչելի գներով վիրահատել են, բայց ասում է՝ «ունքը հանելու փոխարեն՝ աչքը հանեցին»: Այս վիրահատությունից հետո ուժգին ցավերը հանգիստ չէին տալիս, հետո նորից ընկավ բժշկի դռներն ու էլի նույն պատմությունը՝ պետք է վիրահատել, գինը՝ 400 հազար դրամ, մետաղյա կոնստրուկցիա պետք է տեղադրվի, որը միակ միջոցն է թեւը վերականգնելու: Նշված գումարը հայթայթելու համար Սարիբեկյանը դիմել է Մալաթիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին, վերջինս, ճիշտ է, գումարով չի օգնել, բայց մեծահոգաբար «լուսավորել է» իր շրջանի բնակչին՝ «Որպես 2-րդ կարգի հաշմանդամ՝ ձեր բուժօգնությունը պետք է կատարվի անվճար, քանի որ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշման՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին ¥հատուկ¤ խմբերի ցանկում ընդգրկված անձանց բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում»: Մինչ թաղապետի «լուսավորումը»՝ Սարիբեկյանին առողջապահության նախարարությունից վաղուց արդեն «լուսավորել էին»՝ մետաղական կոնստրուկցիան պետպատվերի ցանկում ներառված չէ: Աշոտ Սարիբեկյանն էլ թաղապետի գրավոր պատասխանը ձեռքին էլի դիմել է հիվանդանոցներին ու էլի մերժվել: Նախարարությունից «Առավոտին» վստահեցրին, որ պետպատվերի շրջանակում կարող են Սարիբեկյանի միայն վիրահատության գումարը փոխանցել, իսկ մետաղական կոնստրուկցիան հիվանդն իր միջոցներով պետք է ձեռք բերի:

«Մի տղա ունեմ, նա էլ հաշմանդամ է՝ արյան լեյկոզի համար, հիմա Ռուսաստանում է, նա էլ չի կարա ինձ օգնի, հազիվ իրան ա պահում»,- համարյա լաց լինելով ասում է Աշոտը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930