Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնակարանի գնորդին կալանել են, ապա «գլխի ընկել», որ քաղաքացիական գործ է

Սեպտեմբեր 13,2014 15:00

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի վարույթում է գտնվել երկու տարի առաջ Զարուհի Պողոսյանի հաղորդումը: Ըստ այդ հաղորդման, Խանջյան փողոցի իրենց բնակարանը վաճառելու նպատակով առքուվաճառքի պայմանագիր է կնքվել Արփինե Մայսուրյանի հետ: Բնակարանը երեք տարի առաջ գնել է Ա. Մայսուրյանը, սակայն, ըստ հաղորդում տվողի, գումարի մի մասը գնորդը չի տվել:
Նախապատրաստվել էին նյութեր, անգամ երեսունմեկամյա Արփինե Մայսուրյանի նկատմամբ խափանման միջոց է փոխվել, նրան ազատազրկել են մեկ ամսից ավելի, պահել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Հետագայում երկու միլիոն գրավով խափանման միջոց է կիրառվել:

Արփինե Մայսուրյանը բացատրություն է տվել եւ հայտնել է, որ ստորագրել է ստացական, համաձայն այդ ստացականի՝ գումարը փոխանցել է Զարուհի Պողոսյանին:
Ապա գնացել են Կենտրոն նոտարական գրասենյակ, որտեղ կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը: Նույնը պնդել է նաեւ Արփինեի մայրը` Կարինե Ասլանյանը, հայտնել, որ նոտարական վավերացումից հետո է բնակարանի գումարը տրվել, եւ մինչ օրս իրենք ապրում են իրենց գնած բնակարանում:

Քրեական գործի նախապատրաստման ընթացքում ստացականը ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության, եւ փորձագետը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ Զարուհին ինքն է ստորագրել եւ գրել, գրառումները նրանն են:
«Քննությանը վերաբերող այլ տվյալներ չեն հայտնաբերվել»,- գրել էր քննիչն իր որոշման մեջ, ապա նաեւ ակնարկել, որ այս վեճը ենթակա է քաղաքացիաիրավական հարաբերությունների համատեքստում լուծվելու:

Քրեական գործ չի հարուցվել՝ Արփինե Մայսուրյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Զարուհի Պողոսյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու եւ բնակարանից վտարելու պահանջի մասին հայցով:

Այս գործով երրորդ անձ էր ճանաչվել Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Մարինե Մանուկյանը:

Ըստ հայցվորի, չորս տարի առաջ իր վաճառած բնակարանի արժեքը կազմել է 10.180.000 դրամ, եւ դա եղել է կողմերի համաձայնությամբ: Հայցվորը պնդում է, որ «Չնայած պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով եւ պայմանագրում առկա է բնակարանի արժեքը, սակայն պատասխանողը նշված գումարը ինձ չի տվել, ցանկանում է բնակարանը շտապ վաճառել եւ խաբեությամբ տիրանալ իմ գույքին»:
Խոսքը մինչեւ քսանութ հազար դոլար արժողության բնակարանի մասին է, ըստ հայցվորի, իրեն Արփինեն տվել է հինգ հարյուր դոլար գումար, իր վստահությունը ձեռք բերելու համար:

Արփինե Մայսուրյանը տեղեկացնում է, որ Զարուհի Պողոսյանը ոստիկանություն է դիմել մեկ տարի հետո, ինչը խոսում է նրա ասածների անարժանահավատության մասին:
Բացի դա, գործում առկա դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ ստացականն ամբողջությամբ գրվել է Զարուհի Պողոսյանի կողմից, եւ որ երեսուն հազար դոլար գումար է Արփինեի հայրն Ուկրաինայից ուղարկել, եւ դրանով է գնվել բնակարանը:

Այս գործով փորձ են արել Արփինեի հետ կապել մի տղայի անուն. որը, պարզվել է, նշանված չի եղել հետը եւ ընդհանրապես կապ չի ունեցել բնակարանի գնման հետ:
Արփինե Մայսուրյանը «Առավոտի» հետ զրույցում նաեւ հայտնեց, որ ոստիկանությունում իրեն մի քանի օր պահելով՝ հորդորում էին, որ ասի, թե բնակարանի գումարը ինքը չի տվել, եւ բաց կթողնեն:

Գործը գտնվում է դեռ դատարանում, բնակարանից վտարելու պահանջի մասին հայցը մեկ անգամ մերժվել է, հասել Վճռաբեկ դատարան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930