Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք անկեղծ զինվոր ենք

Սեպտեմբեր 13,2014 14:30

Հարցազրույց «Վրիժառուներ» գնդի հրամանատար Վրեժ Ղազարյանի հետ (Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց, 1990թ. նոյեմբերի 5)

Սկիզբը

-Ղարաբաղ ճանապարհ բացել՝ նշանակում է առճակատում խորհրդային զորքի հետ: Սովետաշենի դեպքերը հատկապես քեզ համար դաս պիտի լինեն: Պարզեցի՞ք կազմակերպիչներն ովքեր են:

– Իհարկե: Ասեմ: Մայիսի 26-ին եղանք Վլադիմիր Մովսիսյանի մոտ: Ներկա էին բոլոր ջոկատների հրամանատարները: Խոսեցինք, պայմանավորվեցինք՝ հանգիստ անցկացնել անկախության տոնը: Մասնակցում էին նաեւ Աշոտ Մանուչարյանն ու Վազգեն Սարգսյանը: Եկանք համաձայնության, որ բոլորս համատեղ այդ օրը կարգուկանոն ապահովենք: Բայց քանի որ ՀՀՇ-ն չէր ուզում, որ անկախության տոնը առաջին անգամ նշվի Կոմկուսի օրոք, որոշեցին սարքել այդ խաղը:

Ուրեմն նրանք վերադառնում են շտաբ, հավաքում ջահել, անփորձ, 20-21 տարեկան մի վեց տղայի, ուղարկում կայարան, թե եկող զինվորներին զինաթափեք: Մինչ այդ, զինվորները զգուշացվում են, թե այսպիսի տղաներ են ձեզ վրա հարձակվելու, կրակեք, առանց նախազգուշացնելու: Էդպես էլ լինում է: Տղերքը չէին հասցրել ատրճանակները հանել, խփել էին: Լուրն առա, թռա կայարան: Գնդապետը դեմս դուրս եկավ, թե՝ գործ չունես, կխփեն, ներսը լիքը զինվորներ կան: Ետ եմ դառնում, Անկախության բանակի տեր Հակոբին ուղարկում ենք Սովետաշեն՝ զորքի առաջխաղացումը պահելու: Ետ ենք դառնում պարզելու, թե խփվածները ում տղերքն են: Պարզում ենք՝ ՀՀՇ-ի:

Բռնում ենք ջոկատի հրամանատարին՝ Գեւորգ է կարծեմ անունը, մականունը՝ Քյոռ: Մի լավ ծեծում ենք: Խոստովանում է, իր տղերքն են: Սրան թողնում ենք՝ թող էս երեխեքին թաղենք, նոր քո դատը կանենք: Ես չգիտեի, որ կռիվ է գնում: Ավետը գալիս է իմ ետեւից, գնամ տեսնեմ ինչ…զրահամեքենաները կրակի հեղեղ են թափում մայթերին: Տեսնում եմ մերոնց՝ Գեղամյանին, «Սասունցի Դավիթ»-ից Ռուբոյին, որ գնացել էին բանակցությունների, «Տիգրան Մեծի» տղաներն էին զոհվել: Անկախության բանակի տղաները մնացել էին կրակի տակ, Խչոն իր տղերքից չորսին հանեց նրանց պաշտպանելու:

Աստված մեր կողմն էր, որ չմեռանք: Քարերին, թմբերին, ինչին ասես, գնդակ էր դիպչում, էնքան էի կրակել, որ ձեռքս վառվում էր: Չգիտեմ, ինչքան էի կրակել, Վահանը կողս բոթեց՝ էլ չեն կրակում, հանգստացիր: Սարից իջնում, հարցնում եմ՝ քանիսն են զոհվել: Ասում են՝ 27: Լավ էինք պրծել, հազարավորներ կարող էին զոհվել:

Ուրեմն ինչ է թե ՀՀՇ-ն չուզեց, որ եռագույնը կոմունիստական ղեկավարության օրոք բարձրանա, սարքեց էս ողբերգությունը: Բայց ախր ինչ տարբերություն, կարեւորը, որ էդ դրոշը բարձրացվեր: Ինչ է, կոմունիստները հայ ժողովուրդ չե՞ն: Պետք էր կշռադատել, նոր քայլ արվեր: Այ, երբ սովորենք լուրջ մտածել քայլ անելուց առաջ, էն ժամանակ էլ կհաղթենք:

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930