Վարդուհի Մինասյանը չի տրտնջում
Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Մենակատարների պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Վարդանյան) ղեկավարեց Վարդուհի Մինասյանը (լուսանկարում):
Չգիտես որ տրամաբանությամբ՝ տղամարդկային մասնագիտություն համարվող նվագախմբային կին դիրիժորները մատների վրա են հաշվվում ոչ միայն մեզանում, այլեւ աշխարհում: Նրանք փոքրաթիվ են նաեւ Վիքիպեդիայում: Այդ ընտրանիում տեղ են գտել Վերոնիկա Դուդարովան, Սվետլանա Բեզրոդնայան, Տատյանա Կոլոմիյցեւան, Սառա Կոլդուելը, Նադյա Բուլանժեն, մեր հայրենակից Նվարդ Անդրեասյանը (Թուրքիա) եւ այլն: Հավանաբար քչերին է հայտնի, որ 1942թ. Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջին ներկայացման՝ Ռ. Նելսոնի «Թագավորը զվարճանում է», նվագախումբը ղեկավարել է Ռաիսա Սարկիսովան:
Շուրջ 20 տարի առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը իրեն որպես ասիստենտ եւ դաշնակահար-կոնցերտմայստեր նշանակեց Վարդուհի Մինասյանին: Այդ տարիներին հանդիսատեստը դիրիժորին հանդիպում էր «Երեւան», Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբերը, Չայկովսկու եւ Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցների մանկապատանեկան կոլեկտիվները ղեկավարելիս: Վարդուհի Մինասյանն այսօր էլ շարունակում է իր աշխատանքը Ֆիլհարմոնիկ նվագախմբում, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ դարձյալ դիրիժորի ասիստենտի եւ դաշնակահար-կոնցերտմայստերի կարգավիճակում: Սակայն նրան երբեւէ չենք հանդիպել նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ: Բայց գոնե մասնագիտական շրջանակներում հայտնի է, որ «չերեւացող» դիրիժոր Մինասյանը իր ուսերին է կրում աշխատանքի ծանրությունը:
«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը չնեղսրտեց իր՝ իբրեւ դիրիժորի չերեւալու առիթով, ընդհակառակը, տիկին Մինասյանի խոսքերով՝ ստեղծագործական մեծ բավարարվածություն է պարգեւում իր աշխատանքը: «Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացրած ավելի քան 10 օպերային նախագծերում մասնակցություն եմ ունեցել իբրեւ դաշնակահար-կոնցերտմայստեր: Պատրաստել եմ տարբեր դերերգեր Սիրանուշ Գասպարյանի, Արծվիկ Դեմուրչյանի, Իրինա Զաքյանի, Պերճ Քարազյանի, Հովհաննես Այվազյանի եւ այլ օպերային երգիչների հետ: Վերջին աշխատանքս Շուշիում կայացած Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի պրեմիերան էր: Որպես դաշնակահար հաճախակի ելույթներ եմ ունենում տարբեր կամերային կազմերում, համագործակցելով հիմնականում ալտահար Գոռ Հովհաննիսյանի, ջութակահար Թերեզա Նաչարյանի, թավջութակահար Արմինե Պետրոսյանի հետ: Արդեն 20 տարի է՝ դասավանդում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անսամբլային ամբիոնում: Շատ եմ սիրում աշխատել մանկական նվագախմբերի հետ»,- հայտնեց դիրիժորը: Հավելեց նաեւ, որ իբրեւ անսամբլի երաժիշտ, առաջին անգամ մասնակցել է հոլանդացի կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերի ստեղծագործությունների երեւանյան պրեմիերաներին:
Իբրեւ նվագախմբի դիրիժոր, չերեւալով հանդերձ, Վարդուհի Մինասյանը հավաստիացրեց, որ եթե ընտանիք չկազմեր, ապա «ընտանիքը կլիներ նվագախումբը»: Ասաց նաեւ, թե խիտ է աշխատանքային գրաֆիկը, բարդ է այն համատեղել, իր խոսքերով՝ «միակ հարստությանս՝ ընտանիքիս հետ»: Այդ հարցում էլ, մեր զրուցակցի հավաստմամբ, մեծ օգնություն է ցուցաբերում ամուսինը՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հովհաննես Պապիկյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2014