Կոնստանտին Կեյանուի «Կոնտեյներում» պիեսը՝
ղազանչյանական մեկնաբանությամբ
Օրերս պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ «Կոնտեյներում» ներկայացման պրեմիերան՝ ըստ Կոնստանտին Կեյանուի համանուն գործի: Ներկայացումը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը, ներկայացման մեջ ներգրավված էին Արտաշես Շահվերդյանը, Արթուր Կարապետյանը, Իշխան Ղարիբյանը եւ Սամվել Դանիելյանը:
«Կոնտեյներում» պիեսը հայտնի գործ է, այն բեմադրել են բազմաթիվ ռեժիսորներ, ընդ որում՝ առաջինը հենց հեղինակն է բեմադրել Քիշնեւում, որը հետո ներկայացվել է Դրեզդենում կայացած «Szene: Moldau» փառատոնին: Իմիջիայլոց, «Կոնտեյներում» պիեսը ներառված է «Ժամանակակից բեսարաբյան դրամատուրգներ» անթոլոգիայում:
Սա դոկումենտալ տրագիկոմեդիա է, որը անդրադառնում է հատկապես մեր օրերում արդիական թեմային՝ արտագաղթին: Մարդիկ ամեմ գնով պատրաստ են հեռանալ Մոլդովայից:
Խոսքը տվյալ պարագայում Մոլդովայի մասին է, բայց գաղտնիք չէ, որ խնդիրն առկա է նախկին Խորհրդային միության տարածքի բոլոր երկրներում: Շատերը պատրաստ են ողորմելի պայմաններով ու առանց կարգավիճակի ապրել «դրսում», քան իրենց հայրենիքում, պատրաստ են ուրանալ սեփական ինքնությունը եւ հանդես գալ այլ ազգության անձնագրով: Ներկայացմանը յուրատեսակ երանգ են հաղորդում մասնավորապես երկու միգրանտների աշխույժ երկխոսությունները՝ իրենց ձախողումների ու փախստականի ժամանակավոր հաջողությունների մասին, ինչպես նաեւ դաժան ինքնածաղրանքը: Հետագայում նրանց է միանում երրորդը, որը պետք է փամփերս հագած, կոնտեյների մեջ թաքնված, ընդամենը փոքրիկ ձողիկով օդ շնչելով անցներ սահմանը: Դերասանները հաղթահարել էին իրենց առջեւ դրված խնդիրը, ինչին լրացնելու էին գալիս ռեժիսորական լուծումները:
Կարդացեք նաև
Ինչ խոսք, նյութը քմահաճ էր ու սովորականից դաժան, ու հանդիսատեսներից ոչ բոլորն են ունակ նման զգացմունքային «բեռ» կրելու, բայց ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ դա է իրականությունը՝ առանց գունազարդումների:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2014
Հա իբր ինչ?
Օտարամոլ ենք: