Ֆեյսբուք սոցիալական ցանցում րոպե առ րոպե ավելանում է «Իմ ամենասիրելի 10 գիրքը» ֆլեշմոբի մասնակիցների թիվը: Օգտատերերը հրապարակում են այն գրքերի անվանումները, որոնք իրենց աշխարհայացքն են ձեւավորել եւ tag-երի միջոցով հրավիրում են իրենց ընկերներին, որպեսզի նրանք նույնպես բացահայտեն իրենց տասնյակը: «Տարաբնույթ ֆլեշմոբների սիրահար չեմ, բայց գրքի ու ընթերցանության հետ կապված ամեն տեսակ ակցիայի պատրաստ եմ մասնակցել: Եվ նաեւ իմ ուժերի չափով առաջխաղացման հնարավորություն ստեղծել:
Պատահական ստացված այս ակցիան հետաքրքիր ու կարեւոր է: Երեւի թե առաջին անգամ գիրք կարդացողները, թեկուզ պատահականորեն, կարողացան վրեժ լուծել չկարդացողներից: Ֆլեշմոբը ինձ նաեւ մի շարք հետաքրքիր դիտարկումներ կատարելու առիթ տվեց: Օրինակ, նկատեցի, որ Դոստոեւսկին, Ստրուգացկի եղբայրները, Օրուելը, Միլան Կունդերան, Հերման Հեսսեն ու Քամյուն, Կաֆկան ամենից հաճախ շրջանառվող անուններն են: Ընթերցել եմ իմ լրահոսում հայտնված համարյա բոլոր ցանկերը ամենայն ուշադրությամբ, ինքս ինձ համար անուններ դուրս բերել՝ հետագայում կարդալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց գրականագետ Հասմիկ Հակոբյանը: «Գրանիշ» գրական հանդեսի հիմնադիր Կարեն Անտաշյանի կարծիքով՝ ֆլեշմոբը գրքերի մասին վերհիշելու եւ վերհիշեցնելու լավ առիթ է, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նրա ձեւակերպմամբ. «Դա նաեւ խոստովանություն է, որ, այնուամենայնիվ, գրքերը կարեւոր դեր են խաղացել մեր ուղեղի գորշավուն բջիջների ձեւավորման վրա, գրամոլները քիչ են, բայց ինտելեկտուալ ֆետիշիզմի այս ծայրահեղական դրսեւորումը նույնպես օգտակար է բացահայտել»: Նա կարծում է, որ եթե հրատարակիչները գլխի ընկնեն՝ այս ֆլեշմոբով անվճար մարքեթինգային հետազոտության լավ հումք է ապահովվում՝ հրատարակվելիք գրքերի ընտրության համար:
ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2014
Ընդամենը ինքնացուցադրանք է:
Անհաջող հոդված էր: