Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծնողները բողոքում են «Ադամյան» ՍՊԸ-ի տնօրենից

Սեպտեմբեր 13,2014 12:30

Հաստատության ղեկավարը ՀՀ երկրորդ նախագահի խոսնակի մայրն է

Երեւանի թիվ 147 դպրոցում տարիներ շարունակ ծնողներից գումարներ էր հավաքվել, այս մասին վկայում են ծնողները, եւ ըստ նրանց՝ հավաքված գումարների նպատակը մեկը պետք է լիներ՝ վերանորոգումը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարն արգելել է աշակերտներից գումար հավաքելը, անկախ նրանից, թե ինչի համար դա անհրաժեշտ կլինի: Ի դեպ, դպրոցի նախկին տնօրենը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մայրն է՝ Լարիսա Ադամյանը: Հավելենք, որ ծնողներին վերջապես հաջողվում է իրենց հաշվին վերանորոգել դասասենյակները, կահավորել ու քիչ թե շատ պատշաճ տեսքի բերել։ Ծնողները փաստում են, որ նախկին տնօրենի հասցեին պարբերաբար հոդվածներ են տպագրվել, քանի որ անթիվ բողոքներ են եղել, սակայն այն փաստը, որ վերջինը երկրորդ նախագահի մամուլի խոսնակի մայրն է, իրեն անձեռնմխելիություն է պարգեւել, ու նա եղել է այն տնօրեններից, որին ոչ ոք ոչինչ չի կարող անել։

Երբ պարզվում է, որ թիվ 147 դպրոցի տնօրենը փոխվել է, ծնողներն ուրախանում են, սակայն ուրախությունը շատ կարճ է տեւում, երբ բացահայտում են, որ դպրոցի վերանորոգված հատվածը դարձել է առանձին ՍՊԸ, նախկին տնօրենի ազգանունով՝ «Ադամյան դպրոց» ու Լարիսա Ադամյանն էլ ղեկավարն է։ Պարզվում է նաեւ, որ այդ ՍՊԸ-ն ունի համապատասխան լիցենզիա՝ տրված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ստորագրությամբ, որին եւս տեղեկացրինք ահազանգերի մասին: Հավելենք, որ այժմ այդ դպրոցում երեխաները սովորում են բետոնապատ հատակի վրա՝ իսկ նորից վերանորոգելու համար ծախսեր են պետք։ Ծնողների ուզածը մեկն է՝ իրենց երեխաները սովորեն նորմալ պայմաններում:

«Առավոտը» կապվեց Լարիսա Ադամյանի հետ, թե 147 դպրոցում սովորող երեխաների ծնողները պնդում են, որ այն հատվածը, որը Դուք եք զբաղեցնում, իրենց հաշվին է վերանորոգված ու երեխաները ոչ նորմալ պայմաններով դասասենյակներում են սովորում, տիկին Ադամյանը պատասխանեց. «Դա զրպարտություն է: Տարածքը վերանորոգվել է այս տարի, իմ հնարավորությունների սահմաններում, դասասենյակներին անգամ ձեռք տրված չէ, ու այն, ինչ իրենք ասում են, թե արել են, այդպես չէ: Միջանցքներն ու ուսուցչանոցը եւս իմ հնարավորություններով է վերանորոգվել»:

Մյուս հարցին էլ, թե գումարներ չե՞ն հավաքվել երեխաներից 147 դպրոցում՝ Ձեր տնօրինության տարիներին՝ Լարիսա Ադամյանը պատասխանեց. «Ոչ: Բացարձակ: Այդ մասին գիտի եւ քաղաքապետարանը, եւ կոլեկտիվը, ես պարզապես զարմանում եմ, որ կարող է այդպիսի խոսակցություն լինել: Ապշում եմ, այդպիսի բան հնարավոր չէ, գուցե ինչ-որ դատարկ մարդ ուզում է վատության կարգով նման բան իրեն թույլ տալ: Մի հիմնվեք դրա վրա»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Քանի որ ծնողները բողոքում են, տնօրենը՝ հերքում, պատկան մարմիններին առաջարկում ենք ստուգել դպրոցի ֆինանսական աղբյուրները՝ խնդրին լուծում տալու համար:

«Առավոտ» օրաթերթ
12.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930