Ճանաչված նկարիչ Ալեքսանդր Սադոյանը 18 տարի է, ինչ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսօր նա իր 60 –ամյակը կնշի ընտանիքի հետ:
Մեր զրույցը սկսվեց հենց այդ հարցից.
– Ծննդյան օրերին մարդկանց մի մասը գերադասում է նշել «նեղ» շրջանակներում, մի մասը նախընտրում է աղմկոտ խնջույքները, ճանապարհորդությունը: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում նշել:
-Այստեղ ծնունդ հասկացողությունն այլ կերպ է, Հայաստանում` այլ: Այստեղ կարող են քեզ չնեղացնելու համար գալ, մի բաժակ սուրճ խմել, մի մասը զբաղված են: Եղել է տարի, որ ծննդյան օրս չեմ նշել:
Կարդացեք նաև
-Սովորաբար, ծննդյան օրերին մարդիկ, արվեստագետներն ամփոփում են իրենց արածն ու չարածը, տխրում են, հիանում իրենց ձեռքբերումներով: Ձեզ մոտ ինչպե՞ս է:
-Ես իմ կյանքում չեմ ռեալիզացրել այն, ինչ որ ցանկացել եմ: Շատ ժամանակ հենց այնպես անցել է, ես չեմ նկարել: Որ կարողանայի նկարել, ինձնից հետո ավելի պրոդուկցիոն բաներ կթողնեի: Բայց քանի որ տեղ չի եղել, պայմաններ, դրա համար չեմ կարողացել շատ նկարել: Ինչ էլ նկարել եմ՝ հոգով եմ արել: Կարեւորը որակն է, քանակը չի եղել, այլ այն, թե քեզանից հետո ինչ ես թողել: Երկու գործ էլ եթե թողնես, ու մարդիկ հիշեն քեզ, դա մեծ բան է:
-Պարոն Սադոյան, վերջին տարիներին, որքան տեղյակ եմ, եւ հետեւում եմ Ձեր ցուցահանդեսներին, ավելի շատ հոգեւոր թեմաներով եք ստեղծագործում:Մասնավորապես, Ձեր «Եկեղեցիներ» շարքը նկատի ունեմ: Տարի՞քն է, որ բերեց թեմայի փոփոխություն, թե՞ կա մեկ այլ ոգեշնչման աղբյուր:
-Ես Ամերիկայում եմ ապաշխարել, հավատացյալ եմ: Իմ նկարչությունն այդ իսկ պատճառով ամբողջությամբ փոխվեց:Ես հոգեւոր թեմաներով եմ նկարում միայն, պարտադիր չէ, որ մարդ նկարեմ: Հոգեւոր թեման գույն է, գույնի կանչ է, թրթիռ է, իմաստության նման մի բան է:
Կարեւորը նկարչության մեջ մաքրությունը տեսնելն է, պայծառությունը, կյանքը: Նկարին նայում ես ինչի՞ համար՝ որ մաքրվես, չէ՞: Եթե նայես ու վատ զգաս, դա ոչինչ քեզ չի ասում, ինչպես վատ երաժշտությունը:Բայց այսօր մարդիկ տարբեր ճաշակներ ունեն. մի մասն այլ բան է սիրում, մի մասն էլ՝ մի այլ բան: Խառնվել են վատն ու լավը, չեն հասկանում ո՞րն է ճիշտը, ո՞րն է սխալը:
-Դուք բարեբախտություն ունեք Ամերիկայում գտնվելով շփվել տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ: Հոգեւոր թեմաների նկատմամբ ինչպիսի՞ն է Ամերիկայում ապրող այլազգիների վերաբերմունքը:
-Հրաշալի են ընկալում նկարիչներին: Խտրականություն չկա: Կարող է թուրք բանաստեղծ լինի, բայց տաղանդավոր լինի, ասեն՝ լավ է գրում, Աստված շնորհ է տվել: Մենք պիտի գնահատենք արվեստագետին: Շատ ազգեր չեն ընդունում այլազգիներին: Մենք բոլորին պիտի ընդունենք հավասար: Որոշողը անհատականությունն է, տաղանդը:
-Նկարիչներն հաճախ են ասում, որ ունեն իրենց սիրած գույնը, որը բոլոր կտավներում «դերակատարում» ունի: Ձեր ինքնաարտահայտման գույնը ո՞րն է:
-Քանի որ ես հայ եմ, մեր դրոշի երեք գույներն եմ սիրում: Ուղղակի դեղինը, կարմիրը, կապույտը սիրում եմ, հրապուրում: Բոլոր գույներն էլ իրենց տեղն ունեն:Ես աշխարհի բոլոր գույներն էլ սիրում եմ: Իմ նկարչությունը գույների նկարչություն է: Իմ ասելիքը գույների մեջ է, Աստված պարգեւել է, եւ մենք էլ վերարտադրում ենք:
-Կա՞ մի մտահղացում, ցանկություն, որ չեք հասցրել իրականացնել:
-Ինչ խոսք, ստեղծագործող մարդը չի կարող բավարարվել ձեռքբերածով: Ամեն օր նոր կյանք է, նոր ճանապարհ, նոր մտքեր: Վաղը նոր բաներ եմ ուզում գտնել իմ կյանքում: Ասելիք պիտի ունենաս տարիների մեջ: Աշխարհին ասելիք պիտի ունենաս: Առաջիկա ցուցահանդեսս կլինի հունվարին, Սանտա Մոնիկայում, շքեղ պատկերասրահում: Պետք է անվերջ նկարել: Նկարիչը պետք է ցուցադրվի:
-Հայաստանում նկարիչների համայնքը մեր իրականության նախշերից մեկն է: Ամերիկայում հայ նկարիչների համայնքում ովքե՞ր են, ինչպիսի՞ն են ձեր փոխհարաբերությունները, շփում գոյություն ունի՞:
-Իհարկե, ունենք լավ նկարիչներ, ովքեր եկել են Հայաստանից եւ բնակվում են այստեղ: Իմ ընկերներն են՝ Սամվել Համբարձումյան, Սամվել Հալաջյան, Քիքի, Րաֆֆի Ադալյան, իր տեսակի մեջ ամեն մեկը տաղանդավոր նկարիչ է: Ինչ խոսք, հանդիպում ենք ցուցահանդեսներին, ուզում ենք մեր արվեստն առաջ տանել: Բարդ է, բայց անհնարին բան չկա: Եթե Արշիլ Գորկին գրավեց Ամերիկան, հայ որեւէ տաղանդավոր նկարիչ կարող է հասնել այստեղ մի բանի:
-Պարոն Սադոյան, Ամերիկայի ճանաչված նկարիչներից մեկն եք, ցուցադրվել եք հարյուր եւ ավելի ցուցահանդեսներում: Հայաստանից, մասնավորապես , Սփյուռքի նախարարությունից, նկարիչների միությունից հասցրե՞լ են շնորհավորել ձեզ ծննդյան օրվա առթիվ:
-Նրանց հետաքրքիր չեն նկարիչները, արվեստագետները: Նրանց հետաքրքիր չի, թե Ալեքսանդր Սադոյանի ծննդյան օրն է, էն մյուսը դժվար պայմաններում է ապրում: Եթե իմացան Ամերիկան քեզ ծափ է տալիս, վաղը գուցե իրենք էլ ասեն` Ալեքսանդրը լավ նկարիչ է:
-Ամերիկյան հանգիստ կյանքը չի՞ խանգարի Ձեր ներշնչանքին:
-Ամերիկայում հանգիստ կյանք չկա: Որեւէ մեկին թող չթվա, թե պիտի պառկես ու քնես: Այստեղ գալիս են աշխատում, մինչեւ կյանքի վերջ: Երանի այն մարդուն, ով ստեղծագործում է այս երկրի մեջ: Ես ինձ լավ եմ զգում ստեղծագործելով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լավ նկարներ են:
Այսօրվա Հայաստանը մեծ ու փոքր չարչիների երկիր է. արվեստագետն ու մտավորականը «ցանցառ հարիֆներ» են: Մականունավոր, հաստավիզ, մի կիլո ոսկե խաչ կախածների երկիրն է՝ ռուսական «կրիշով»:
Ամերիկան ծափահարի – չծափահարի , Հայաստանում արվեստագետը գնահատվում է շա՜տ ուշ: Աստված երկար կյանք , արևշատություն տա Ալեքսանդր Սադոյանին , ստեղծագործական հաջողություններ և ցուցահանդեսներ՝ աշխարհի լավագույն պատկերասրահներում :
Շնորհավոր ծնունդդ , Սաշա: