Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը Գյումրու Հնոցավան կամ որ առավել հայտնի է` Բարաքներ կոչվող թաղամասի սեփական տներից մեկի երկրորդ հարկում` իր եղբոր տանը, կախվել էր 51-ամյա Ս.Գ-ն: Թե ո՞րն էր եղել ինքնասպան լինելու պատճառը, այս պահին քննչական մարմնի կողմից ուսումնասիրություններ են կատարվում: Քանի որ թաղում խոսակցություններ էին տարածվել, թե վերջինս զբաղվել է մանկապղծությամբ, փորձել է բռնաբարել հարևանի 6-ամյա տղային ( այս փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ կա հարուցված), նմանապես ոտնձգություններ է կատարել իր 11-ամյա դստեր ու 9-ամյա որդու նկատմամբ, Aravot.am-ն այսօր եղավ այդ թաղամասում: Մենք հատ-հատ լսեցինք հարևաններին, ինչպես նաև ինքնասպան եղած տղամարդու կնոջ պարզաբանումները:
Հարևանների պատմելով, Ս.Գ-ն 4 երեխա ունի, երեք տղա և մի աղջիկ: Չորրորդ երեխան ծնվել է մեկ շաբաթ առաջ: Նրա առաջնեկները` 11-ամյա դուստրն ու 9-ամյա որդին, անընդհատ փախել են տնից: Ըստ հարևանների, երեխաներին մի անգամ գտել են Երևան տանող ճանապարհից, մյուս անգամ գնացքի մեջ, երրորդ անգամ փախել-գնացել են մոր հայրական տուն`Ջաջուռ: Մի խոսքով, ըստ հարևանների, երեխաներն անընդհատ կորել են, ծնողներն էլ անընդհատ ոստիկանություն են դիմել: Ըստ նրանց, անչափաս աղջիկն ու տղան վերջին անգամ փախուստի են դիմել հոր ինքնասպանության օրը: Հայրը, հարևանների ասելով, անառակաբարո գործողություններ է փորձել կատարել թե աղջկա, թե տղայի նկատմամբ, վերջիններս էլ տնից փախել, գնացել են Ջաջուռ գյուղ:
Ծնողները հերթական անգամ դիմել են ոստիկանություն, թե երեխաները չկան: Ոստիկանությունը փնտրել է նրանց, գտել Ջաջուռում, սակայն երեխաները հրաժարվել են տուն վերադառնալ:
Վերջիններս տանը տիրող մթնոլորտից որոշակի մանրամասներ են պատմել ոստիկաններին: Դրանք արձանագրելուց հետո վերջիններս էլ նրանց ժամանակավորապես տեղավորել են բնակության «Թրչունյաց տուն» կոչվող մանկատանը: Հարևանների ասելով, երբ հայրը իմացել է, որ քննչականում ուսումնասիրություններ են սկսվել նաև այս թեմայով, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել երեխաների նկատմամբ իրենց իսկ հոր կողմից սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով, հայրը վերացրել է իրեն, որպեսզի վերջնականապես չխայտառակվի:
«Նրանք չափից ավելի աղքատ էին ապրում, հայրական տանը, որտեղ կախվել է ինքը, գոմ ունեին, կով էին պահում: Մշտական բնակության վայր չունեին, մեկ եղբոր տանն էին ապրում, հիմա էլ , վարձով են ապրում Սևյան փողոցում: Ինքն էլ շատ խմող էր, անընդհատ կնոջը ծեծում էր, բայց որ իրեն նայեիր, երբեք չէիր ասի, թե էդպիսի մանկապիղծ մարդ է: Իմացեք, ինքը ջահել ժամանակ դատվել է 15 տարեկան անչափահասի բռնաբարելու համար»,- ներկայացրեցին մի խումբ հարևաններ:
Մենք հանդիպեցինք նաև հարևանուհուն, որի 6-ամյա տղային բռնաբարելու կասկածանքով քրեական գործ կա հարուցված Շիրակի մարզի քննչական բաժնում: Հարևանուհին վրդովված պատմեց, որ ինքը որոշակի շփումներ է ունեցել այս ընտանիքի հետ: Սակայն օգոստոսի 24-ին, երբ աշխատանքի է եղել, Ս.Գ-ն իր 6-ամյա տղային տարել է Սևյանի վրա գտնվող վարձով տուն ու փորձել է անառակաբարո գործողություններ կատարել: Երեխայի տատիկը, տեսնելով, որ տղան չկա, նրա քրոջը ուղարկել է ճշտելու, թե որտեղ է: Պարզել են, որ եղբայրը Ս.Գ.-ի հետ գնացել է նրանց վարձակալած բնակարան: Տղայի քույրը, հասնելով այնտեղ, պահանջել է դուռը բացել ու այսպես կանխվել է տղամարդու իր հետ սեռական հարաբերություն ունենալու պահանջը:
Ըստ երեխայի մոր, փոքրիկ տղան այս մասին սկզբում պատմել է քրոջը, այնուհետ օրական մի մանրուք ներկայացրել է իր տեսածից, որն էլ հարկադրել է իրեն բողոք ներկայացնել հարևանի դեմ: Հարևանուհու ասելով, երեխաները վախեցել են այլևս թաղում խաղալ: «Էնպիսի դրվագ է պատմում երեխաս, որ չգիտեմ ինչ անեմ: Երեխան չէր կարող էդ ամենը երևակայելով պատմել, քննչականում ցուցմունք ենք տվել` թե երեխաս, թե ես ու դուստրս: Սա փորձանք, կրակ էր գլխներիս: Պատկերացրեք, նրա կողքով անցնելուց ես էլ էի փշաքաղվում զայրույթից, հազիվ էի ինձ զսպում, որ չտամ, չսպանեմ դրան», – ասում է հարևանուհին: Մյուս հարևանների ասելով էլ, վերջինս ոչ թե պիտի ինքնասպան լիներ, այլ նրան մանր խարույկի վրա պիտի այրեին, պրծնեին:
Ինքնասպան եղած տղամարդու կինն էլ`Ալվարդը, բացառում է, որ իր ամուսինը կարող էր նման արարք իրեն թույլ տալ: Ըստ նրա, ճիշտ է` իր ամուսինը հաճախ ծեծել է իրեն, սակայն նա հոգատար, յուրահատուկ ծնող է եղել: Իսկ երեխաները, ըստ նրա, տնից փախել են այն պատճառով, որ դրսում խաղալիս են եղել, հարևանի երեխան ասել է ` շուտ տուն գնացեք, թե չէ հայրդ կծեծի: Նրանք, վախից այլևս տուն չեն եկել, գնացել են Ջաջուռ:
Ալվարդն ասում է, որ իր աղջիկը մեծ երևակայություն ունեցող երեխա է, այդ պատճառով էլ հնարավոր է նման բան ասած լինի ոստիկանությանը: Իսկ թե ինչպես կբացատրի հարևանի երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածները, այրիացած կինն ասում է, որ հարևանուհին իր հետ թարսվելուց հետո է նման բողոք ներկայացրել: Այս կնոջ ասելով, քանի որ հարևանուհին իր անհիմն բողոքով խայտառակել էր իր ամուսնուն, վերջինս չդիմացավ ու ինքնասպան եղավ:
Մանրամասները` տեսանյութում:
Ինքնասպան եղած տղամարդու հայրը և խորթ մայրը, որ նրան պահել է 5 տարեկանից, ևս բացառում են իրենց որդու` երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն թույլ տալը: Հայրն ասաց, որ իր որդին կովապահությամբ է զբաղվել Ամասիայի գյուղերից մեկում ու հորդորեց նրա մասին կարծիք հարցնել ոստիկանության նախկին պաշտոնյաներից: Ամասիայի նախկին պաշտոնյաներից մեկն ասաց, որ չի հավատում վերջինիս մանկապիղծ լինելուն, քանի որ նման հակում չի նկատել Ս.Գ-ի մոտ: Նա նաև փոխանցեց, որ վերջին երկու տարվա ընթացքում ընդհանրապես չի տեսել Ս.Գ-ին, հետևաբար և չի բացառում, որ որոշակի շեղումներ են առաջ եկել նրա մոտ: Իսկ հարևանների` երեխաների փախուստի մասին պատմությունը հաստատեցին նաև երեխաներին մանկատուն տեղափոխելուց քաջատեղյակ մարզի մի քանի պաշտոնյաներ, նաև իրավապահները, այժմ կատարվում է նախաքննություն: Ինքնասպան եղած տղամարդուն վերագրվող մեղադրանքների պատասխանը վերջնականապես կտան դատաբժշկական ու այլ փորձաքննությունների արդյունքները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ