Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է տարբերվում կին դատավորը տղամարդ դատավորից

Սեպտեմբեր 12,2014 21:36

Երբ դատավորը մտնում է դատական նիստերի դահլիճ, առաջին բանը, որ լսում ենք, նիստերի քարտուղարի խոսքն է. «Ոտքի´, դատարանն է գալիս»: Եվ բոլորի ուշադրությունը սևեռվում է դատավորի վրա:

Թե ներկաների համար որքանով է կարևոր դատավորի՝ կին կամ տղամարդ, տարեց կամ երիտասարդ լինելը, դժվար է ասել, իսկ օրենքն այդպիսի սահմանազատում չի դնում:

«Արդարադատություն իրականացնելիս թե´ տղամարդ, թե´ կին դատավորները նույն հանդերձանքն են կրում՝ պատմուճանը: Եվ այդ հատուկ հանդերձանքը կրելու նպատակն այն է, որ դատավորը չդիտարկվի իր սուբյեկտիվ կերպարի լույսի ներքո: Դատավորը բոլորի համար դատավոր է՝ անկախ նրանից՝ երիտասա՞րդ է թե՞ տարեց, կի՞ն է թե՞ տղամարդ: Մեզ երբևէ որևէ մեկը չի ասել. «Դե լավ, կին է, տասը գործ էլ թող քիչ լսի. կին է, մի հատ էլ ժպտաց ընթացքում»… Այսպիսի մոտեցում չկա: Ուստիև՝ կին դատավոր-տղամարդ դատավոր տարանջատումն այս տեսանկյունից բարդ է,- ասում է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը, որն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպեց համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ և նրանց հետ զրուցեց դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության, հաջողակ դատավոր կնոջ կերպարի և այլնի մասին:

Որքան էլ բարդ է ասել, թե ինչով է տարբերվում կին դատավորը տղամարդ դատավորից, ամեն դեպքում, տիկին Հարթենյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում նկատել է, որ դատավորի հետ շփման փորձ չունեցող մարդիկ դատարանի հետ շփման գոնե սկզբնական փուլում կնոջն ավելի քիչ են վստահում, քան տղամարդուն: Մարդկանց մի խումբ էլ գտնում է, որ կին դատավորներն առավել լավ քննում են որոշակի տեսակի գործեր (օրինակ՝ ընտանեկան վեճերով գործերը), որովհետև օժտված են մայրական բնազդով և ավելի լավ են ընկալում: Մի երրորդ խումբ էլ գտնում է, որ կանայք շատ ավելի դաժան են:

«Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը,- վստահեցնում է Մ. Հարթենյանը,- որովհետև կանայք, իմ կարծիքով, բոլոր տեսակի հարցերն են քննում շատ լավ: Ինչո՞ւ: Որովհետև կանայք առավել պարտաճանաչ են, ավելի շատ են կարդում, ավելի աշխատասեր են և ուշադիր: Հետևաբար՝ պատրաստ են մասնագիտական տեսանկյունից:

Համաձայն չեմ նաև, որ մենք դաժան ենք. կինը չի կարող դաժան լինել, որովհետև նա օժտված է մայրական բնազդով, ուշադրությամբ, սիրով ու հոգատարությամբ»:

Գաղտնիք չէ, որ դատական իշխանությունում կանանց թիվը մեծ չէ. «Սա, իհարկե, խնդիր է,- ասում է Մ. Հարթենյանը,- բայց մենք խնդիր ունենք նաև որոշումներ կայացնելու հարցում կանանց մասնակցության առումով: Գենդերային հավասարության հիմնական բաղադրիչներից մեկն էլ որոշումների կայացման, կառավարման հավասարության հնարավորությունն է: Մեր հանրապետությունում դատարանի կին նախագահ չկա: Կանանց նկատմամբ մեծ պահանջներ կան՝ լիազորությունների, պարտավորությունների, վարքագծի կանոնների պահպանման, հետևողականության և այլնի, բայց, կարծես թե, կանանց հնարավորություն չեն տալիս որոշումներ կայացնել»:

Տիկին Հարթենյանը, սակայն, չի բացառում, որ հարցն այստեղ այնքան հնարավորություն չտալը չէ (որևէ արգելք չկա – Մ. Հ.), որքան կանանց՝ ոչ այնքան մեծ ձգտումը:

Համենայն դեպս, նա իր ուսումնասիրությունների արդյունքում ընդամենը երեք կին դատավորի անուն է կարողացել գտնել, որոնք Հայաստանում դատարանի նախագահի պաշտոն են զբաղեցրել (Ելիզավետա Դանիելյան, Էռնա Հայրյան և Եվա Դարբինյան):

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930