Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականության գերակա գաղափարախոսության է վերածվել»

Սեպտեմբեր 12,2014 19:56

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

 

Նորվեգիայի թագավորության մայրաքաղաք Օսլոյում Սեպտեմբերի 10-13-ը տեղի են ունենում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքները, որին Հայաստանից մասնակցում են  ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, և ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը::

ԱԺ փոխխոսնակն այսօր հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի զարգացումները Անկախության շրջանում, որի 23-ամյակը նշվելու է օրերս` հանգամանորեն նկարագրելով իրականացված քաղաքական և տնտեսական բարեփոխումների արդյունքում  Հայաստանի ընթացքը քաղաքացիական ինստիտուտների կայացման, համաեվրոպական արժեքների և ժողովրդավարության հաստատման  ուղով:

Ներկայացվեցին մեր երկրում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, ազատ տնտեսական մրցակցության, պետական հաստատությունների գործունեության թափանցիկության ապահովումը, խոսքի ազատության երաշխավորումը և այն ամենը, ինչ արվում է Հայաստանում`  առաջադիմության և խաղաղ զարգացման ապահովման ուղղությամբ:

Ընդգծելով մեր երկրի ձգտումը և գլխավոր առաջնահերթությունը խաղաղ զարգացման և առաջադեմ արժեքների ամրապնդման գործում, ԱԺ փոխխոսնակը անդրադարձավ այն արտաքին դժվարություններին, որոնք էապես խոչընդոտում են Հայաստանի զարգացման ընթացքը , մասնավորապես հարևան Թուրքիայի կողմից 20 տարի շարունակ իրականացվող շրջափակումը, որը շարունակում է մնալ արտառոց երևույթ ժամանակակից քաղաքակրթության համար:  Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության կողմից սատարում գտած հայկական նախաձեռնությունը` նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարևան պետության հետ, առաջ չի գնում Թուրքիայի անընկալության պատճառով: ԱԺ փոխխոսնակը ներկայացրեց հարևան Ադրբեջանի կողմից պատերազմի մշտական հրահրումը և ազգային ատելության բորբոքումը , ինչը այլատյացության, քսենոֆոբիայի հստակ դրսևորում է, որի մասին հաճախ խոսում են եվրոպացի քաղաքական գործիչները, և այս համաժողովում ևս իրենց ելույթներում շատերն անդրադարձան, հատկապես ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը և Նորվեգիայի խորհրդարանի խոսնակ Օլեմիկ Թոմմեսենը:  Գլոբալիզացիայի և ինտեգրացիայի հաղթարշավի այս դարում , ըստ Նաղդալյանի, սա բացարձակ ետքայլ է, որ դուրս է դնում տարածաշրջանը ժամանակակից զարգացումների միտումներից:

Հերմինե Նաղդալյանը Օսլոյի համաժողովի ամբիոնից հայտարարեց, որ հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականության գերակա գաղափարախոսության է վերածվել, երկրում իշխող քարոզչության գլխավոր բաղադրիչը: Կազմվում են Արցախ այցելած քաղաքական գործիչների, լրագրողների, սպորտի, մշակույթի գործիչների ,,սև ցուցակներ,,, որոնց մեջ ընդգրկված անձանց թիվը գնալով ավելի ընդլայնվում է ի հաշիվ այն ազնիվ անհատների, ովքեր գալիս են իրենց աչքերով տեսնելու` ինչ կյանքով է ապրում անկախացած Արցախի ժողովուրդը: Այս երկրում երկու ժողովուրդների միջև կապեր ստեղծելու, իրադրության լարվածությունը թուլացնելու  ցանկացած փորձ քրեորեն պատժվում է, գործիչները դատապարտվում են ծանր հոդվածներով:

Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրման հետ կապված` ելույթի մեջ ուղղակիորեն շեշտվեց, որ մարդկային բազմաթիվ զոհերի հանգեցնող հրադադարի հաճախացած խախտումները և պատերազմի հետևողական նախապատրաստությունը միջազգային հանրության կողմից անհրաժեշտ գնահատականը չի ստանում, անուղղակիորեն նպաստելով ամենաթողության և ագրեսիվության բորբոքմանը: Ադրբեջանը ավելացրել է իր պատերազմական ծախսերը ավելի քան 20 անգամ, դրանով ստեղծելով տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող  իրական, մեծ վտանգ:  Այս խնդիրներն այսօր առանձնապես վտանգավոր են այն պատճառով, որ սպառնում են ապահավասարակշռել ոչ միայն տարածաշրջանը , այլև ողջ մայրցամաքը:

Տիկին Նաղդալյանը մեզ տեղեկացրեց նաև, որ իր ելույթից առաջ հանդես է եկել նաև Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, որի ելույթի հիմնական դրույթները վաղուց ծանոթ էին համաժողովի մասնակիցներին , ինչպես միշտ՝  ազգերի ինքնորոշումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո, ազգերի ինքնորոշման իրավունքը հաճախ քողարկում է անջատողականությունը, ահաբեկչությունը, չմոռանալով հերթական անգամ մեղադրանքներ հնչեցնել Եվրոպայի հասցեին, թե իբր վերջինս աչք է փակում այն փաստի վրա, որ Հայաստանը իբր 20 տարի է ինչ օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը: Ուկրաինայում այսօր կատարվող իրադարձություններից իրենց օգուտը քաղելու միտումով, հույս ունենալով, որ այս պահին համախոհներ կունենան ինչպես խնդրով շահագրգիռ երկրների, այնպես էլ հակառուսական դիրքորոշում ունեցողների թվում, Ասադովը առաջարկում է, իր խոսքով` ,,սպեկուլյացիաներին վերջ տալու համար,, հատուկ կոնվենցիայի միջոցով ամրագրել , որ ինքնորոշման իրավունքը կարող է տեղի ունենալ  միայն տարածքային ամբողջականության տիրույթներում: ՀՀ ԱԺ փոխխոսնակը մեկնաբանում է, որ  փաստորեն, դիկտատորների կողմից ժողովուրդների ազատության  և անկախության ձգտումը սեպարատիզմ  է որակվում, իսկ միջազգային իրավունքի կողմից  ճանաչված  նորմերին անդրադարձը  համարվում  սպեկուլյացիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930