ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Zham.am-ին տված հարցազրույցում խոսելով սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին՝ ասել էր. « Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ Բարգավաճ Հայաստանը նույնպես կքննարկի` դահլիճներում եւ հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին: Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների` մարզերում, Երեւանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի զգուշացումներին, որ եթե սահմանադրական փոփոխությունները հաստատեք, հանրահավաքներ կանի՝ պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի ասածները, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը քաղաքական լիդեր է եւ ունի իր տեսակետները: Ինչքանով է դա համընկնում մեր տեսակետների հետ, դա արդեն ուրիշ խնդիր է»:
Այնուհետեւ Համլետ Հարությունյանը հավելեց. «Ընդդիմությունը պիտի հանրահավաքներ անի, բա ի՞նչ պիտի անի: Խնդիրը նրա մեջ է, որ իրենց ամենամեծ խնդիրները թողած՝ Լեւոն Զուրաբյանը եւ մնացածները, մեր մասին են մտածում: Խնդրում ենք, մեր մասին չմտածել, էլի, մենք շատ ենք, թախանձագին ենք խնդրում: Թող սկզբից իրենց խնդիրները լուծեն, սկզբից իրենց ընտանիքի ներսի հարցերն են լուծում, հետո կարծիք հայտնում ուրիշի ընտանիքների վերաբերյալ: Առաջին հերթին ես շատ կուզենայի, որ այն խնդիրները, որոնք ծառացած են ՀԱԿ-ի եւ Լեւոն Զուրաբյանի կուսակցության թե խմբավորման առջեւ՝ ընդհանրապես համեմատելի չի, անգամ ես չեմ կարողանում համեմատել ՀԱԿ-ը եւ ՀՀԿ-ն»,- Գագիկ Ծառուկյանի ասածները մոռացած՝ ՀԱԿ-ին ուղղված այսպիսի խորհուրդներով եզրափակեց պատգամավորը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Գող` սիրտը դող….