Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչակնքմամբ կարող ենք մեզնից հեռացնել աղանդավորներին». քահանա

Սեպտեմբեր 12,2014 19:00

Հայ առաքելական եկեղեցին Խաչվերացի տոնն այս տարի նշում է սեպտեմբերի 14-ին: Խաչվերացը Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, որը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը։

«Շատերը տոնը կապում են գերեզմանի հետ, որը բացարձակ սխալ է: Խաչվերացը ոչ թե տխրության, այլ ուրախության տոն է»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

614 թ. Պարսկաստանը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, և, որպես անարգանք քրիստոնյաներին, գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև խաչափայտը, որը գերության մեջ է մնում 14 տարի։

Այնուհետև Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնյաների հսկայական մի բանակով հարձակվում է պարսիկների վրա և կարողանում ազատագրել Ս. Խաչը:

Տեր Կարապետ քահանա Կարապետյանն ասում է, որ Խաչվերացի տոնը մեզ՝ հայերիս համար կրկնակի կարևոր նշանակություն ունի, որովհետև խաչի ազատագրման գործում մենք անմասն չենք մնացել. «Կայսերը ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ»։

Անդրադառնալով խաչի զորությանն ու խաչակնքելու խորհրդին՝ քահանան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի գաղտնիք բացեց. «Մենք հաճախ խաչակնքվում ենք՝ չիմանալով՝ ինչու ենք դա անում,- ասում է նա,- խաչակնքվելով մենք չար ոգիներին ենք հեռացնում մեզնից, որովհետև դա այն սուրն է, որը հարվածում է դևերին: Խաչակնքումը պետք է իմաստավորված լինի մեր մեջ, լինի հավատքով և ոչ թե միայն ձեռքի շարժումով»:

Քահանան համոզված է, որ խաչակնքմամբ կարող ենք մեզնից հեռացնել նաև աղանդավորներին. «Գիտենք, որ շատ աղանդավորներ չեն ընդունում խաչը՝ համարելով այն ավելորդություն: Մեր հավատացյալներից մեկը հետաքրքրվեց, թե ինչով կարելի է պայքարել աղանդավորների դեմ, երբ նրանք դուռդ են թաքում, անհանգստացնում են և այլն: Եթե աղանդավոր եք տեսնում, որը փորձում է հաղորդակցվել ձեզ հետ, պարզապես խաչակնքվեք, մի վիրավորեք, մի փորձեք ճշմարիտ հավատ քարոզել նրան, որովհետև նա զոմբիացած է: Ընդամենը խաչակնքվեք, և չարը ձեզնից կհեռանա»,- խորհուրդ է տալիս քահանան:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930