Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության տեսչության պետ. «Ամենավատ վիճակը Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում էր»

Սեպտեմբեր 12,2014 18:11

Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանից հետաքրքրվեց՝ տեսչության ուսումնասիրությունների արդյունքներով ամենաշատ խախտումներ ունեցող երեւանյան դպրոցը ո՞րն է: «Համեմատության կարգով ամենալավ վիճակը Վարուժանի անվան դպրոցում էր, ամենավատ վիճակը՝ Շահումյանի անվանի թիվ 1 դպրոցում: Այս երկու դպրոցներն են վերեւից եւ ներքեւից առաջին հորիզոնականը զբաղեցնում»,-նշեց պարոն Կարապետյանը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ նույն երեխայի՝ մի քանի դպրոցում գրանցված լինելուն, ինչի առիթով էլ կրթության տեսչության պետը նշեց. «Իսկապես կան նման դեպքեր, եւ խնդիրը մեզ հետ ուսումնասիրել է նաեւ ԱԺ վերահսկիչ պալատը: Մենք էլ ենք հայտնաբերել: Մեր ուսումնասիրությունները երկու տարվա կտրվածքով էին: Երբ ֆինանսական տարին ավարտվում է, գալիս է նոր ֆինանսական տարի, վերահաշվարկի ժամանակ նման բաներն իմացվում են, մի տեղ բռնվում են խախտում անողները:

Որովհետեւ եթե ունենք, օրինակ, 1000 երեխայի գումար, 1000 երեխան չի կարող դառնալ 1003: Երբ նոր ֆինանսական տարի է սկսվում, ուղարկված հաշվետվություններից տեսնում ենք թե քանի երեխա ունեն եւ համապատասխան ավելորդ գումարը հետ է պահվում: Պետության գումարը չի կորչում, այստեղ դպրոցի տնօրենի խախտման խնդիրն է, ոչ թե պետությանը վնաս պատճառելու խնդիրը: Վնասը վերջնականապես վերականգնվում է»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե դպրոցների տնօրենների թվում շատ են պաշտոնյաների ազգականները, հետեւաբար զանգեր չե՞ն ստանում ուսումնասիրությունների փուլում, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե պաշտոնյայի կինը կամ քույրը իրավունք չունի դպրոցի տնօրեն դառնալու, նախարարությունը արդեն բարդացրել է շեմը, հավաստագիր պետք է ստանան, քննություն պետք է տան, 1000 հարց սովորեն: Այժմ 1500 մարդ է ղեկավարման իրավունքի վկայական ստացել, չեմ կարծում, թե այդ 1500-ն էլ պաշտոնյաների բարեկամներ են: Ինչ վերաբերում է զանգեր ստանալուն, դա իմ գործառույթի մեջ չէ, օրինակ փաստ է է եղել, որ այսինչ դպրոցի աշխատողները բողոքում են, թե տնօրենը կոմպետենտ չէ…»:

Պարոն Կարապետյանն ասաց, որ ուսումնասիրությունները միշտ համապատասխան հետեւանք են ունենում, եթե դրանք չեն շտկվում. «Ինձ համար կարեւորը ոչ թե այն է, որ այդքան խախտում ենք հայտնաբերել, այլ այն, որ խախտումներն ենք վերացրել, սահմանված կարգով մեկ ամսվա ընթացքում տեսչապետը դպրոցի տնօրենին հանձնարարական է իջեցնում, որ դուք այս սխալներն եք թույլ տվել, մեկ ամսից շտկեք եւ պատասխան ուղարկեք: Նրանց պատասխանից հետո մենք նորից մոնիտորինգ ենք անում՝ ուղղել ե՞ն, թե՞ ոչ: Օրինակ Շիրակի մարզում 8 տնօրեն է աշխատանքից ազատվել, եւ 38 նախադպրոցական հաստատություններից, որոնք համապատասխան կրթություն չեն ունեցել: Մի խոսքով, ինչ-որ հայտնաբերված է, արդեն ուղղված է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930