«Օտարերկրյա լրտես մականվամբ իր լուսանկարով պաստառը փակցնելը միայն խելագար մարդու համար կարող է PR լինել»,- «Ծածկած շուկա» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանի փաստաբանին հակադարձում է Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Մկրտչյանի փաստաբան Լիաննա Բալյանը պնդում էր, որ անցած տարի ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ակցիաների ժամանակ շուկայի պատին Կարո Եղնուկյանի լուսանկարով ու «մասսոն, գրանտակեր» գրությամբ պաստառը փակցրել են ցուցարարները, Կարո Եղնուկյանը կամ նրա համախոհները:
Անդրադառնալով Լիաննա Բալյանի`այսօր դատարան ներկայացրած փաստաթղթին, որով շուկայի սեփականատեր է ճանաչվում Վահագն Մկրտչյանը, պարոն Հայրապետյանն ասաց. «Չենք ասում, որ պետական ռեգիստրում շուկան գրանցված է Սամվել Ալեքսանյանի անունով, ասում ենք, որ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներին է պատկանում` նրա հարազատներին, քավոր, սանիկին: Նա անուղղակի կապ ունի շուկայի հետ ու իրեն համարում է շուկայի սեփականատեր: Շուկային վերաբերող բոլոր հարցերին Սամվել Ալեքսանյանը պատասխանում է որպես միակ սեփականատեր»:
Նա վստահ է, որ Սամվել Ալեքսանյանին դատարան կանչելու եւ հարցաքննելու իր միջնորդությունը դատարանը վաղ թե ուշ բավարարելու է. «Շատ հնարավոր է, որ Սամվել Ալեքսանյանը դատարանում ճիշտ ցուցմունք տա, ասի` այո, իմ կարգադրությամբ է այդ պաստառը փակցվել, ու ես պատրաստ եմ վճարել 3 միլիոն դրամ` Կարո Եղնուկյանի պատիվը, արժանապատվությունն արատավորելու համար: Դատարանը չի կարող մերժել մեր միջնորդությունը: Կմերժի միայն մեկ դեպքում, եթե ասի, որ ապացույցները բավարար են, արդեն ապացուցված է, որ Սամվել Ալեքսանյանն է փակցրել, չեմ ուզում ավելորդ քաքշուկներ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ