«Օբամայի երեկվա հայտարարությունից պարզ դարձավ, որ պայքարն այնքան էլ չի հաջողվել, եւ նորից կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կա»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ արաբագետի՝ 13 տարի առաջ ԱՄՆ-ն ենթարկվեց աննախադեպ հարձակման. իսլամական մի արմատական կառույց մարտահրավեր նետեց գերհզոր մի պետության, և շատերը 21-րդ դարը սկսում են հաշվել հենց այդ իրադարձություններից:
Արաբագետը, անդրադառնալով ԱՄՆ-ի քաղած դասերին, նշեց. «Ներկայումս ԱՄՆ-ն նոր սպառնալիքի առաջ է կանգնած: Ինչպես տասներեք տարի առաջ, հիմա ևս ճիշտ կլինի կոալիցիա ձևավորելն ու իսլամական խալիֆայության դեմ պայքար սկսելը»:
ԱՄՆ-ի քաղաքականությունը մեկնաբանելով` Սարգիս Գրիգորյանն ասաց. «ԱՄՆ-ն ու ողջ Արևմուտքը լավ չգնահատեցին, չգիտակցեցին այն միտումները, որոնք այսօր առկա են մուսուլմանական աշխարհում, ճիշտ չգնահատվեց ստեղծված իրավիճակը, այլ վերաբերմունք դրսևորվեց ընդհանրապես իսլամի նկատմամբ՝ մասնավորապես իսլամական արմատականության և ծայրահեղ արմատականության նկատմամբ: Փաստորեն ԱՄՆ-ն նոր սպառնալիքի առաջ է, և եթե այդ բացթողումները չշտկվեն, կարծում եմ՝ պատմությունը նորից կարող է կրկնվել»:
Կարդացեք նաև
Ադրբեջանցի երիտասարդների` ջիհադների շարքերը համալրելու փաստի վերաբերյալ արաբագետը նշեց. «Դա ստիպում են Ադրբեջանում առկա սոցիալ- տնտեսական լուրջ խնդիրները: Շատ երիտասարդներ նախընտրում են ընտանիքներով տեղափոխվել: Սա իհարկե, չի փաստում Ադրբեջանից «Իսլամական պետություն» խմբավորում զանգվածային արտահոսքի մասին, բայց պետք է, որ լուրջ մտահոգվելու տեղիք տա Ադրբեջանի կառավարությանը»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ