Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է գերագնահատել Համաշխարհային բանկի և ՀՀ առողջապահության նախարարության երկար տարիների համատեղ անցած արդյունավետ ճանապարհը». Արմեն Մուրադյան

Սեպտեմբեր 12,2014 17:05

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Կերալին և երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Լորա Բեյլիին։

«Դժար է գերագնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության երկար տարիների համատեղ անցած արդյունավետ ճանապարհը։ Ոչ միայն արդիականացվել են հիվանդանոցներն ու ամբուլատորիաները, այլև մասնագետների բազմաթիվ վերապատրաստումներով փոխվել են մոտեցումները»,-ողջունելով հյուրերին ասաց նախարարը։ Նա նաև նշեց, որ կատարված մեծածավալ աշխատանքներում, անշուշտ նաև թերություններ են եղել, որոնք չընդունել նշանակում է թույլ տալ, որ դրանք կրկնվեն։

Հենրի Կերալը Արմեն Մուրադյանին ներկայացնելով Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին` նշեց, որ Լորա Բեյլին տարբեր երկրներում աշխատանքային բավական հարուստ փորձ ունի։

Լորա Բեյլին, կարևորելով առողջապահական համատեղ ծրագրերը` հավաստեց, որ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև իրականացվող ծրագիրը բանկի ղեկավարության շրջանում բավական բարձր վարկանիշ ունի, ինչը երկրի կառավարության նվիրվածության և հանձնառության արդյունք է։

Պաշտոնավարման առթիվ շնորհավորելով ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենին` նախարարը վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս համագործակցությունն արդյունավետ կլինի։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ քննարկումների արդյունքներով հաղթահարել աշխատանքների ընթացքում առաջացած դժվարություններն ու խնդիրները։ Կարևորվեցին մարզային հիվանդանոցների, այդ թվում` Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները։

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների բարձր որակի ապահովման նպատակով նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը մրցույթներին շինարարական ավելի մեծ թվով մասնակիցներ ապահովելու և իրազեկվածությունը բարձրացնելու համար տեղեկատվական հատուկ թերթիկ է հրատարակել ընթացակարգի, ինչպես նաև մրցույթում հաղթած շինարարական կազմակերպությունների իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ ընթացիկ աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԾԻԳ-ի մասնագետները յուրաքանչյուր շաբաթ կայցելեն շինհրապարակներ։
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը ողջունեց նախարարության կողմից ձեռք առնվող միջոցները։ Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով նախարարության նոր մոտեցումները, ձեռնարկվող քայլերը, բարձր հանձնառությունը, ինչպես նաև ներկայացվող բավական ընդունելի առաջարկները, Համաշխարհային բանկը կընդառաջի առաջարկվող հավելյալ ծրագրերի իրականացմանը։

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնելով ցուցաբերված բարի կամքի համար` նշեց, որ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում են և քննարկումների արդյունքում նպատակահարմար է գտնվել արդիականացնել մարզային ևս երեք, ինչպես նաև ինը ամբուլատորիա։

Հոկտեմբերին Հայաստան կայցելի Համաշխարհային բանկի հատուկ առաքելությունը և նախարարության հետ կքննարկեն այդ հարցը։

«Առողջապահական ոլորտի արդիականացման ընթացիկ և հեռակա աշխատանքները երկրի ղեկավարների խիստ ուշադրության կենտրոնում են»,-ասաց Արմեն Մուրադյանը` նշելով, որ քննարկվում են ծրագրերը մինչև վերջ կատարելու և եղած միջոցներն ամենաարդյունավետ ձևով տնօրինելու հնարավորությունները։

Նախարարը ներկայացրեց նաև հոգեբուժական ծառայության բարեփոխման ուղղությամբ մոտեցումները` ակնկալելով բանկի աջակցությունը։ Կարևորելով ծառայության սոցիալական ուղղվածությունը` նա նշեց, որ ոլորտի բարեփոխումը նախարարության հեռանկարային ծրագրի առաջնային խնդիրներից մեկն է։

Համաշխարհային բանկի տարածաշրջանային և երևանյան գրասենյակի տնօրենները բարձր գնահատեցին առողջության պահպանման առաջնային օղակի արդիականացման ուղղությամբ նախարարի ներկայացրած մոտեցումներն ու ծրագրերը։ Ընդ որում` ոչ միայն դրանց նյութատեխնիկական բազայի հագեցման, այլև բնակչությանն առողջ պահելու ուղղությամբ։ Հատկապես ողջունելի էր բնակչության շրջանում ամեն տարի կանխարգելիչ հետազոտություններ անցկացնելու գաղափարը, ինչը կնպաստի հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու մահացության ցուցանիշների անկմանը։

«Հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ համագործակցության մեծ փորձն ընտանեկան բժիշկների ինստիտուտի կայացման, ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և ամբուլատորիաների արդիականացման գործում, կարծում եմ, որ այստեղ ևս կարող ենք լուրջ ձեռքբերումներ ունենալ»,-ասաց նախարարը։ Նշվեց, որ դրան մեծապես կնպաստի նաև էլեկտրոնային առողջապահական համակարգը, որը կներդրվի մեկ տարվա ընթացքում։ Ավելի կառավարելի դարձնելով համակարգը` այն կբարձրացնի իրազեկվածությունը` միաժամանակ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։
«Համաշխարհային բանկն ուշագրավ ծրագրեր ունի բնակչությանն առողջ պահելու ուղղությամբ, և կարծում եմ, առաջիկայում մեր թիմերն այդ ուղղությամբ համատեղ արդյունավետ շատ ծրագրեր են իրականացնելու»,-ասաց Լորա Բեյլին։
Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց անցած տարիների աշխատանքների արդյունքների, վստահության մթնոլորտի և առաջիկա համագործակցության մեծ պատրաստակամության համար։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930