Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները, երեկվա պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ հավաքվել էին ՀՀ Լոռու մարզպետարանի դիմաց:
Նրանք սպասում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին:
Գործարանի աշխատակիցները երեկ կարողացել էին հեռախոսով կապ հաստատել Արմեն Մովսիսյանի հետ: Նա տեղեկացրել էր, որ այսօր ժամը 2-3-ն ընկած ժամանակահատվածում կգա Վանաձոր: Արմեն Մովսիսյանը, սակայն, այդպես էլ չեկավ:
Կարդացեք նաև
Փոխարենը իրենց աշխատավարձը ամիսներով սպասող վանաձորցիների հետ հանդիպեց ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նա հայտնեց, որ մյուս շաբաթվա մեջ մեկ ամսվա աշխատավարձը գործարանի աշխատողները միանշանակ կստանան:
«Արմեն Մովսիսյանը փոխանցեց, որ մյուս շաբաթվա մեջ մեկ ամսվա աշխատավարձը միանշանակ կստանաք: Հաջորդ շաբաթ արդեն տեղեկատվություն կտան, թե մնացած աշխատավարձը ամենաշատը, ինձ թվում է արդեն, չի բացառվում, որ երեք ամսվա ընթացքում աստիճանաբար կստանաք»,-գործարանի աշխատակիցներին տեղեկացրեց ՀՀ Լոռու մարզպետը` խնդրելով նրանց եւս մեկ շաբաթ համբերել:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ