Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիային» «ճնշում են» ռուսական ընկերությունները (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 12,2014 16:47

«Բաց երկնքի» քաղաքականությունը խնդիրներ է առաջացնում հայկական ավիափոխադրողի համար, իսկ օտարերկրյա փոխադրողների համար այն բավականին շահավետ է: «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանն ասաց, որ 2 ձեռքով կողմ է «Բաց երկնքի» քաղաքականությանը, սակայն միջպետական պայմանագրերում անհրաժեշտ է նախատեսել, որ երկու կողմերի շահերը հավասարապես պահպանվեն:

Պարոն Ավետիսյանն այսօր «Ելակետ» ակումբում ասաց, որ, օրինակ, Երեւան-Մոսկվա երթուղու վրա հայկական կողմը ռուսական օդանավակայանին վճարում է 8.40 դոլար տուրք գնացող-եկող մեկ ուղեւորի համար, գումարած նաեւ` 6.50 դոլար` միայն եկողի համար. նույն օդանավակայանից ռուսական ավիաընկերությունները 8.40 դոլարի փոխարեն վճարում են դրա մոտ 20%-ը. «Այսինքն` ի սկզբանե հայկական կամ այլ երկրի փոխադրողի ինքնարժեքն 20 դոլարով բարձր է ռուսականից»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ընկերությունը արտոնություններ է խնդրում կիրառել իրենց համար, իսկ «Բաց երկնքի» տրամաբանությունը հավասար մրցակցային պայմաններն են, պարոն Ավետիսյանն ասաց. «Ցավոք սրտի, մենք ընդհանուր պայմաններից ենք օգտվում, մենք որեւէ զեղչից չենք օգտվում, վճարում ենք այնքան, որքան այլ երկրները»:

Մանրամասն`  տեսանյութում

 

Aravot.am-ի հարցին էլ` կարելի՞ է ասել, որ «Բաց երկինքը» հայկական կողմին ձեռնտու չէ, «Էյր Արմենիայի» տնօրենն այսպես պատասխանեց` «Այն ձեռնտու է, եթե միջպետական պայմանագրերի հավելվածներում նշվի, որ հայկական փոխադրողն ունի այն հնարավորությունները, ինչ` դիմացինը: Ասենք, կամ` եթե Ռուսաստանում կիրառվում են զեղչեր օդանավակայանի ծառայության համար, պայմանագրերում նշվեն, որ մենք էլ նույն գներով ենք աշխատելու, եթե ոչ` գոնե նույն չափի զեղչեր լինեն Հայաստանում»:

Մեր մյուս հարցին էլ` «Բաց երկնքի» քաղաքականությունը մշակելիս, արդյո՞ք նման խնդիրները հաշվի չեն առել, ասուլիսի մեկ այլ բանախոս, ընկերության կոմերցիոն տնօրեն Սիմոն Ավագյանն ասաց. «Բաց երկնքի քաղաքականությունը միայն մեզ մոտ է, կան երկրներ, որ չկա, օրինակ` Ռուսաստանում չկա: Նրանք իրավունք ունեն օգտվել մեր «Բաց երկնքից», բայց մենք իրենց արտոնություններից չենք կարող օգտվել»:

Մանրամասն`  տեսանյութում

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական «Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիան» հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ից դադարեցնում է հայկական «էյր Արմենիա» ավիաընկերության սպասարկումը: Պարոն Ավետիսյանն ասաց, որ իրենք այդ 405 հազար դոլար պարտքը օրերս կվճարեն.«Մեր 1 ամսվա շրջանառությունը 5,5 միլիոն դոլար է, 400 հազար դոլարը բարդ խնդիր չէ»:

Տնօրենն ասաց, որ մեծ թվով ուղեւորներ թե Հայաստանում, թե Ռուսաստանում, նախապես գնած տոմսերը վերադարձնում են, կամ փոխանակում ռուսական ավիաընկերությունների տոմսերի հետ. սա իհարկե, վնասներ է բերում: Թե որքան է կազմել վնասը, Ավետիսյանն ասաց, որ դեռ չեն հաշվարկել, որպեսզի դատական կարգով փոխհատուցում պահանջեն: Բայց ընկերությունը դատարանների դռներն ընկնելուն էլ տրամադրված չէ: Ըստ Ավետիսյանի, հնարավոր է հաշվարկեն` քիչ գումար լինի, հնարավոր է` հակառակը: «Եթե չնչին եղավ գումարը, չենք գնա առճակատման»,-ասաց նա: Aravot.am-ի հարցին՝ գուցե համբավի կամ արդարության, կամ` թասիբի համար պե՞տք է դիմել դատարան, տնօրենն ասաց, որ չեն ցանկանա նման քայլի դիմել մի կազմակերպության հետ, որի հետ 11 տարի աշխատում են եւ, ինչպես լինում է ավիաբիզնեսի ոլորտում, վճարումների ուշացումներ միշտ էլ պատահում են, կազմակերպությունն էլ ընդառաջում է:

Այնուամենայնիվ, տնօրենը վստահեցրեց, որ իրենց գործերն այնքան էլ փայլուն չեն, քանի որ ընկերության նկատմամբ մրցակիցները դեմպինգ են կիրառել: Ըստ պարոն Ավետիսյանի, երբ իրենք ընդամենը հայտարարեցին որոշ ուղղություններով թռիչք իրականացնելու մասին, այն ռուսական ընկերությունները, որոնք այդ ուղղություններով են աշխատում, անմիջապես 35%-ով նվազեցրին գները, իսկ այն ընկերությունները, որոնք այլ ուղղություններով են աշխատում, նման զեղչեր չարեցին:

Արդյոք դիմե՞լ են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, պարոն Ավետիսյանն ասաց` «Դիմել ենք, կառավարությանն էլ ենք դիմել, պարբերաբար հանդիպում ենք, խնդիրն ուսումնասիրում են»:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930