Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ «Ծածկած շուկայի» տնօրինության գործով դատական նիստին այսօր ուսումնասիրվեցին Եղնուկյանի պատիվը, արժանապատվությունը ստորացնելու փաստը հաստատելու վերաբերյալ ապացույցները: Պարոն Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը որպես ապացույցներ դատարանին ներկայացրել էր լրատվամիջոցներով հրապարակված նյութերն ու շուկայի պատին փակցված Եղնուկյանի լուսանկարով պաստառի ու «մասսոն, գրանտակեր» գրությունը արձանագրած տեսանյութերը :
Հիշեցնենք, որ նախորդ տարի, ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ակցիաների ժամանակ, Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները շուկայի պատին ակցիայի մասնակից Եղնուկյանի լուսանկարով ու «մասսոն, գրանտակեր» գրությամբ պաստառ էին փակցրել, ինչը, ըստ պարոն Եղնուկյանի, արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:
Փաստաբան Հայրապետյանի ներկայացրած նյութերն ուսումնասիրվեցին, տեսանյութերի ուսումնասիրությունը հետաձգվեց հաջորդ դատական նիստին:
Ապացույցների ուսումնասիրության ընթացքում, «Ծածկած շուկա» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանի շահերը ներկայացնող Լիաննա Բալյանն էլ ներկայացրեց փաստաթուղթ, որով հերքեց Հայրապետյանի պնդումը, թե Սամվել Ալեքսանյանն է «Ծածկած շուկայի» սեփականատերը: Ըստ այդ փաստաթղթի, շուկայի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը Վահագն Մկրտչյանն է:
Կարդացեք նաև
Սամվել Ալեքսանյանին դատարան հարցաքննության կանչելու պարոն Հայրապետյանի միջնորդությունն էլ դատարանը հետաձգել է` դատաքննության ընթացքի հաջորդականությունը պահպանելու հիմքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ