Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանը խոչընդոտում է հայկական ավիաընկերությանը (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 12,2014 14:21

Ինչու՞ւ է ռուսական կողմը «Էյր Արմենիայի» հետ ներքին փաստաթղթերը հանրայնացրել
Ռուսական «Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիան» հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ից դադարեցնում է հայկական «էյր Արմենիա» ավիաընկերության սպասարկումն իր օդային տարածքում` պարտքերի պատճառով: Ըստ ռուսական կողմի՝ այդ պարտքը կազմում է 1,1 միլիոն դոլար, որից ժամկետանցը` 400 հազար դոլար: Ավիաընկերության տնօրինությունը զարմացած է ռուսական կողմի այս գործելաոճից, քանի որ պարտքերի վճարումն այնքան էլ իրենցից կախված չի եղել:

Այսօր «Ելակետ» ակումբում «Էյր Ամենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանը պարզաբանեց, թե ինչ խնդիր կա: Տնօրենի խոսքերով` ռուսական ՍՄՏ բանկը հայտնվել էր ԵՄ եւ ԱՄՆ տնտեսական սանկցիաների տակ, ուստի հայկական ընկերությունը չի կարողացել գումարները փոխանցել. «Մենք բանակցեցինք Ռոսգոսկորպորացիայի հետ, համաձայնության եկանք, որ վճարումները պետք է ռուսական ռուբլով իրականացնենք: Մի քանի վճարից հետո հաջորդ 107 հազար դոլարին համարժեք ռուսական ռուբլին, որ պիտի վճարեինք՝ ծախսերը մարելու նպատակով, մեզ տեղեկացրեցին, որ ՍՄՏ բանկը սանկցիայի տակ է, վճարում հնարավոր չէ կատարել: Հետո` սեպտեմբերի 8-ին, ասել ենք՝ տվեք մեզ այլ հաշվեհամար, որին կարող ենք անխափան վճարում կատարել: Երեկ պատասխան եկավ, որ կարող ենք մեր ժամկետանց պարտքը` մոտ 400 հազար դոլարը, վճարել ՎՏԲ բանկի միջոցով: Մենք այդ վճարումները կիրականացնենք, եւ չվերթներն էլ կիրականացնենք: Բայց ինչո՞ւ է դա հրապարակվել, մեզ համար զարմանալի է: 11 տարի է՝ իրենց հետ աշխատում ենք, այսպիսի գրագրություններ 2 ամիսը մեկ լինում է, բայց, չգիտես ինչու, կոմերցիոն խնդիրը դրեցին հանրության առաջ: Այսինքն` դեռ 11 օր կա, բայց իրենք արդեն հրապարակում են»: Ռուսական կողմի այս հայտարարությունը խուճապ է առաջացրել ուղեւորների շրջանում. շատերն արդեն գնված տոմսերը հետ են վերադարձնում:


Aravot.am-ի հարցին` գուցե «աչքները վախեցա՞ծ է» «Արմավիայի» կուտակած պարտքերի պատճառով, ուստի նման քայլերի են դիմում, պարոն Ավետիսյանն ասաց, որ անցյալ տարի, երբ երթուղիների շահագործման թույլտվությունը ստանալուց հետո, ռուսական կողմը 40 օր ձգձգեց պատասխանը. այսինքն` «Էյր Արմենիան» հնարավորություն ուներ օգոստոսին` «պիկ» սեզոնին սկսել թռիչքները, ռուսական կողմն իր համաձայնությունը տվեց հոկտեմբերին. «Արդյոք դա պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ մեր մրցակիցներին այնքան էլ ձեռնտու չէր, որ մենք օգոստոսի 18-ից չվերթները սկսեինք»:

Պարոն Ավետիսյանի խոսքերով` «Արմավիայի» հետքը մնացել է, «Էյր Արմենիան» բոլոր օդանավակայաններում եւ այլ ընկերությունների հետ աշխատում է կանխավճարով, գործընկերներն են ստիպել կանխավճարով աշխատել: Մեր մրցակիցները հույս ունեին, որ «Արմավիայից» հետո Հայաստանում չի լինի նոր փոխադրող, ինչը հնարավորություն կտա լիովին տիրել շուկային: Սակայն մենք վատ չենք մտել շուկա, եթե մեզ լուրջ չվերաբերեին, այսպիսի քայլեր չէին անի»:

Aravot.am-ի այն հարցին էլ` գուցե ուզում են «Արամվիայի» օ՞րը գցել իրենց, պարոն Ավետիսյանն ասաց` «не дождутся»:

Հիշեցնենք, որ  «Արմավիա» ավիաընկերությունը խոշոր պարտքերի պատճառով դադարեցրեց իր գործունեությունը:


Հարցին էլ, թե ինչպես է ազդում ռուսական ռուբլու ինֆլյացիան ընկերության վրա, տնօրենն ասաց, որ իրենք վնասներ են կրում, քանի որ իրենք հասույթներ են ունենում ռուբլով, ապա այն 15-ից 30 օրվա ընթացքում եվրոյով է փոխանցվում, եւ կուրսի տատանումները վնասներ են առաջացնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Ռուսական բանկը, որ սանկցիայի տակ է, դա դեռ չի նշանակում, որ փակվել է ու չի կարողանում գործել: բանկիր չեմ, չգիտեմ, բայց ձեր ընկերությունը չի կարողացել, թե չի ուզեցել փոխանցել փողը սանկցիայի տակ եղած բանկին: շատ հավանական է, որ ռուսները համարել են, որ չեք ուզեցել, ոչ թե չեք կարողացել փոխանցում կատարել իրենց սանկցիայի տակ եղած բանկերին: գուցե դա է պատճառը, որ իրենք էլ ձեր դեմ են քայլեր անում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930