Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այլեւս հնարավոր չէ սուս մնալ». Աշոտ Մելիքյան

Սեպտեմբեր 12,2014 14:06

Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների նկատմամբ բռնությունների մասին հրավիրած ասուլիսում «Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանն ասաց, որ բացի հետեւողականությունից, լրագրողները պետք է մոտեցումները փոխեն. «Պետք է սաստել, կանգնացնել: ԶԼՄ-ները պետք է ակտիվ լուսաբանեն: Լրագրողները պետք է ոտքի կանգնեն, հանրությունը պետք է ոտքի կանգնի, միտինգներ պետք է սկսեն, որովհետեւ դա նշանակում է հասարակության բերանը փակել: Յուրաքանչյուրի արձագանքը պետք է լինի ոչ թե սոցցանցերում գրել, թե վա՜յ, այս ի՞նչ տեղի ունեցավ, այլ պետք է լինի քայլ, արձագանք»:

Քննարկման առիթը ԱԺ դարպասների վրա «Բարեւ, Ռոբ» ակցիան լուսաբանելիս Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի հարձակումն էր:

Սուրեն Դեհերյանը նշեց, որ եթե Կարեն Հայրապետյանն այդպիսի ագրեսիվ վարք չդրսեւորեր, այդ ակցիան այդքան աղմուկ չէր բարձրացնի:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ հայտարարեց. «Այլեւս հնարավոր չէ սուս մնալ, որովհետեւ տեսնում ենք, թե ինչ գործընթաց եղավ Անի Գեւորգյանի գործում, ինչ ցինիկ որոշում ընդունեց ՀՔԾ-ն: Հետեւելու ենք այս ամենին»: Նա ասաց, որ հույս չունեն, որ դատախազությունը կարձագանքի իրենց տարածած հայտարարությանը, որտեղ դատապարտում են  Կարեն Հայրապետյանի վարքը:

Պարոն Մելիքյանի դիտարկմամբ՝ «Երբ պետական աշխատողը քննություն է հանձնում եւ ընդունվում է աշխատանքի, ինքը պետք է նաեւ որոշակի գիտելիքներ ցույց տա, թե տեղեկատվության ազատության մասին որքանով է տեղեկացված: Պետք է պետական ծառայողն իմանա, թե ինչ ցանկի տեղեկություններ պետք է տրամադրի հանրությանը, ըստ օրենքի: Արդեն ժամանակն է, որ երբ ինչ-որ անձ ուզում է զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ ընդունվում է կուսակցություն, կամ ինչ-որ անձ ուզում է պետական ատյանում պատասխանատու աշխատանքի անցնել, պետք է տեստ անցնի՝ լրագրողների հետ շփվելու: Եթե նրանք ի վիճակի չեն, չեն կարողանում շփվել ԶԼՄ-ների հետ, ուրեմն նրանց համար դեռ շուտ է քաղաքականությամբ զբաղվել կամ բարձրաստիճան պաշտոն գրավել»:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ լավ կլիներ, որ լրագրողական հանրությունը համախմբվեր գոնե այս հարցում, որովհետեւ ցանկացած լրագրողի հետ կարող է նման բան լինել, անգամ իշխանամետ լրատվամիջոցների. «Ցավոք, առայժմ երկու լրատվամիջոց է միացել հայտարարությանը, մյուսները համարում են, որ այդ միջադեպը դեռ իրենց չի կպել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930