«Իշխանությունները ձեւական մոտեցում ունեն, հռչակում են, թե պաշտպանում են խոսքի ազատությունը, բայց իրականում որեւէ քայլ չեն ձեռնարկում, որպեսզի ոտնձգությունների պարագայում պաշտպանեն: Այս ամենը անպատժելիության մթնոլորտի հետեւանք է: Այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այդ ոտնձգությունների հեղինակներն են, ֆիզիկական բռնություն, ճնշումներ են գործադրում լրագրողների վրա, նրանք չեն պատժվում կամ շատ մեղմ են պատժվում ու հազվադեպ: Դա է պատճառը, որ այդ միջադեպերը կրկնվում են ամեն եռամսյակի ընթացքում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի հետ կապված միջադեպի առնչությամբ այսպիսի գնահատական տվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը (լուսանկարում):
Հիշեցնենք, որ ԽԱՊԿ-ի հետ այլ հասարակական կազմակերպություններ երեկ հայտարարություն էին տարածել եւ դատապարտել ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի պահվածքը:
Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ «Այս տարի ընտրություններ տեղի չեն ունեցել կամ այլ իրադարձություններ, որոնք կշիկացնեն քաղաքական, հասարակական մթնոլորտը, որովհետեւ այդ պայմաներում են ավելանում ոտնձգությունները, բայց առաջին կիսամյակում արձանագրեցինք 5 ֆիզիկական բռնության դեպք: ՉԻ լրագրող Անի Գեւորգյանի հետ դեպքը հիշենք, երբ Կենտրոնի ոստիկանապետը ապտակել էր, տեսախցիկն են վերցրել, հարվածել ձեռքերին: Այդ ակնհայտ ոտնձգությունը լրագրողի նկատմամբ որեւէ լուրջ հետեւանք չունեցավ: Ծառայողական քննություն անցկացվեց եւ խայտառակ եզրկակացության եկան, թե այդ օրը ոստիկանապետը չի մտել ընդհանրապես այն սենյակ, որտեղ Անի Գեւորգյանն էր պահվում»:
Ըստ Աշոտ Մելիքյանի, այդպես անպատիժ են մնում հեղինակները: Եվ արդյունքում կրկնվում են դեպքերը. «ԱԺ անվտանգության ծառայության պետը փողոցային վարվելակերպ է դրսեւորում լրագրողի նկատմամբ: Կարեն Հայրապետյանը, եթե իսկապես իր դիրքում է եւ պրոֆեսիոնալ է, պետք է կանչեր իր աշխատողին եւ եթե պաստառը փակում էր դարպասից մուտքը, պետք է հաներ եւ դրանով վերջացներ: Նա պետք է հրահանգ տար: Բայց չէ, քացով խփում է, այնտեղ տեսնում է տղամարդ օպերատորի, բայց մոտենում է աղջկա ու բացահայտ ագրեսիվ, ոչ ադեկվատ, հասարակության համար անընդունելի վարվելակերպ ցուցադրում»:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան, «Իրավունքի Եվրոպա» Հ/Կ անդամ Տիգրան Եգորյանը հարցին, թե ի՞նչ պետք է անել, երբ կա անհանդուրժողական մթնոլորտ, ի՞ն չ անի լրագրողական հանրությունը, պատասխանեց. «Միշտ պետք է դրսեւորել հետեւողականություն, անգամ եթե առաջին ժամանակահատվածում այդ հետւողականությունը բախվում է պատին: Բոլոր քաղաքակիրթ զարգացած երկրներում այս ճանապարհը անցել են, մենք էլ պետք է անցնենք: Լրագրողները, որպես առավել գիտակից եւ առանցքային հատված, չորրորդ իշխանություն, պետք է դրսեւորեն ավելի հետեւողական եւ խախտումների նկատմամբ անհանդուրժող կեցվածք: Ցավոք, դեպքերի մեծամասնությունը չի ավարտվում նույնիսկ բողոք ներկայացնելով իրավապահ մարմիններին: Լրագրողները մի քանի դեպքում բողոք են ներկայացնում , բայց չեն մտնում դատական պաշտպանության տիրույթ: Պետք է անպայման դուրս գալ Եվրոպական դատարան: Պետք է պետության բոլոր պատկան մարմինները, արդարադատություն իրականացնող մարմինները հեղեղել բողոքներով: Եթե հասարակ քաղաքացիները կարող են դժգոհել միջոցների հետ կապված հարցերից, չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ լրագրողների խմբին փաստաբանները մերժեն այդ գործերով զբաղվել: Պետք է անցնել բոլոր պետական ատյանները եւ գործերը տանել Եվրոդատարան»:
Տիգրան Եգորյանը նաեւ ասաց, որ եթե լրագրողները պայքարեն, նման իրավիճակում արդեն «նման սափրագլուխներ եւ հաստագլուխներ իրենց թույլ չեն տա այլեւս այդպես լկտիաբար վարվել ոչ միայն լրագրողների հետ, այլեւ շարքային քաղաքացիների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»