Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Դիլիջանում զոհված ժամկետային զինծառայողի դեպքից

Սեպտեմբեր 12,2014 13:24

«Յուրաքանչյուր նման դեպք մտահոգում է բանակին, մանավանդ, որ 2014-ին առաջին անգամ ենք նման դեպքի հետ առնչվում, հատկապես, քանի որ պայքար է մղվում արատավոր փողոցային բարքերի դեմ: Այն զորամասերում, որտեղ կան թերություններ, դրանք համապատասխան ուղղություն են ստանում և արժանի պատիժն են ստանում: Ինձ թվում է՝ դեպքը տեղի է ունեցել ե՛ւ միջանձնային հարաբերությունների արդյունքում, ե՛ւ փոխվստահության մթնոլորտի բացակայության արդյունքում: Կան վարկածներ, որ դա տնից բերված սննդի թունավորումից է տեղի ունեցել: Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,-այսօր Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանում  կազմակերպված զոհված հերոսներին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Դիլիջանի զորամասում կատարված սպանությանը, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի առավոտյան, ժամը 8-անց 30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանը: Հիվանդանոց տեղափոխելու ժամանակ հրազենային վնասվածքից նա արդեն մահացած է եղել: Սամվել Հարությունյանը սահմանից հեռու էր ծառայում, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ էր:

Սեյրան Օհանյանը մտահոգություն հայտնեց, թե  հատկապես պահեստային, ոչ առաջնային գծերի զորամասերում գրանցված նման դեպքերը իր համար անընդունելի են: Հարցին՝ նման դեպքերի գրանցման պատճառ կարո՞ղ է լինել պարապ մնալը, զինվորների առօրյայի ոչ հագեցվածությունը: Նախարարը պատասխանեց. «Նման արտակարգ պատահարներ տեղի չեն ունենում այն զորամասերում, որտեղ արդյունավետ ուսումնական գործընթաց է կազմակերպվում: Այն զորամասերում են տեղի ունենում, որտեղ անձնակազմը ազատ է, թողտվության մեջ է, ազատ վիճակում սկսում են այս կամ այն բանի մասին մտածել»: Հարցին՝ հետևություններ անե՞լ, որ նման դեպքերը զորամասերում պարապության մատնված լինելու արդյունք են, նախարարը համաձայնեց. «Նման դեպքեր գրանցվելու պատճառներից մեկը նաև պարապ մնալն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930