Բարձրավանը Գորիսի տարածաշրջանի հեռավոր գյուղերից է:Այս գյուղի լուսավոր կետը դպրոցն է, որը տեղավորված է հին, խարխուլ մի շենքում: Դպրոցն այս տարի ունի 6 աշակերտ: Թեև այն միջնակարգ դպրոցի կարգավիճակ ունի, սակայն այստեղ ամենաբարձրը 7-րդ դասարանն է, ուր սովորում է ընդամենը 1 աշակերտ: Ասել է թե, դպրոցը ոչ միայն 2014-2015 ուստարում շրջանավարտ չի ունենա, այլև պատկերը այդպիսին կլինի առաջիկա 4 տարիներին ևս: Կրթօջախն այս ուսումնական տարում 1-ին դասարան էլ չունի: Սակայն Բարձրավանի դպրոցի խնդիրները դրանով չեն եզրափակվում: Կրթօջախը կարիք ունի մասնագետ ուսուցիչների: Քիմիա, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ, ինֆորմատիկա առարկաներն այստեղ չեն անցնում, որովհետև մասնագետ ուսուցիչներ չկան դպրոցում: Ու քանի որ Բարձրավանը գտնվում է Գորիսից բավականին հեռու, քաղաքից էլ բուհեր ավարտածները չեն ցանկանում աշխատել Բարձրավանում: Իհարկե, միայն հեռավորությունը չէ պատճառը, որ մարդիկ չեն ուզում աշխատել գյուղի դպրոցում: Քանի որ ուսուցչի վարձատրությունը կախված է աշակերտների թվից, բնականաբար, վարձատրությունը չնչին գումար է կազմում: Դպրոցի տնօրեն Էդիկ Հովհաննիսյանը պատրաստ է նշված առարկաների դասավանդումը վստահել միայն մեկին: Այդ դեպքում էլ տվյալ մանկավարժի ամսական աշխատավարձը կկազմի 30.000 դրամ: Դպրոցի տնօրենը պատրաստ է գտնել վարձատրության համար նոր ճանապարհներ և այդ աշխատավարձը հասցնել 60.000 դրամի: Սակայն, դարձյալ հարցը դրանով լուծում չի ստանում: Որտեղից գտնել ունիվերսալ մանկավարժ: Կամ կա՞ այդպիսի ուսուցիչ:
Ալվարդ Մեսրոպյան
Գորիս