Սեպտեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանը հրապարակեց Էդիկ Եղիազարյանի ընդդեմ պատասխանող Ռուբիկ Հարությունյանի` վնասի հատուցման պահանջի մասին հայցով վճիռը:
Հայցվորը խնդրել էր պատասխանող Ռուբիկ Հարությունյանից հօգուտ իրեն բռնագանձել 312.000 ՀՀ դրամ, որից 232.000 ՀՀ դրամ` որպես իր բնակարանին պատճառված վնասի հատուցման գումար, 30.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման ծախսերի գումար, 50.000 ՀՀ դրամ`որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաև 6.240 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցվորի ներկայացուցիչներ Ռոբերտ Գրիգորյանը և Ոսկան Եղիազարյանը հայտնել էին, որ Երևանի Բակունցի փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում բնակվող պատասխանողը հանդիսանում է հայցվորի բնակարանի վերևի հարկի հարևանը, որն իր բնակարանում մի քանի տարի է, ինչ տեղադրել է ջեռուցման համակարգ: Տեխնիկական աշխատանքների կամ անորակ ապրանքների տեղադրման պատճառով նրա բնակարանից հաճախ ջուր է ներթափանցում հայցվորի բնակարան, որի հետևանքով բնակարանին պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:
Հայցվորը բազմիցս զգուշացրել է պատասխանողին առկա թերությունները վերացնելու մասին, սակայն թերությունները չեն վերացվել, եւ ջրի ներթափանցումը շարունակվում է տարբեր տեղերից:
Պատասխանող Ռուբիկ Հարությունյանի և նրա ներկայացուցչի` Արմինե Ղասաբողլյանի դիրքորոշումը հետեւյալն էր. 232.000 ՀՀ դրամի վնասի պահանջն անհիմն էր: Ըստ պատասխանողի, ստացված փորձաքննության թիվ 12-2290 եզրակացության ապրանքագիտական մասի համաձայն` բնակարանի ներքին հարդարման պատճառված վնասի համար անհրաժեշտ աշխատանքների շուկայական արժեքը կազմել է 184.000 ՀՀ դրամ, իսկ ջրի ներթափացման պատճառահետևանքային կապին անդադարձ չի կատարվել, նկատի ունենալով, որ նման հարցադրում չի եղել:
Կողմը միջնորդել էր նշանակել շինարարատեխնիկական փորձաքննություն` պարզելու համար ջրի ներթափանցման պատճառահետևանքային կապը:
Դատարանի իրականացրած տեղատեսության արդյունքում պարզվել է, որ բնակարանը շուրջ 40 տարվա վերանորոգված բնակարան է, որը վարձակալական հիմունքներով տրամադրվում է տարբեր ընտանիքների, ովքեր բարեխիղճ վերաբերմունք չեն ցուցաբերում՝ ուղղված բնակարանի պահպանությանը, բնակարանի խոհանոցի և միջանցքի առաստաղին առկա էր փոքրիկ չորացված վնասվածք, որոնց վաղեմությունը հնարավոր չէր որոշել, իսկ այլ վնասվածքներ առկա չեն եղել:
Ըստ պատասխանողի, հայցվորի այն պնդումը, թե ներթափանցած ջրի հետևանքով բնակարանը դարձել է բնակվելու համար ոչ պիտանի, բնակարանի պատերին առկա են բորբոսներ` ժխտվել է իրականացված տեղատեսության արդյունքում.«Հայցվորը փորձում է գումար շորթել պատասխանողից», նկատի ունենալով, որ հայցվորի բնակարանին պատճառված վնասը ոչ մի կապ չունի Ռուբիկ Հարությունյանի բնակարանի ջեռուցման համակարգի անսարքության և ջրի ներթափանցման հետ, ինչը հաստատվել է նաև դատարան ներկայացված նույն շենքի երեք բնակիչների գրավոր հայտարարությամբ:
Լսելով հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով ապացույցները, գնահատելով դրանք, դատարանը գտավ, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Դատարանում գործի քննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման արդյունքում 10.12.2012թ. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ արձանագրել էր, որ փորձագետները միանշանակ պատասխան չեն տվել այն հարցին, թե արդյո՞ք հայցվորի բնակարանի ներքին հարդարմանը հասցված վնասները հաստատապես հետևանք են հանդիսանում պատասխանողի գործողությունների, թե՞ոչ: Ըստ հայցվորի պնդման՝ իր բնակարանին վնաս է հասցվել 2011 և 2012 թվականներին, սակայն, ինչպես պարզվել է փորձագիտական եզրակացության ուսումնասիրությամբ, Երևանի Արաբկիր համայնքի Բակունցի փողոցի նշյալ շենքի հայցվորի բնակարանին պատճառված վնասի վաղեմությունը հնարավոր չի եղել պարզել` համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով:
«Փաստորեն, ոչ վերը նշված փորձագիտական եզրակացությամբ, ոչ էլ դատարանի կողմից իրականացված տեղատեսության արդյունքում չի հաստատվել հայցվորի բնակարանին հասցված վնասի մեջ պատասխանողի մեղքի առկայությունը, որպիսի փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը, ուստի վերջինս էլ պետք է կրի դրա բացասական հետևանքները»,-արձանագրել էր դատարանը:
Դատարանը, հետազոտելով գործում առկա բոլոր ապացույցները, հանգել է այն եզրակացության, որ պատասխանողի գործողություններում բացակայում են վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող վերը նշված տարրերը, այն է` իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագիծը, վնասների ու ոչ օրինաչափ վարքագծի միջև պատճառահետևանքային կապը և պարտապանի մեղքը, ուստի, գտնում է, որ հայցապահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի պահանջներից և այն ենթակա է մերժման:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ