Վերջին երկու ամիսներին Հայաստանում հայրենասիրական բում է։ Ահագնացող արտագաղթի ֆոնին հայրենասիրական ճառեր են ասում հատկապես նրանք, ում պատճառով դատարկվում է երկիրը։ Ընդ որում՝ հայրենասիրությամբ արդարացվում է ամեն ինչ։ Ասենք՝ իշխանավորին հարցնում ես, թե լա՛վ, ո՞նց կարելի է 4-5 դատվածություն ունեցողին մի ամբողջ մարզ վստահել, ասում է՝ ինչո՞ւ եք միայն դատվածությունները հիշում, նա նաեւ կռվել է։ Կամ, ասենք, ինչ-որ գեներալ անընդհատ հայտարարում է, թե ժամանակին իրենք հերոսաբար կռվել են, որպեսզի հայ ժողովուրդն ապրի իր հողի վրա, բայց այդ նույն գեներալն իր մարզում այնպիսի բարքեր է հաստատել, որ նույն «հայ ժողովուրդը» գլուխն առած փախչում է երկրից։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ այսօր Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին պատկանում է 40-50 ընտանիքների, ու մյուսները ստիպված հեռանում են։ Խնդիրն այն է, որ մեր աչքի առաջ պետությունը վերանում է, եւ պետական կառույցներին փոխարինելու է գալիս փողատերերի խավը, իսկ ավելի ճիշտ՝ «քյաշ փողը»։ Տեսեք՝ 90-ականների սկզբին մեր ռազմավարական դաշնակցի՝ Կիրովաբադում տեղաբաշխված 23-րդ դիվիզիան գրավեց Շահումյանի շրջանն ու հանձնեց ադրբեջանցիներին, եւ արդյունքում Շահումյանի շրջանից մոտ 28 հազար հայ տեղահանվեց։ 15-20 տարի հետո ինչ-որ հայ օլիգարխ որոշեց Երեւանում իր վերահսկողության տակ վերցնել մանրածախ առեւտրի ոլորտը, եւ արդյունքում՝ առնվազն 28 հազար մարդ կորցրեց ապրուստի միջոցն ու արտագաղթեց։
Բայց քանի որ այդ մարդը կարգին փող ունի՝ դարձավ պատվավոր երկրապահ։ Փողի իշխանությունը հենց այդպես է հաստատվում։ Եվ, որ ամենակարեւորն է, մեզանում փորձ է արվում լեգիտիմացնել այս վիճակը։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում