«Քաղաքական դաշտը իր ողջ սպեկտրով պատրաստվել է նոր քաղաքական շրջանին: Ես չէի ասի, թե ո՞ւմ քաղաքական օրակարգով կառաջնորդվի հասարակությունը կամ ո՞ւմ կողքին կկանգնի` դա ցույց կտա ժամանակը»,- այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`ամփոփելով հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին քառօրյան:
Նա նկատեց, որ իշխանությունների համար այսօր կարեւոր են սահմանադրական բարեփոխումները, մինչդեռ իրենք չեն կարծում, որ դա է առաջնահերթը: «Մենք տեսնում ենք, որ նույնիսկ գործող Սահմանադրությունը կյանքի չի կոչվում: Մենք կողմ չենք, որ այս պահին վեր են ածել դա առաջնահերթության և ժողովրդի ուշադրությունը փորձում են շեղել այդ կողմ: Դրա ժամանակը չի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը, որում կարծես իշխանափոխության ակնարկ կար, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքը գիտի, թե ինչ է ասում: Բայց, Ծառուկյանի հարցազրույցում ճիշտ շեշտադրումներ կային. «Խոսքը այն հիմնական շեշտադրումներին է վերաբերում ու այն գնահատականին, որ այսպես իսկապես շարունակել հնարավոր չէ: Այս շեշտադրումները այսօր արդիական են, անձամբ ես դրանք կիսում եմ, բայց այլ հարց է, թե ինչպես դրանք պետք է կյանքի կոչվեն, ինչ մեխանիզմ է գտնվելու»:
Ռուբեն Հակոբյանը կարևորեց Քառյակի գործունեության շարունակությունը, քանի որ Քառյակում են այն ուժերը, որոնք, ըստ պատգամավորի, կարող են ժողովրդին ուղորդել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ