Համաշխարհային շուկայում արձանագրվում են միտումներ, որոնց ազդեցությունը մեր տնտեսության վրա կարող է զգալի լինել։
Խնդիրն այն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի համար ամենամեծ նշանակությունն ունեն նավթի եւ գունավոր մետաղների միջազգային գները։ Եթե նավթի գները բարձր են, ապա դրա արդյունքում մեծանում են Ռուսաստանում բնակվող կամ ժամանակավորապես աշխատելու մեկնած մեր հայրենակիցների՝ իրենց հայաստանաբնակ հարազատներին ուղարկվող գումարները՝ մասնավոր տրանսֆերտները։ Դա նրանից է, որ Ռուսաստանի տնտեսությունը մեծ կախում ունի նավթի գնից։ Եթե նավթը թանկանում է, ապա մեծանում են ՌԴ-ից արտահանվող նավթից ստացվող գումարները, եւ ռուսական իշխանությունները ավելի մեծ գումարներ են կարողանում «լցնել» տնտեսության մեջ, ու հենց դրա արդյունքում էլ մեծանում է ՌԴ- ում փող վաստակելու հնարավորությունը նաեւ մեր հայրենակիցների համար։ Եթե նավթը էժանանանում է, ապա արձանագրվում է ճիշտ հակառակ երեւույթը։
Մեր տնտեսության համար մյուս կարեւոր գործոնը գունավոր մետաղների միջազգային գներն են։ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ գունավոր մետաղների հանքաքարերը մեծ տեղ են զբաղեցնում։ Եվ եթե գները իջնում են, ապա մեր տնտեսությունը ավելի քիչ փող է ստանում հանքաքարերի արտահանումից։
Արդեն ավե|ի քան մեկ ամիս է, ինչ սկսել են նվազել ե՛ւ նավթի, ե՛ւ գունավոր մետաղների միջազգային գները։ Դեռ հուլիսի կեսերին նավթի մեկ բարելի գինը Լոնդոնի բորսայում տատանվում էր 110-115 դոլարի սահմաններում։ Անցած երկու ամիսների ընթացքում սահուն նվազելով՝ երեկ գինը հասել է 98 դոլարի։ Այլ կերպ ասած, ընդամենը երկու ամսում նավթը էժանացել է մոտ 15 տոկոսով։ Իհարկե, որեւէ ճշգրիտ բանաձեւ չկա, թե նավթի գնի մեկ տոկոս նվազման արդյունքում որքան են նվազում ՌԴ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները, բայց կապը գրեթե ուղղակի է։ Օգոստոս ամսվա վիճակագրությունը դեռ հրապարակված չէ, բայց ԿԲ-ի տեղեկանքների համաձայն, արդեն հուլիս ամսին ՌԴ-ից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ավելի քան 7 տոկոսով կամ 13 միլիոն դոլարով։ Այսպիսի նվազում արձանագրվել է առաջին անգամ ճգնաժամային համարվող 2009 թվականից այս կողմ։ Սպասվում է, որ օգոստոսին եւ հատկապես սեպտեմբերին նվազումը կլինի, մեղմ ասած, ավելի զգալի։ Ըստ որոշ գնահատականների, նվազումը կարող է հասնել մինչեւ 20-25 տոկոսի։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում